Shushan nersisyan

Սիրել չհասցնողների մասին

Մենք հազիվ հասցնում ենք սիրահարվել, ուր մնաց սիրել հասցնենք…

Ողջ մանկության ընթացքում սիրահարվում ենք բակի ամենագեղեցիկ տղային կամ ամենանուրբ ձայնով աղջկան ու հավատում՝ նրանց հետ անցկացրած հերթական օրը չի հասնելու ավարտին: Դպրոցներում սիրահարվում ենք դասարանի ամենալավ սովորողներին ու սրտի աննկարագրելի թրթիռով երազում հերթական տեղափոխության ժամանակ նրա կողքին նստելու մասին: Սիրահարվում ենք դասարանի աղջիկների համար ամեն րոպե կողքի դասարանի տղաների հետ կռվի պատրաստ մեր դասընկերներին: Համալսարաններում սիրահարվում ենք բարձր կուրսի տղաներին կամ ցածր կուրսի աղջիկներին, հանդիպումներ փնտրում դասամիջոցից դասամիջոց: Սիրահարվում ենք լսարանի դուռը պատահաբար բացող տղաներին կամ աստիճաններն արագ բարձրացող աղջիկներին: Մի դասաժամի տևողությամբ սիրահարվում ենք երիտասարդ դասախոսներին: 25 վայրկյանի տևողությամբ սիրահարվում ենք անցումներում, մինչև լուսակիրը կփոխի հերթական գույնը, ու մի քանի գիծ քայլելուց հետո բաժանվում նրանցից: Սիրահարվում ենք ամեն օր մեզ հետ կանգառներում հայտնված անծանոթ աղջիկներին, փողոցում մեզ մի քիչ երկար նայող տղաներին: Մի քանի կանգառի տևողությամբ սիրահարվում ենք մեզ հետ նույն երթուղայինում հայտնված գեղեցիկ ուղևորներին, որոնց կորցնում ենք երբեմն հաջորդ, երբեմն մի քանի կանգառ հետո, ծայրահեղ դեպքում սիրահարվում ենք այդ նույն երթուղայինների վարորդներին ու նրանց հետ գնում մինչև վերջին կանգառ: Խանութներում սիրահարվում ենք գեղեցիկ վաճառողուհիներին կամ երիտասարդ առաքիչներին ու հրճվում նրանց կողմից մեր՝ առաջ գցված հերթերի համար: Սիրահարվում ենք մեր ծնողների ընկերների երեխաներին և ուրախանում՝ իմանալով նրանց հետ կազմակերպվելիք հերթական հավաքույթի մասին: Սիրահարվում ենք մեր եղբայրների ընկերներին ու քույրերի ընկերուհիներին ու նրանց միջոցով հանդիպումներ փնտրում, շոյվում ենք, երբ բարևում են ու մեր անունն արտասանում: Սիրահարվում ենք ընկերական հավաքույթներում, ու հետո փորձում հանդիպումներ ստեղծել, մի պարի տևողությամբ էլ սիրահարվում ենք պարի հրավիրող տղաներին կամ այդ հրավերները չմերժող աղջիկներին: Սիրահարվում ենք թատրոններում՝ մեջտեղի շարքերում նստած տղաներին, զբոսայգիներում՝ միայնակ գիրք կարդացող աղջիկներին: Մենք սիրահարվում ենք սպիտակ վերնաշապիկով տղաների ու մազերն անփույթ հավաքած աղջիկների: Մենք սիրահարվում ենք մեր կարդացած գրքերի հերոսներին, նայած ֆիլմերի հերոսուհիներին: Մենք նույնիսկ համարձակվում ենք սիրահարվել մեր ընկերուհիների ընկերներին կամ ընկերների հավանած աղջիկներին, բայց երբեք չենք համարձակվում սիրել:

Մենք սիրել չգիտենք, մեզ նմանները միայն սիրահարվում են: Սիրահարվում են ու չեն ամաչում դրա համար: Մեզ դուր է գալիս մեկի սանրվածքը, մյուսի ժպիտը, երրորդի պահվածքը, մեկ ուրիշի քայլվածքի ինքնավստահությունը, մեկի ձայնը, մյուսի ճաշակով վանդակավոր վերնաշապիկը: Մեզ նմաները սիրահարվում են անընդհատ, օրական մի քանի անգամ, իսկ սիրել մենք չենք հասցնում…

Սիրելը ծանրակշիռ, լուրջ մարդկանց գործ է, իսկ մեզ նմանները խուսափում են պատասխանատվությունից, մենք խուսափում ենք սիրելուց, որովհետև չափաբաժինը շատ է ու միանգամից, խուսափում ենք սիրելուց, որովհետև այն անցողիկ չէ, այն գալիս է ու չի գնում: Մենք սիրահարվում ենք, որ հանկարծ չսիրենք: Սիրում են հասունները, իսկ մենք այդպես էլ չհասցինք հասունանալ, գուցե էլ երբեք չհասունանանք, դրա համար էլ մեզ սիրում են, իսկ մենք դեռ միայն հասցնում ենք սիրահարվել…