«Սոկոն վաքելու»

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Ամեն տարի, երբ  գալիս էր մայիս ամիսը, սկսվում էին իմ ուրախ և հաճելի օրերը: Անհամբեր սպասում էի, թե երբ պետք է դպրոցում փակեմ քառորդս, որպեսզի գնամ Կոթի գյուղ, որ տատիկ – պապիկիս հետ քոչը բարձենք հորեղբորս բեռնատարը և գնանք մեր Ձիան ուրթ սարը: Երևի թե շատերը հարց կտան, թե ի՞նչ է նշանակում քոչը: Քոչը դա մեր սար տարվող իրերն են: Մենք մեքենայով  մեր քոչն ենք տանում սար, իսկ պապիկս ու հայրս 60 կմ ճանապարհը ոտքով մեր անասուններին քշելով էին գալիս դեպի Ձիան ուրթ:

Գյուղի ծայրից սկիզբ առնող ճամփան մեկ` վերև, մեկ` ներքև ձգվելով, մեկ ավազի, մեկ կավի երանգ առնելով, անցնում է լեռների, ձորերի վրայով, հասնում հեռու- հեռվի լեռնամուտի բացատին և բաժանվում է երկու մասի: Մեկը ծառերի մութ, սառը ստվերի տակով իջնում է Կռնավորի ձորը, որ անցնի մի քանի աղբյուրներից կազմված աղմկոտ գետը, բարձրանա իրար հաջորդող բացատները և երկարի դեպի Ձիան ուրթի արոտավայրերը: Իսկ մյուսը քարքարոտ ճանապարհներով անցնում-գնում է Նոյեմբերյանի տարածաշրջանի մյուս գյուղերի սարերը: Այստեղ ուզում եմ մեջբերել իմ հայրենակից Իգնատ Մամյանին.

«Սարերը նույնն են, ինչպես կային  հազար տարի առաջ, և նույնն են լինելու հազար տարի հետո:

Մինչև վերջերս մեր բոլոր սարերը թուրքահունչ անուն ունեին՝ Սրբասարը՝ Գոգդաղ էր, Մեղվասար՝ Չիբլլու, Կոճղասարը՝ Ղարաքյոթուկ և այլն:  Այսպես էր կոչվում, որովհետև Խորհրդային ժամանակներ էին, և իշխանությունները կամենում էին, որ Ադրբեջանի և մեր հարակից վայրերի թուրքերը իրենց հոտերով և նախիրներով ամառնամուտին անարգել այցելեն մեր սարերն ի վեր, իրենց ճամփին փչացնելով ամեն ինչ՝ աղբյուր և մարգագետին: Եվ փառք Աստծո, կայացավ համազգային մեծ զարթոնքը, և թուրքերը իրենց ամեն ինչով հավիտյան քշվեցին մեր ծաղկոտ լանջերից: Սարերը վերագտան իրենց ամբողջական պատկանելիությունը: Մեր սար աշխարhը չունի Զանգեզուրի ժայռեղեն սլացքները, մեր բարձունքները երկնքին առնչվում են մեղմ ու փափուկ կորագծերով, եթե անտառապատ են՝ ամպերի մեջ սուզված հնամյա ծառերով, եթե ոչ` անպայման ուրցաբույր խոտ ու ծաղկունքով: Աշխարհում ոչ մի տեղ ուրցը այդպես թունդ բուրմունք չունի, ինչպես՝ այստեղ: Սարվորները աշնանամուտին իրենց հետ չորացրած ուրցի փնջեր են տանում գյուղ, և Նոյեմբերյան բնաշխարհում սարի ուրցի թեյը ավելի հարգի է տարատեսակ ըմպելիքներից: Եվ այս լանջերի հազարավոր խոտ ու ծաղիկների թագուհին Սրածաղիկն է , ու եթե  երեխաներին հանձնարարվի թղթի վրա պատկերել կարոտը, նրանք պարզապես Սրածաղիկ կնկարեն, որովհետև մանրիկ ոսկեգույն կոկոններով այս ծաղիկը  սիրելի մարդու թանկ վայրերի կարոտի պես, որքան հնանում, այնքան դառնում է ազնվաշունչ:

Ասեմ` ինչի է մեր սարը կոչվում Ձիան ուրթ, որովհետև այստեղ գտնվող սարերը կարծես նման են ձիու թամբին, և տասնյակ տարիներ այստեղ ձիերը ավելի շատ են, քան մյուս սարերում, և այդ պատճառով էլ կոչվում է Ձիան ուրթ: Շատ հին պատմական սար է Ձիան ուրթը, և ափսոս, որ հնարավոր չէ ներկայացնեմ ըստ ամենայնի»:

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Իմ մանկական քաղցր, բարի հիշողությունները բոլորն էլ կապված են սարիս հետ: Ամեն առավոտյան ժամը 5-ին արթնանում էինք, որպեսզի կովերին կթենք և ուղարկենք արածելու: Կթած կաթը սկսում էին մշակել, մի մասից տատս պանիր էր սարքում, իսկ մյուս մասը զտում էի, որպեսզի կաթը և ըրաժանը առանձնանան, և ստացված ըրաժանից էլ տատս կարագ սարքի: Ընդհանրապես սարերում խանութ չի լինում, եթե ինչ որ անհրաժեշտ բան է մեզ պետք լինում, սպասում ենք, թե երբ պետք է շաբաթվա մեջ մեկ կամ երկու անգամ առևտրական մարդիկ մեքենաներով գան, և սկսենք մեզ անհրաժեշտ իրերը առնել: Նշեմ նաև, որ իրերը ոչ թե հայկական դրամով էինք առնում, այլ հենց տնական ու ճերմակ պանիր տալով: Այսինքն, ինչ մեզ պետք էր լինում, վերցնում էինք,  և վերցրածը մոտավորապես դրամի վերածում և այդ դրամի փոխարեն տալիս էինք անհրաժեշտ կիլոգրամանոց պանիր:

Հաճախակի գնում էինք սունկ հավաքելու: Շատ եմ ուզում սունկ հավաքելու գործընթացից մի զվարճալի դեպք պատմել:

Պապիկիս հետ սունկ հավաքելուց արդեն վերադառնում էինք և հանկարծ մի ծառ տեսանք, որի վրա մեր լեզվով ասած շատ «սոկոն» (սունկ) կար: Պապս ասաց.

-Վահան ջան, էս ծառը հիշի, որ գնաս ըրեխեքին վեկալես, գաս մնացած սոկոնը վաքես:

-Արխային, պապի,- ասացի ես, – հիշողությունից լավ եմ, կհիշեմ տեղը, կգանք համ էս սոկոնը կվաքենք, համ էլ մնացածը, համ էլ վա՞խըմ ես ըսքան  ծառերի վրից սոկոն չճարենք, որ եթե էս ծառը չհիշեմ:

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Եվ մենք անտառից դուրս եկանք ու գնացինք մեր օդեն (օդեն դա մեր կացարանն է, որտեղ մնում ենք) և իմ տարիքային երեխաներին ձեն տալով հավաքեցի և ասացի.

-Ըրեխե՛ք, պապուս հետ սոկոն վաքելու տեղից եմ գալի: Մի վենձ ծառ կա վեր ընգած, եկեք վաքվենք, գնանք վաքենք սոկոնը, համ էլ թե կարանք, սինդրիկ էլ կբերենք:

Նկատեցի, որ իմ հավատարիմ ընկերը՝ Փոլին էլ էր ուզում գալ, բայց ես իրեն չարձակեցի, որ գա մեզ հետ: Փոլին իմ հավատարիմ ընկերն էր, և ուր էլ գնայի, իրեն տանում էի հետս: Դե, բացի նրանից, որ Փոլին իմ գամփռ գազան շունն էր, նաև անվտանգությանս պետն էր: Հավաքվեցինք և գնացինք «սոկոն վաքելու»: Մտանք անտառ և թարսի պես մտքիցս թռել էր այն տեղը, որտեղ որ պապս ցույց էր տվել սոկոնով լիքը ծառը, բայց քանի որ մեր այդ խմբի, այսպես ասած, ղեկավարը ես էի, չուզեցի բարձրաձայնեմ, որ տեղը մոռացել եմ: Ահագին սունկ էինք հավաքել և խորացել էինք անտառի մեջ: Արդեն ուզում էինք հետ գալ, բայց այդտեղ նորից բախտս չէր բերել. մոռացել էի հետ գնալու ճանապարհը, և ինձանից գոհ-գոհ, նորից չէի ուզում բարձրաձայնել այդ ամենի մասին: Մեկ էլ ընկերներիցս մեկը ասաց.

