Սիրիր ծերերին

Հոկտեմբերի 1-ը նշվում է որպես տարեցների օր։ Մեզ համար ավանդույթ է դարձել ցանկացած տոնի այցելել օրվա կարևոր դեմքերին, և այս մեկն էլ բացառություն չէր։

Մեր դասարանը հայտնի է որպես ակտիվ դասարան՝ նախաձեռնող, ստեղծող, օգնող։ Դասղեկի հետ միասին որոշեցինք այցելել ծերանոց, որը գտնվում է Կապան քաղաքի գյուղերից մեկում՝ Արծվանիկում, իսկ ծերանոցն էլ կոչվում է «Արծվաբուն»։ Մինչ ծերանոց հասնելը բոլորս անհամբեր էինք, բայց աշխույժ տրամադրություն ունեինք։ Եվ երբ հասանք «Արծվաբուն», տեսանք մեզ սպասող 12 հոգու։ Մի տեսակ տխրություն պատեց մեզ, երբ տեսանք նրանց՝ բարի, գեղեցիկ, մեկը մյուսից ջերմ ժպիտով։ Նրանք մեզ շատ լավ ընդունեցին, ձեռք սեղմեցինք, և մտանք ներս։ Նրանք զբաղեցրին իրենց համար արդեն հարազատ դարձած տեղերը, որոնում էին մեր հայացքները, որ ժպտում էին նրանց արցունքների միջից։

Նախօրոք որոշել էինք նրանց նվեր տանել գուլպաներ, պահածոներ և մուրաբաներ ու մի համեղ տորթ, որից նրանք շատ ուրախացան։ Նաև որոշել էինք մի փոքրիկ համերգային մաս պատրաստել։ Ճիշտ է, բոլորս հուզված էինք, հենց դրա պատճառով մենք ներկայացրինք ընդամենը երկու երգ… Բայց ինչևէ, մենք ցույց չէինք տալիս, որ տխուր ենք, որ հուզված ենք, որովհետև մենք նրանց ժպիտն էինք տեսնում։ Ուրախության մթնոլորտը բարձրացնելու նպատակով մենք երաժշտություն միացրինք և պարեցինք արծվաբունցիների հետ։

Ծերանոցն ունի նշանաբան․ «Սիրի՛ր ծերերին, որ ծերություն ունենաս»։ Այնտեղ աշխատում է հիանալի հոգատար անձնակազմ, որոնք ջերմությամբ ապահովում են տարեցներին։ Ծերանոցում կա հատուկ անկյուն, որտեղ նշված են նրանց ծննդյան օրերը, այցելություններից նկարներ։

Երազում եմ, որ աշխարհում չլինեն ծերանոցներ, ոչ ոք իր ծնողին, տատին կամ պապին չտեսնի ծերանոցում հենց իր իսկ մեղքով։ Աշխարհում չկա վատ ծնող, կա վատ երեխա․ սա իսկապես ճիշտ են ասել։ Նրանցից յուրաքանչյուրն էլ ունի իր պատմությունը, որի մասին պատմում են կարոտալի աչքերն ու փնտրող հայացքը։ Նրանցից յուրաքանչյուրն էլ ունի իր հարազատի կարիքը, ով կխնամի իրեն հենց ծերության օրով, հոգ կտանի իր մասին, կգրկի, ամուր ձեռքը կբռնի ու անսահման ջերմություն կտա…

Արծվաբունցիներին խոստացանք կրկին այցելել։ Պապիկներից մեկն ասաց, որ մեզ նման դեռ ոչ ոք չէր եղել, ինչն էլ ավելի ոգևորեց մեզ։

Մի բարկացեք ձեր ծնողի, տատ ու պապի վրա, խնամեք նրանց։ Հաճախ զանգահարեք ձեր տատիկին ու պապիկին, եթե ձեզնից հեռու են ապրում, խոսեք նրանց հետ, իսկ եթե մոտ են ապրում, հաճախ թեյ խմեք, զրուցեք, խորհուրդ ու պատմություններ լսեք։ Նրանք ձեզ վատ բան չեն ասի…