shushan stepanyan portret

Սեր առ մեր կյանքը

Օդանավակայանում էինք: Ինձ նամակ եկավ անձնագրիս ստուգման պահին: Կարդացի, ու ինձ թվաց, թե հերթական անգամ ապատեղեկատվություն է, բայց բութ գիտակցումով մի կերպ հասկացա, որ տեսակը, որն  ամենավեհ արժեքներով  հուլունք-հուլունք զարդարել էր մարդկային երգասեր ու զգացմունքային սրտերը, այլևս չկա:

Բնականաբար, անզուսպ լաց եղա, ու մինչև թռիչքը Ազնավուրի երգերով տարված՝ օդանավակայանում այս ու այն կողմ էի քայլում: Մի տեսակ չէի հավատում: Միշտ լսել եմ, սիրել ու ապրել իր ստեղծած երգերի աշխարհով, բայց երբեք չեմ պատկերացրել իր՝ կյանքիս ու փոքր սրտիս մեջ այդքան տեղ զբաղեցնելը: Նման զգացում ունենում ես հավանաբար միայն կորցնելուց հետո, երբ արդեն սկսում ես զգալ ներսիդ սառը դատարկությունը:

Հասկանո՞ւմ եք՝ ամեն բառը, ամեն նոտան, երգը սեր է առ կյանք, ընտանիք, երկիր ու սեր առ սեր իրենով:

Լսում եմ հիմա էլ  ու թեև ֆրանսերեն չեմ հասկանում, ընկալում եմ իր երգածը: Հեշտ է իր լեզուն հասկանալը, հեշտ է սիրո մասին լսելը: Երբ երգի այդքան անուշ նոտաներն արդեն անբողջությամբ իմն են լինում, ես ինձնով եմ անում տիեզերական ողջ շնչելունն ու դառնում ագահ՝ կլանելով  նոտաների ու երգի հոտը, որը դեռ երկար մնում է գլխումս ու անընդհատ երգվում:

Փշաքաղվելու, անզգայանալու ու անխոս գունատվելու լռություն է, որ հիմա, վստահ եմ, գրեթե համատարած է, անանձնացած:

Գիտե՞ք՝ կորցնելու ցավը համր է, մեկ-մեկ էլ քչախոս, բայց Ազնավուրի դեպքում անվերջանալի շատախոսություն է ու, թերևս, տևական ու չհոգնեցնող:

Շնորհակալ եմ քո գոյությանը, իմ ու մեր բոլորի ամենաԱզնավուր: Շնորհակալ եմ հայի քո տեսակին, որ շատ-շատերին նահանջի խավարի մեջ  լույս է տալու:

«Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել պատյանիս մեջ ու ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար» տողերդ անվերջ պիտի կարդամ, սիրո հավերժական երգերդ պիտի լսեմ ու նման սիրո որոնումներում «ես»-ս կորցնեմ ու փորձեմ քո օրինակով՝ իմ կարողություններով զարմացնել ինքս ինձ առավել, քան ուրիշներին:

Տիեզերքն անեզր է, ու դու երկնքում ես, այն  քո անսահմանությամբ լցրու…