anna  andreasyan

Սկիզբը

Սովորաբար, երբ 12-րդ դասարանում սովորողները հանկարծ անհետանում են սոցիալական կայքերից, նկարներ չեն տեղադրում իրենց էջում, սկսում են նամակներին ուշ-ուշ պատասխանել, կամ էլ ընդհանրապես չպատասխանել, նշանակում է, որ հասել է այն պահը, երբ նրանք պետք է պատրաստվեն ընդունելության քննություններին: Այս նախաբանը և այն ամենը, ինչ կկարդաք հաջորդիվ, իրականում իմ՝ 17.am-ում և սոցիալկան հարթակներում ակտիվ չլինելու արդարացումն է:

Սկսենք նրանից, որ դեռ մանկուց, տեսնելով ավարտական դասարաններում սովորողներին այդքան ծանրաբեռնված ձևով պատրաստվելիս, փոքր-ինչ վախով, բայց անհամբերությամբ սպասում էի իմ հերթին: Իհարկե, ես չգիտեի, որ նրանք, ովքեր պատրաստվում են քննություններ տալ, կրճատում են քնի ժամերը (սարսափելի մեծ զոհաբերություն, բայց, դե ինչ արած), չեն հասցնում դասերը լիարժեք պատրաստել, ես կասեի՝ ընդհանրապես մոռանում են դասերի մասին, սկսում են երազել հասարակ բաների մասին, ինչպիսիք են ֆիլմ դիտելն ու ընկերների հետ դուրս գնալը: Մի հետաքրքիր բան էլ կա, որ մի քիչ էլ ծիծաղելի է հնչում՝ նրանք սկսում են հաց ուտելը երկար ձգել, որ մի քիչ հանգստանան այդ ընթացքում: Մեկ էլ մի բան, որ պատահեց իմ, բայց հավանաբար ոչ մեծամասնության դեպքում (դե, պատճառը պարզ է, նրանք մինչև այդ էլ սուրճ խմում էին), սկսեցի սուրճ խմել: Ես՝ սուրճի հանդեպ մշտական արհամարհական վերաբերմունք ունեցողս, սուրճ եմ խմում, որ կարողանամ արթուն մնալ:

Լավ, մի ամսվա կուտակված բողոքի ալիքը դուրս հանելուց հետո՝ փորձեմ վերլուծել այս փոփոխությունը մեկ այլ տեսանկյունից՝ ավելի փիլիսոփայորեն: Իրականում կարծում եմ, որ այս պահը կյանքում շրջադարձային է ու մի կարևոր փուլի սկիզբն է մատնանշում: Արդեն սկսում ես հստակեցնել նպատակներդ ու դրանք հերթով իրագործել մեծ երազանքիդ հասնելու համար: Ավելի է հստականում այն ուղին, որով պատրաստվում ես շարժվել ապագայում: Ու եթե անկեղծ, չնայած ծանրաբեռնվածությանը, հաճելի է, երբ գիտես՝ ինչ ես անում և ինչի համար:

Մի խոսքով՝ ամեն ինչ ունի իր լավ ու վատ կողմերը, բայց արժեքավոր ու անգնահատելի է դրականը տեսնելու կարողությունը: Այն նպատակը, որի համար շատ ժամանակ ու էներգիա եմ ծախսում, արժանի է դրան: