elizabet harutyunyan

Սովորեցի

Ամանորյա տրամադրությանը մենակ չդադարող անձրևն էր պակասում։

28 համարի մանուշակագույն ավտոբուսով Կոմիտասից տուն եմ գնում: Չէ, ոչ թե գնում եմ, այլ գնում ենք. ես ու մայրս։ Վարորդի նստարանի հետևում երկու նստարան կա, երևի կհիշեք, եթե չեք հիշում, նստելիս ուշադիր կլինեք։ Հա, հենց էդ երկուսի դիմացը կան ևս 3 թե 4 նստարան, չեմ նկատել, որովհետև ես ու մայրս հենց էդ երկուսի դիմացն էինք նստած, և ինձ չէին հետաքրքրում կողքիս մարդիկ և առավել ևս նստարանների թիվը։ Ես մի ձեռքով թևանցուկ էի արել մորս և գլուխս էլ դրել ուսին, ժամանակ առ ժամանակ գլուխս բարձրացնում էի և նայում նրան։

Ես զգացել եմ, որ երթուղայինում մարդիկ անջատվում են իրականությունից և ընկնում երազանքների գիրկը, կամ էլ հակառակը, սկսում են վերհիշել իրենց թե ուրախ, և թե տխուր պահերը։ Մայրս նայում էր պատուհանից դուրս, երևի անձրևն էր գրավում նրան։ Մեր դիմաց նստած էին մայր և աղջիկ։ Աղջիկը իմ դիմացն էր։ Ուներ գեղեցիկ դիմագծեր, չնայած նրան, որ գլխարկը իջեցրել էր ունքերին, ես կարողացա ընկալել նրա ողջ գեղեցկությունը։ Նա ինձանից փոքր էր երևում՝ դիմագծերով, իսկ մարմնով ինձանից մեծ էր։ Շատ պատահական նկարչի աչքով նկատեցի իր դեմքին ժպիտ, շուրթերը բարակ էին, ուղիղ քիթը՝ ոչ մեծ և ոչ էլ փոքր, աչքերը երջանիկ էին, փնտրում էին կարծես ինչ որ մեկին և իրենց տեղը չէին գտնում։ Մեկ-֊մեկ աչքերը տանում էր պատուհանի կողմ, և կարծես ինչ֊որ բան հիշելով, հրճվում էր։ Ամանորյա հրաշքի սպասող սիրահարված պատանու էր նման։ Նա մորից բավականին հեռու էր նստած, կարծես մագնիսի հակադիր բևեռներ, իրարից հեռացած էին, իմ և մայրիկիս հակապատկերը։
Նրա մայրը հայացքը չէր պոկում մի կետից։ Ինձ թվում էր՝ նրա աչքերը ուղղակի բաց էին փակ չլինելու համար: Ախր, այն, ինչի վրա կանգ էին առել նրա աչքերը, նա չէր տեսնում։ Նա մտքերով գնացել էր հեռու, կամ էլ մոտիկ՝ սպասվող Ամանոր։ Երևում էր, որ ապրում են ոչ այնքան բարեկեցիկ կյանքով, և Ամանորը, ինչպես շատերիս, այնպես էլ իրենց դրամապանակին մեծ հարված էր։ Կնոջ համար դա մեծ ապրումներ էին։ Նրա դեմքին նայելիս կարողանում էի կարդալ մտքերը։ Նա երևի մտածում էր ծախսերի մասին: Չանել կամ անել կիսատ-պռատ, հնարավոր չէր: Ախր, մեծ աղջկա տեր մարդ է, պետք էր լուծում գտնել։ Նրա մտքերի մեջ չէի ուզում խորանալ։ Իմ հայացքը կարծես նկատել էր և նայեց մի պահ ինձ։ Համարյա աղջկա դիմագծերն էին, ուղղակի արդեն ծերացած կյանքի հոգսերից։
Դիմացիս աղջկա դեմքից ժպիտը, որը նա փորձում էր ամեն կերպ թաքցնել, չէր անհետանում։ Նրան չէին հուզում մոր մտքերը, կամ էլ նա չգիտեր հոգսերի մասին, բայց մի պատանի, որը գողացել էր նրա սիրտը, ձգում էր դեպի իրեն աղջկա միտքը։
Մայր և աղջիկ մեկ-մեկ հայացք էին գցում իմ և մորս վրա։ Ես լուռ հետևում էի, իսկ ականջակալներումս ամանորյա սպասումով լսվում էր Ed Sheeran-ի Perfect երգը։ Հենց այս երգով ես ճանապարհեցի նրանց, ուղեվարձը տվեցին և իջան։

Մեր դիմացի տեղերը երկար թափուր չմնացին։ Եկավ մի փոքր տղա, նստեց դիմացս և նկատելով իմ ուշադիր հայացքը, կողքին նստած կնոջ ականջին մի բան ասաց։ Կարծում եմ, նա էլ էր մայրիկի հետ։ Նա ինձ էր նայում մեծ աչքերով և ուտում էր իր կարկանդակը էնպիսի ախորժակով, որ ես էլ սովածացա։ Աչքերի մեջ որևէ միտք չգտա: Նա ուղղակի վայելում էր իր նոր թխված և բավականին տաք կարկանդակը։ Նրա մայրը մի ձեռքով գրկել էր որդուն և աչքը չէր պոկում նրանից։ Սիրող և անհոգ մայր էր երևում։ Հաճախ անձեռոցիկը տանում էր դեպի որդու բերանը և զգուշությամբ մաքրում այն։
Նրանց իջնելուց հետո դիմացս նստեց մի պապիկ։ Շա՜տ պապիկ էր, նրա ծերությունը կարելի էր հաշվել աչքերի շուրջը առաջացած կնճիռներով: Մեկը հավասար է տասը տարվա։ Ես պարզ հիշում եմ, որ ութը հաշվեցի։ Նրա աչքերը անչափ գեղեցիկ կապույտ էին, սկսեցի պատկերացնել, թե ինչքան գեղեցիկ է եղել պատանեկության տարիներին։ Նա իր կնոջը կորցրածի տեսք ուներ։ Ես պատրաստվում էի ավելի ուշադիր զննել ինձ արդեն հարազատ դարձած պապիկին, բայց մեր իջնելու ժամանակն էր։
Մուլտերի աշխարհից մինչև Եղվարդ-Երևան գազելի կանգառը ես հաշվեցի 40 ջրափոս, որոնք միայն լցվում էին ներկա պահին տեղացող անձրևի կաթիլներով։ Դիմացովս քայլում և ջրափոսերն էր հաշվում մի տղա։ Ի տարբերություն ինձ, նա ջրափոսի հանդիպելիս նաև չափում էր խորությունը՝ ոտքը ջրի մեջ ընկղմելով։
Չգիտեմ, ուրախանալ, որ շուտով Ամանոր է, թե՞ տխրել գալիք ծախսերի համար, որի պատճառով երթուղայինում էդպիսի մտամոլոր դեմքեր են հանդիպում։ Ուրախանա՞լ ձմռան ցրտին թե՞ տխրել ձյան բացակայության համար, որի պատճառով տղայի մայրը ստիպված էր այդ կոշիկները և տաբատը նույն օրը երեկոյան լվանալ։

Տարվա սկզբում գրում էի, որ ուզում եմ մտքեր կարդալ, սովորեցի…