Ani avetisyan

Սինդրոմ N.1

Հեռու քաղաքի ոչ մի տեղ չտանող փողոցները խաչվում էին վարդագույն շենքերի արանքում։

Իսկ շենքերը մարդկանց անտարբերությունից փակել էին աչքերը: Թե միջոց ունենային՝ երևի փախչեին քաղաքից, ինչպես մի օր փախան նրանց ներսը լցնողները։ Այնինչ փախչելու համար նախ ուր գնալն իմանալ էր պետք՝ ցեխից դուրս գալով ցեխաջրի մեջ չընկնելու համար։

Մինչդեռ կիսադատարկ, կիսացուրտ ու ջերմությունը ինչ-որ անծանոթ վայրում կորցրած քաղաքում բոլոր շտապում էին: Գնալ՝ ոչ մի տեղ ու չանել ոչինչ: Ու նրանք այդպես էլ անում էին: Մարդկային միտքն անզոր է պատկերացնել, թե ինչ պատասխանատվությամբ է ինքը կատարում իր գործը: Շտապել: Չուշանալու համար չէ, պարզապես շտապել։

Վարդագույն-սպիտակ, գորշ ու շագանակագույն շենքերն էլ արդեն ուղղակի ավել ստվեր գցողներ են դարձել։ Ուշադրություն են գրավում ու խանգարում մարդուն հանգիստ շտապել: Մինչդեռ մարդուն խանգարել պետք չէ, դեռ մի բան էլ ուժ պիտի տաս նրան՝ ավելի քաջությամբ շարունակելու։ Անել ու չանել ոչինչ։

Եթե չկանգնեի ու չթեքվեի մյուս կողմ, երևի անցորդներից մեկն էլ անցներ վրայովս: Շրջվեց, հետ նայեց, ու, իր ժամանակից հինգ վայրկյան կորցնելով շարունակեց գնալ, հոգ չտարավ հետևից երկու վայրկյան ավել պահել դուռը, որ վերջինս չհանդիպի հետևից ներս մտնողի քթին: Իսկ դա մի ժամանակ քաղաքավարություն էին անվանում: Եթե ճիշտ եմ հիշում:

Դե, այն ժամանակ, երբ նրանք դեռ չէին շտապում:

Իսկ ամենակարևորը ժամանակն է , որ մենք չունենք՝ երբեք, ոչ մեկի համար: Կամ, գուցե պահում ենք այն ամենակարևորին, իսկ հետո օրերի կեղտի ու աղմուկի մեջ կարևորներն էլ խառնում անկարևորների հետ ։ Ժամանակն էլ միշտ ի շահ ֆեյսբուքի օգտագործում։

Շտապելով բացում եմ ականջակալներս։ Իմ շտապելն էլ մյուսներինի պես խրոնիկ է դարձել: Քառասուն րոպե կսպասեմ համալսարանում, բայց քայլերս չեմ դանդաղեցնի. պարտականության պես մի բան է դարձել երկու րոպեում երկու կանգառ քայլելը, Ամանորին ծանոթ-անծանոթներին փողոցում տեսնելիս շնորհավորելու նման, էլի։

Շտապելով նայում եմ ականջակալներիս այլմոլորակային տեսածի հայացքով նայող մեկին, փրկվում էլեկտրասյանը դեմ առ դեմ հանդիպելուց, վերջին մեկ-երկու վայրկյանին հասցնում անցնել փողոցը՝մինչ կանաչ մարդուկին կարմիրը փոխարինի, հասցնում եմ նույնիսկ ամեն անգամ մեկ առ մեկ կարդալ մեծ ու փոքր փողոցների անունները։ Հիշելու համար չէ, ուղղակի սիրում եմ:

Չգիտեմ՝ ինչ են հասցնում մյուս բոլոր շտապողներն այն ընթացքում, երբ քայլում են ոչ մի տեղ չտանող փողոցներով, մտածում տեղ հասնելու ու ոչինչ չանելու մասին: Երևի ոմանք մի երկու գեղեցիկ տող են ասում ինձ պես ականջակալներ օգտագործողների մասին, հիշում իրենց ժամանակներն ու հոգոց հանում: Մի երկու հարյուր մետր այն կողմ ականջակալներով մարդն էլ պատասխան հոգոցն է արձակում։ Երևի։

Ոմանք գուցե երկրից գնալու ամենահարմար ուղիներն են ընտրում, ոմանք գտնում սառը քաղաքի ամենաջերմ կադրերը՝ անմահացնելու: Մեկն էլ երևի, ականջներում (ականջակալներով կամ առանց՝ էական չէ) Ֆորշի՝ հին ու նոր քաղաքի մասին երգերից մեկը, ուղղակի անտեսում է ամենը, որ կա աշխարհում, ջերմանում ոչ թե քարե շենքերով, այլ տաք վերարկուով:

Ոմանք…. Ոմանք երևի ոչինչ էլ չեն անում, կամ գուցե թե՝ մի բան, որ չի անցնի կողքինի մտքով, երբևէ:

 Իսկ հետո, հետո և առաջ՝ ես շտապում եմ տուն: Որ հեռու է սառը քաղաքից, հեռու նրա քարերից ու այն՝ ոսկորներիդ հասնող ցրտից, որ ես զգում եմ ամեն անգամ ՝ Երևան գրությամբ քանդակից երկու հարյուր մետր այն կողմ: