«Սովետի» ժառանգությունը

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

-Էլիզ, բարև, ո՞նց ես։

-Բարև, լավ չեմ։

-Հա, մի գնա էսօր էլ։ Որ մի օր էլ չգնաս՝ ի՞նչ պիտի լինի։

-Չեմ կարա…

-Էլիզ, ինչի՞ ես աշխատում։

-Էն դարում ու էն երկրում ենք ապրում, Թին… Զուտ գումարի համար չեմ աշխատում, այլ հիմա պատրաստվում եմ մեծ կյանք մտնելուն։ Ոչ թե գնում եմ բանվորություն անում, այլ մասնագիտացված եմ աշխատում։ Հետագան տեսնելով ու արդեն իսկ զգալով։ Որովհետև ստիպում ա երկիրը։ Երբ ծնողիդ աշխատավարձը կազմում ա 50.000, իսկ կոմունալները լրիվ իրար հետ՝ 100.000։ Ստիպված ես օգնել, եթե ուզում ես բարեկեցիկ ապրել։ Երբ տեսնում ես, որ ծնողդ ամեն ինչ անում ա քո լավ ու ապահովված ապագայի համար, իսկ երկիրը՝ չէ։
Մենք ձեր նման չենք, հարգելի «մեծ» սերունդ։ Դուք, ձեզ մեզնից ավելի խելացի, բանիմաց ու փորձառու համարողներդ, ինչպիսի՞ կյանք եք տեսել։ Դուք ուղղակի միանգամից՝ պետականորեն ունեցել եք ձեր աշխատանքը ու մինիմալ աշխատավարձով «յոլա» եք գնացել։ Իմացել եք, որ վաղվա օրվա վրա հույս դնել կարող եք։ Իսկ ի՞նչ ունենք մենք։ Ոչի՛նչ, բացի անորոշությունից։ Մենք ծնված օրից ենք ստիպված եղել սովորել պայքարի մեջ մտնել։
Դուք փորձում եք սահմանափակել մեզ ամեն կերպ։ Ինչ հագնելուց մինչև ինչ խոսել։ Դուք փակում եք մեր բերանները։
Մեր սերնդին թույլ չեք տալիս ասել էն, ինչ մտածում ենք, հատկապես վերջին իրադարձությունների վերաբերյալ։ Փորձում եք զրկել ազատ խոսելու իրավունքից՝ «անչափահաս» ու «տաքարյուն» պիտակավորումը տալով։
Մեր սերնդին «փչացած» եք անվանում։ Մի անգամ մի տեղ կարդացի մոտավոր սենց մի բան. «Էնքան մեր սերնդին փչացած ասացին՝ փչացանք»։ Չէ՛, ասում եմ, սու՛տ է։ Հենց մենք ենք իսկական սերունդը։ Մենք, որ «սովետ» չենք տեսել, «սովետի» սերունդ չենք ու չենք հանդուրժում ստրուկի կյանքով ապրելը։ Մենք, որ պայքարում ենք, մենք, որ երբեք չենք կռանում ու գլուխներս չենք կախում, այլ բարձր պահած առաջ ենք նայում։ Մենք, որ չենք հանձնվում։
Էս խառը իրավիճակների մասին, հատկապես դուք, մեծեր, ասում եք, որ անիմաստ է, ոչնչի չենք հասնի, անիմաստ իրենց են կոտորում ցուցարարները։ Բայց մենք հանձնվելու մտադրություն չունենք։
Երեկ ընկերներիցս մեկի հետ էի խոսում։ Ասացի, որ քաղաքիս բնակիչները, մեծամասամբ դպրոցիս աշակերտները, ցույցի են գնում։ Ասացի, որ հնարավորություն չունեմ ես էլ մասնակցելու։
-Հաս, մի մեղադրի էլի ինձ։
-Քե՞զ։ Չէ, Թին։ Ինչ կարողացել ես՝ արել ես։ Մի՛ նեղվի։
Ընտրությունների նախօրեն էր՝ երկու դասընկերներիս հետ որոշեցի «#մերժիրսերժին» գրությամբ սթիքերներ փակցնել Եղվարդի տարբեր մասերում։ Գիտեի, որ դրանով ոչ մի օգուտ չի լինելու, բայց շարունակում էի։
-Ո՞վ ա ասել, որ սենց բան անեք։
-Ոչ մեկ։ Մոռանում եք, որ մենք անկախության սերունդ ենք։ Մեզ ոչ մեկի հրամանը կամ կարգադրությունը պետք չի որևէ բան անելու համար։ Ինքներս ենք որոշել անել ու անում ենք։

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

Հաջորդ օրը բոլորդ դպրոցում մեզ ասում էիք, որ մենք փոքր ենք, անչափահաս ենք։ Մենք ի՞նչ կարող ենք հասկանալ էս ամենից։ Մեզ պարզապես պատճառ է պետք՝ դասերին նորմալ չնստելու։ Չէ՛, ասում եմ, հենց մենք ենք հասկանում էս ամենից։ Ես, Էլիզան, Անուշիկը ու էլի լիքը-լիքը մարդիկ՝ անչափահաս, ովքեր գրեթե ծնողի, կամ ծնողների երեսը չեն տեսնում։ Ում ծնողները օր ու գիշեր աշխատում են ու արդյունքի չեն հասնում։ Էն ժամանակը, որ պիտի մե՛ր, իրենց անչափահաս երեխաների վրա ծախսվեր, ծախսվում է օտարության մեջ, երբեմն լրիվ մեն-մենակ, գումար աշխատելու վրա։
Դուք, էդպես խոսողներդ, գուցե խնդիրներ չունեք։ Ձեր երեխաները կամ թոռները ծնողական ջերմության պակաս չունեն գուցե, դրա համար հեշտ եք խոսում…
Բա, որ անչափահաս ենք, բա, որ ոչինչ չենք հասկանում, ինչի՞ ենք ընտանիքի կարոտը սրտներումս ապրում։
Ծանոթներիցս մեկն էր, Էլիզային ասաց.
-Էդ էն դպրոցն ա, որ շաբաթը 5 օր 7 ժամով գալի՞ս ես։
Դե արի ու բացատրի, որ, այ խելոք, էս մարդը մեղավո՞ր է, որ ոչ նախագահի (արդեն վարչապետի) եղբոր երեխան է, ոչ էլ հարուստ ընտանիքից է ու ստիպված է դասերի հաշվին աշխատել, ընտանիքին օգնել։ Հա՛, 16 տարեկանում։ Ստիպվա՛ծ է։