hayk sargsyan

Սենյակումս

-Հա՜յկ (ռուսական ակցենտով), ինչքա՞ն կարելի ա: Մեկը մտնի քո սենյակ` սրտի կաթված կստանա: Ամեն ինչ չափ ու սահման ունի: Սկոլկը մոժնը: Լավ, մի շաբաթ, 2 շաբաթ, մի ամիս չհավաքեցիր սենյակդ, բայց սա արդեն գագաթնակետն ա: Ասում ես` ինքնուրույն ու անկախ: Տեսնում եմ ինքնուրույնությունդ:

-Մամ, սկսենք նրանից, որ ոչ ոք իրավունք չունի առանց իմ թույլտվության մտնի իմ սենյակ, ու առավել ևս, սրտի կաթված ստանա: Սա իմ անձնական տարածքն է, ու ես եմ տնօրինում, ու ես եմ որոշում, թե ոնց ու երբ մաքրել սենյակս:

-Սա վերջին զգուշացումն էր: Հայկ (չենք մոռանում ռուսական ակցենտի մասին), երեկոյան սենյակդ մաքուր լինի:

-Հա, մամ, իմ հոգու պես մաքուր կլինի:

Ինչ արած, վաղ թե ուշ այս օրը գալու էր: Ինչպես նկատեցիք, ես սենյակս միայն նահանջ տարիներին եմ մաքրում` 4 տարին մեկ: Եթե չեմ սխալվում, վերջինը Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ էր: Հա՜, այդ տարի Ղրիմն էլ Ռուսաստանին միացավ:

Լավ, Հայկ, խորը շունք քաշիր: Հիշիր այն բոլոր մեդիտացիաները, որոնք դու մեկ-մեկ անում ես ու սկսիր: Հենց գրքերից էլ կսկսեմ: Վա՜յ, ինֆորմատիկայիս ու ՀԵՊ-ի դասագրքերը: Ես հոկտեմբերից ման էի գալիս: Ահա թե ուր էիք դուք` մահճակալիս տա՞կ: Ավազակներ, էդ ինձնի՞ց էիք փախել, թե՞ ընկեր Պատուրյանից:

Իսկ սա՞: Իսկ սա իմ կյանքի օրագիրն է, որը ես լրացրել եմ 6 տարի առաջ` 2012 թվականին: Միայն ոչ սա: Եթե դուք կարծում եք, որ միայն 13 տարեկան սիրահարված աղջիկներն են կյանքի օրագիր պահում, ապա շտապեմ ձեզ զարմացնել ու հիասթափեցնել, հերիք է կարծրատիպերով ապրեք:

«Ես ապրել եմ տասը տարի և հասցրել սիրահարվել: Ես ասում եմ` սերը տարիք չի հարցնում: Մարդիկ կան, որ համաձայն չեն այդ արտահայտության հետ, բայց սերը մեզ տրված է ծնված օրվանից մինչև մահվան ժամ»:

Այսպիսի թևավոր խոսքով է սկսում կյանքիս օրագիրը: Հուզիչ էր: Խոստովանում եմ` ուզում եմ հետ տալ:

«Սերը մի երազ է, որը գալիս է և գնում մեկ ակնթարթով: Մարդիկ ճիշտ են ասում, որ սերը կյանք է: Այո, կյանք, որ ընդամենը ապրում է մի ամբողջ դար կամ էլ մեկ վայրկյան»:

Չգիտեմ, թե ինչի ազդեցության տակ էի սա գրելու ժամանակ, բայց չափաբաժինը բավականին մեծ է եղել…

«Անցողիկ են կյանքում գրեթե բոլոր բաները, սակայն սերը` սերը առաջին կմնա մեր սրտի խորքում: Հայկ,10 տարեկան, գ. Ավշար»:

Շահել եմ անպատասխան սեր, բայց կցանկանայի` ուղեղ:

-Հայկո՜ (ավելի ճիշտ` Айко), մաքրում ես, չէ՞, սենյակդ:

-Հա, մամ:

Լավ, սրան հետո կանդրադառնանք, ես պետք է դեռ այս սենյակը մաքրեմ ու դեռ ինչեր եմ գտնելու…