Mishel Harutyunyan

Սուրբ Սարգիսը

Երիտասարդների ամենասիրած տոներից մեկը Ս. Սարգիսն է։ Հայերը այն նշում են մեծ շուքով։ Ս. Սարգսի տոնը հայ եկեղեցու շարժական տոներից է և նշվում է հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին։ Ս. Սարգսի ծիսակատարություններից միայն մեկ սովորույթ է մինչ օրս պահպանվել, այնինչ հնում տոնը այլ ձևով է նշվել։ Օրինակ՝ հայերը հնգօրյա պահք էին պահում, ցորենից խաշիլ և փոխինձ էին պատրաստում։ Ուրբաթ գիշերը տանտիկինները սկուտեղի վրա փոխինձ էին լցնում, հարթեցնում և դնում պատուհանի գոգին։ Նրանք վստահ էին, որ Ս. Սարգիսը իր ձիով այդ գիշեր պիտի այցելի իրենց, և որպես իր այցելության նշան, ձիու պայտի հետքը պիտի թողնի փոխինձի վրա։ Որպեսզի Ս. Սարգիսը հեշտությամբ մտներ տուն, շատերը տան դուռը բաց էին թողնում։ Շաբաթ առավոտյան բոլորը շտապում էին տեսնելու՝ Ս. Սարգիսը այցելե՞լ է արդյոք իրենց: Եթե հանկարծ նշմարվում էր ձիու պայտի հետքը, անչափ երջանկություն և հաջողություն էր սպասվում այդ ընտանիքում, և այդ մասին իմանում էին բոլորը՝ բարեկամները, հարազատները, հարևանները։ Սակայն լինում էին դեպքեր, երբ մարդիկ իրենք էին պայտը հպում փոխինձին։ Դրա համար էլ կային մարդիկ, որոնք չէին հավատում այդ ամենին։ Մայրս պատմում է.

-Ս. Սարգսի տոնի նախորդ ուրբաթ գիշերը, բոլորի նման, մենք էլ էինք փոխինձով սկուտեղ դրել տանիքին։ Առավոտյան, երբ տեսանք դրոշմած  փոխինձը, շատ ուրախացանք, սակայն դրա հետ մեկտեղ, նաև շատ զարմացանք։ Փաստորեն Սարգիս զորավարը գիշերն այցելել էր մեզ, և որպես նշան, թողել էր իր ձիու պայտի հետքը։ Ում էլ պատմում էինք, չէին հավատում, կարծում էին՝ մենք էինք հպել պայտի հետքը փոխինձին։

Ուրբաթ երեկոյան, չամուսնացած աղջիկներն ու պատանիները, նույն այդ փոխինձից աղի բլիթ էին պատրաստում և ուտում։ Գիշերը՝ երազում, ով իրեն ջուր տար, նա էլ պետք է լիներ իր փեսացուն կամ  հարսնացուն։ Տատիկս ասում է, որ նաև հետևում էին, թե ինչ բաժակով են ջուր տալիս իրենց՝ կավե, արծաթե, թե ոսկյա։ Եթե ջուր էին տալիս ոսկյա բաժակով, ուրեմն ընտրյալը հարուստ մարդ է լինելու, եթե կավե՝ ուրեմն աղքատ, իսկ եթե արծաթե՝ ուրեմն այդքան էլ հարուստ չի լինի։ Ս. Սարգսի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր։