Սեր, բնություն և խաղաղություն

Այս նոյեմբերի 27-ն իմ կյանքում տարբերվեց մյուս բոլոր նոյեմբերների քսանյոթներից նրանով, որ վաղ առավոտյան իմ մի քանի ընկերների հետ ճամփա ընկա Եղեգնաձոր` ծառատունկի: Ծառատունկով հիմնվելու էր մի նոր պուրակ, որը կրելու էր Խաղաղության պուրակ անվանումը: Ծառատունկն սկսվեց հետևյալ խոսքերով. «Մեր մոլորակի մեծագույն սպառնալիքներն այսօր թերևս երկուսն են` բնապահպանական խնդիրներն ու պատերազմները, ահաբեկչությունները: Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է այս խնդիրների լուծման համար: Մեր մոլորակը սկսվում է մեր հայրենիքից, մեր բակից, մեր տնից: Մենք հիմնում ենք խաղաղության պուրակ մեր բակում: Թող մեր տնկած ծառերի «խաղաղության» ծիլերը սփռվեն ամբողջ մոլորակով» և ուղեկցվեց մանկապարտեզի երեխաների խաղաղությանն ու հայրենիքին նվիրված երգերով: 
Պուրակի հարակից շենքում նույն ժամանակ հարսանիք էր, և ծառատունկի մասնակիցները որոշեցին հարսին ու փեսային հրավիրել ծառ տնկելու հենց իրենց բակում հիմնվող պուրակում:

Սա իմ կյանքի առաջին ծառատունկն էր: Ծառ տնկելը չի կարելի համեմատել ոչ մի ուրիշ բանի հետ: Հենց այդ ժամանակ է, որ գիտակցում ես, թե ինչ հեշտ է օգնել բնությանն ապրել: Իմ կյանքի առաջին ծառատունկը կոչված էր միավորելու երկու երնեկ` բնությունն ու խաղաղությունը: Բայց արի ու տես, որ ստացվեց երեքը. սեր, բնություն և խաղաղություն: