Սինդրիկ քաղելու

Երկար ժամանակ էր` հորեղբորս չէինք տեսել: Վերջերս նա մի քանի օրով եկավ մեզ հյուր: Նստած զրուցում էինք, և հանկարծ նա ասաց.

-Երեխեք, նոր մի բան որոշեցի… Վայ թե գնանք հանդը` սինդրիկ քաղելու: Ինչքան վախտ ա` հանդերըմը չեմ ելել: Հը՞, ի՞նչ կասեք:

Տատս մի քիչ վախենալով պատասխանեց.

-Արա, բա որ կրակե՞ն: Էտ րեխանցը էտ ո՞ւր ես վաքըմ, տանըմ:

Հորեղբայրս ասաց.

-Այ մամ, ի՞նչ կրակոց: Կրակոց չկա:

Այդտեղ հորեղբորս պատասխանեցի ես.

-Հա, հոպար, լավ բան ես արաջարկում: Ես մեծ հաճույքով կգամ: Ճիշտ ա, սինդրիկ քաղած չկամ, էս առաջին անգամն ա, բայց ոչինչ:

Քույրերս նույնպես համաձայնեցին: Որոշեցինք կիրակի օրը գնալ մեր հանդերը` տեսնենք` սինդրիկ կա՞, թե` չէ:

Լուսանկարը` Էլինա Աբրահամյանի

Լուսանկարը` Էլինա Աբրահամյանի

Առավոտյան ժամը 7-ն էր: Օրը այդքան էլ լավ չէր սկսել մեզ համար, քանի որ ամբողջ գիշեր անձրև էր եկել, և կրկին ամպամած էր երկինքը: Սակայն մենք ուշադրություն չդարձրեցինք, մտածելով, որ շուտով օրը կպայծառանա, և արևը դուրս կգա: Քանի որ ճանապարհը երկար էր,  գնացինք մեքենայով: Հետո սկսեցինք քայլել մինչև որ հասանք անտառ: Անտառը երևալուն պես մտանք ներս, և ամեն մեկս շարժվեցինք մի ուղղությամբ: Չգիտեի, թե ճանապարհը ուր է տանում, սակայն արագ շարժվեցի առաջ, իհարկե, սինդրիկ հավաքելով: Ամենուրեք գետինը թրջված էր անձրևից, և երկինքը ամբողջովին մառախլապատ էր: Քայլելիս ոտքերս թրջվել էին, մի պահ մտածեցի` հեսա կարող ա հիվանդանամ: Արագ շարժվելով առաջ, հանկարծ լսվեցին հակառակորդի կրակոցները: Այդ պահին չգիտեի` ինչ անել, քանի որ մենակ էի և սկսեցի հետ գնալ: Հետ գնալուն պես տեսա քույրերիս և մնացի նրանց մոտ:

Խուճապը անցավ, սակայն փոքր ինչ վախենում էի: Սկսեցինք հավաքել սինդրիկ ու նաև քաղել սխորիկ`սոխի վայրի տեսակ: Փեշս քիչ-քիչ լցվում էր, քույրս`Էլիտան, առաջարկեց գնալ ծաղիկ հավաքելու: Երկուսով անտառից դուրս եկանք, մի ճանապարհ էր` երկու ուղղություններով: Քանի որ չգիտեինք` ուր են տանում այդ ուղղությունները, ես առաջարկեցի գնալ այն ուղղությամբ, որը կարծես դեպի հակառակորդն էր: Քույրս վախեցավ և հետ դարձավ ճանապարհից: Ես` նույնպես: Բոլորը մեզ էին փնտրում և, լսելով մեր ձայները, կանչեցին մեզ: Հորեղբայրս բարկացավ մեզ վրա, և ես ասացի, որ մեղավորը ես էի, այլ ոչ թե քույրս: Անընդհատ ասում էի` երբ ենք տուն գնալու, քանի որ ոտքերս ամբողջովին թրջված էին:

Լուսանկարը` Էլինա Աբրահամյանի

Լուսանկարը` Էլինա Աբրահամյանի

Օրը այդպես էլ չպայծառացավ: Բոլորս արդեն վերջացրել էինք և շտապեցինք տուն: