mariam yavrumyan

«Սթինգոտ» տրամադրություն

Նորից ավտոբուս: Էս ավտոբուսային տրամադրությունն իսկը ինձ համար է:

Լավ էր, այս անգամ իմ սիրած նստատեղը զբաղված չէր: Դա ամենավերջին շարքի պատուհանի կողմի նստատեղն է: Ծանոթացեք` սա մելանխոլիայի անկյուն է շատերի համար: Էստեղ նստող ամեն մեկի ականջակալներում տարբեր երաժշտություն է: Մեկինը՝ ռոք, մյուսինը` ջազ, այ հա, հենց այդ երրորդինն էլ` Հռիփսիմե Հակոբյան: Այս երրորդի ճաշակը դուրս չեկավ մի փոքր, բայց դե, ճաշակին ընկեր չկա: Նստում են օրեկան հազարավոր մարդիկ, թողնում իրենց հույզերն ու զգացմունքները: Մեկը` ծնողների հետ վիճելը, մյուսը` սիրելիի հետ բաժանումը, այ հա, հենց այդ երրորդն էլ, ճիշտ նկատեցիք, այն մեկը, ում ականջակալներում Հռիփսիմե Հակոբյան է, արևոտ մեկն է ու իր շողերն է թողել նստարանին:

Նստում եմ, ամեն անգամ մտքումս վիճում ծնողներիս հետ ու արև կլանում:

-Որ խնդրեմ՝ Ձեր լսած երգի անունը չէիք ասի՞։

-Առանց խնդրելու, Sting. «Love her when she loves someone else»,- իրականում երգի վերնագիրն այդպես չէր, բայց ես մտքումս իբր կարևոր տողն առանձնացրի։

-Շնորհակալ եմ: Հետաքրքիր է, այս ոճը չեմ սիրում, բայց սա լավն էր, իսկ Ձեր ականջակալների ձայնը շատ բարձր է, կվնասեք Ձեր լսողությունը։

-Ինչ արած, կյանքն է ստիպում,- խոստովանեմ, որ չժպտացի, այլ ուղղակի այտիս ձախ մկանը ձգվեց։

Դե, իսկ մեր չափազանց մտերմիկ զրույցն ընդհատեց նրա «կանգառում կանգնեք»-ը:

Այդ խոսքերը դեռ երկար հնչեցին ականջներումս` որպես իմ լսողությամբ մտահոգված տղայի վերջին խոսքեր: Կամ էլ ուղղակի ուղևորներն էին հաճախ ասում: Ինչևէ:

Թողնում եմ իմ կիսախամրած շողերն ու սթինգոտ տրամադրությունս հաջորդ ուղևորին:

Հանկարծ կանգառում չկանգնեք, այս անգամ դեպի անվերջություն ենք գնում: