Դիլիջանյան մեդիա ճամբար. Սեմյոնովկան ու իր մարդիկ

-Մեր Տավուշը լավն ա, մեր ժողովուրդը աշխատասեր, աշխատող ժողովուրդ ա, – այսպիսի դրական նոտայով էլ սկսվեց մեր առաջին ֆոտոարշավը դեպի Սեմյոնովկա գյուղ:

Տաքսու վարորդն էր՝ շատախոս, շփվող: Պատմում էր, որ իրենց ցեղում բոլոր տղամարդիկ վարորդ են եղել, որ արդեն հինգ օր է՝ իրենց գյուղացի կանանցից մեկը բարձրացել է սարերն ու չի վերադարձել:  Փնտրել են, փնտրում են, դեռևս միայն գոգնոցն են գտել:

«Գայլի արածը կլինի», – մտածում են մարդիկ:

Սեմյոնովկան փոքրիկ ու հասարակ գյուղ է՝ իր հասարակ, բայց ոչ փոքր մարդկանցով.

-Չէ, ինձ մի նկարեք, ես տղա եմ կորցրել, տղա՜… Գնացեք, ուրիշին նկարեք:

Քայլում ենք գյուղամիջով, լուսանկարում հետաքրքիրը, գեղեցիկը, բայց մեր փնտրածը մարդն է, իսկ մարդ չկա, մարդիկ շատ քիչ են գյուղում:

-Մենա՞կ եք ապրում, – հարցնում եմ մի ծեր կնոջ:

-Չէ՜, Աստված չանի՝ մենակ ապրեմ, ընտանիք ունեմ, թոռներ, – ժպտում է:

Ի՜նչ լավ է, լավ է՝ գոնե այս կինը իրեն երջանիկ է զգում:

Ներկայանում ենք, բացատրում, թե ով ենք, հետո հարցնում՝ դեմ չէ՞ արդյոք լուսանկարվելուն.

-Չէ, այ բալա, ինչի՞ պիտի դեմ լինեմ, նկարի, հա-հա, նկարի, բայց ամոթ ա է, գյուղացի ենք, էլի, դուք որտեղի՞ց եք, եսիմ է…

Մարդիկ իրոք տարբեր են. մի կողմից կանչում են, որ իրենց նկարենք, մյուս կողմից էլ, թե.

-Ինձ չնկարեք, ես կուշտ եմ դրանից. Ֆրանսիայից եկան, նկարեցին, Գերմանիայից էլ, Հունաստանից էլ, Լոսից էլ… Շատ եկան, ու ի՞նչ: Ի՞նչս փոխվեց: Էլի վատ ենք ապրում, շատ վատ, տեսնում եք, էլի: Սուրճ չեմ կարող հյուրասիրել, թոռներս պիտի դպրոց գնան, տետր-գրիչ չեմ կարող առնել: Հա, սենց ենք ապրում, էս ա մեր գյուղի կյանքը, էս…

Տխրում եմ… Իսկապես դա՞ է գյուղի կյանքը կամ դա՞ պիտի լիներ: Ես չգիտեմ, չգիտեմ, բայց ոնց Սարոյանն էր ասում՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է… Երևի: