laura sekoyan

Սոլակի մոռացվող ավանդույթները

Վերջին շրջանում փորձում էի փնտրել այնպիսի հին ավանդույթներ, որոնք դեռ պահպանվել են գյուղում։

Առաջին բանը, որ աչքի է ընկնում, նորածին երեխաների քառասունք պահելու ավանդույթն է, որը մյուս ավանդույթների պես ևս ոչնչացման եզրին է։ Երբ նորածին երեխաներին հիվանդանոցից տուն են տանում, չի կարելի դռան շեմից ներս տանել նրան, մինչև երեխայի հայրը տուն չմտնի և չդիմավորի երեխային։ Այսինքն՝ ոչ թե հայրը գա տուն՝ երեխային ընդառաջ, այլ երեխան՝ հորը։ Մյուս կողմից՝ մինչև երեխայի քառասունքը լրանալը նրան ոչ մեկը չպետք է տեսնի՝ բացի տան անդամներից։ Երեխայի մայրը ևս տանից քառասուն օր չի կարող դուրս գալ։

Ամենից հետաքրքիրը երեխային քառասունքից դուրս բերելն է։ Այդ գործընթացը կատարելու համար անհրաժեշտ է, որ եկեղեցուց մի կնքված տղա կամ տղամարդ բերի այն ամանը, որի միջի ջրով քահանան լվանում է ձեռքերը։ Ապա երեխայի տատը պետք է քառասուն անգամ այդ թասով ջուր լցնի երեխայի գլխին և վերջում օրհնանքներ ասելով՝ դուրս բերի քառասունքից։ Երեխային բարուրելուց հետո այդ լողանալու ջրից են վերցնում ու օրհնանք ասելով՝ խաչ տանում երեխայի վրայով՝ միաժամանակ ջուրը ցողելով երեխայի վրա։ Յուրաքանչյուր լոգանքից հետո մայրը չպետք է կերակրի երեխային, որպեսզի երեխայի բերանի խոռոչից հետագայում հոտ չգա։ Սա գյուղական ավանդույթներից երևի թե ամենապահպանվածն է։

Ուսումնասիրությանս ընթացքում մեր գյուղում աչքովս ընկավ մի զառամյալ ձի, որը սայլ էր քարշ տալիս, իսկ սայլի վրա նստած էին մի փոքրիկ տղա ու նրա պապիկը։ Այդպիսի բան ես տեսել էի հայկական արտադրության հին ֆիլմերում, միայն սայլի հետևից թափվող խոտն էր պակասում ֆիլմում տեսածս պատկերը ամբողջացնելու համար։ Գյուղի ավանդույթներն ու սովորությունները պահողը ծերերն են, և ես հենց նրանց քայլերին էի հետևում։ Օրերս մի ծեր տատիկ եկավ մեր տուն՝ ձեռնափայտը ձեռքին։ Անկեղծ ասած՝ ես նրան չէի ճանաչում, բայց նրա կնճռոտված դեմքն այնպես էր լուսարձակում, երբ նա զրուցում էր մեր տան ամենափոքր մարդուկի հետ։ Ու ինձ համար ամենահետաքրքիրը այդ զրույցում այն էր, որ տատիկը իր ծոցից հանեց մի խաչբառ` հետաքրքիր փաթեթավորմամբ, որի մեջ նա քաղցրավենիք էր դրել։ Երբ նա տվեց այդ փաթեթը երեխային՝ ես պատկերացնել անգամ չէի կարող, որ այդ թերթի մեջ կարող էր կոնֆետ ու թխվածքաբլիթ լինել։ Եվ վերջապես, ուսումնասիրությունս ապացուցեց, որ սովորույթներն ու ավանդույթները ոչ միայն օգնում են ճիշտ դաստիարակություն ստանալ, այլ ամենից հաճախ ունակ են հաճելիորեն զարմացնել։