-Ա՜, Վահան, ճիշտն ասա` դուլա՞ճ ենք ընգել:

Ես էլ պատասխանեցի.

-Ա՜, ի՞նչ ես շա՛շ-շա՛շ խոսըմ: Սաղ օրը էս անտառի մեջ եմ, եթե ճամփեն գիդենայի ոչ, ձեզ բերիլ չէի:

Բայց ինչպես երևում էր բացի այն, որ պապուս ցույց տված ծառն էի մոռացել, նաև տուն գնալու ճանապարհն էլ էի մոռացել, և  ոնց երևաց, պապիկիս մոտ գլուխս էի գովել և ասել` հիշողությունից լավ եմ: Սկսեցի մի պահ  ինքս ինձ հետ զրույցի բռնվել.

-Ախր Վահան, ինչի՞ անիմաստ տեղը գլուխդ գովեցիր: Բա որ չկարենանք «դուլաճ ընգած» տեղից տուն դարձի ճանապարհը գտնենք: Մի՞թե էդքան համարձակություն չունես ընկերներիդ ճիշտը ասելու:

Ընդհանրապես ես քիչ եմ վախենում ինչ-որ բանից, բայց սկսեցի վախենալ , որ և՛  «դուլաճ ենք ընկել», և՛ այլևս ընկերներս ինձ չեն հավատա և ինձնից իմ այս վատ քայլի համար կնեղանան: Սակայն ներքին ձայնս ինձ հուշում էր, որ ամեն ինչ լավ է լինելու, և կրկին անգամ ներքին ձայնիս հավատալով տարօրինակ ժպիտ էր դեմքիս երևում: Չգիտես ինչու, վստահ էի, որ ուր որ է` հավատարիմ ընկերս կգա և կգտնի մեզ: Եվ այդ ժամանակ կարծես զուգադիպեց, ինձ օգնության հասավ անվտանգությանս պետը՝ Փոլին: Երևի զգացել էր, որ իր ընկերոջ հետ ինչ-որ տարօրինակ բան է պատահել, և եկել էր օգնության: Ճիշտ է, ընկերներս ուրախացան, որ շունս եկել էր, բայց ավելի շատ ես էի ուրախացել, որովհետև գիտեի, որ անտառից դուրս կգանք: Արդեն քիչ էր մնացել, որ անտառից դուրս գայինք, պատահաբար նկատեցի պապուս ցույց տված ծառը:

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Ես էլ ինձնից գոհ ասացի.

-Ա՜, տեհա՞ք, որ ո՛չ դուլաճ ենք ընգել, ո՛չ էլ ծառի տեղն եմ մոռացել: Ինչքան սոկոն կա, արագ վաքեք, որ արդեն ուշ ա, գնանք ուրթը:

Բայց էլ ի՞նչ սունկ հավաքենք, արդեն մեր բերած ուսապարկերը լցվել էին, բայց ամեն դեպքում մնացած սունկն էլ հավաքեցինք ու վերադարձանք:

Եվ արդեն բացելով գաղտնիքը, ուզում եմ դիմեմ բոլոր ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ընկերներիս, ովքեր կարդում են.  «Կներեք, ընկերներ ջան, որ ձեզ հետ այդքան դաժան եմ վարվել և չեմ ասել, որ կորել ենք»:

Ցավոք սրտի, այսուհետ հնարավոր չէ ամբողջ ամառը անցկացնել այդ հրաշք վայրում, որտեղ բացի մաքուր օդից, նաև ինձ դուր էր գալիս նաև, որ ո՛չ բջջային հեռախոսի կապ կար և ո՛չ էլ էլեկտրաէներգիա: Եթե մարդ ուզում է լիաթոք հանգստանա և կտրվի հոգսերից, խորհուրդ կտամ գնա նման հրաշալի վայր:

Այնտեղի մեր օդեն մենք քանդեցինք 2009 թվականի ամռանը՝ տատիկիս մահվանից մոտավորապես  երկու ամիս անց, և այնտեղ թողնելով  մեր թոնիրը և իմ ու եղբայրներիս կողմից տնկած խնձրի ծառը:

Վերջերս համացանցով մեր սարից մի վիդեո նայեցի, որտեղ երևում էր մեր օդի տեղանքը և արդեն հսկա խնձորի ծառը, որը կարծես կարոտից գլուխը կախել էր և սպասում էր, թե երբ պետք է իր տերերը գան և նորից սկսեն իրեն ջրելը: