mariam tonoyan

Սպասումի վայրկենաչափը

«Երկնքից գլխիդ ինչ էլ որ թափվի, երբեք չպետք է հայհոյես։ Անձրևը ներառյալ։ Վերևից գլխիդ ինչ էլ ընկնի, պետք է ընդունես։ Անձրևն ինչքան էլ ուժեղ լինի, փոթորիկն ինչքան էլ սառը լինի, չպետք է հայհոյես այն, ինչ ամպերը ճիշտ են գտել մեզ՝ ներքևում գտնվողներիս համար։ Աշխարհի կարգն է այդպիսին»։

Էլիֆ Շաֆաք «Ստամբուլի բիճը»

Չգիտեմ, թե այդ ինչ էր, որ երկնքից նման ուժգնությամբ գլխիս թափվեց, բայց անկման հարվածից դեռ գիտակցությունս մթագնած է։ Հարվածը, որը բեկում մտցրեց իմ կյանք, որը տողադարձեց իմ կյանքը՝ բաժանելով նախքան և հետո այս պահի, մինչ այժմ իմ ապրած կյանքի ամենացավալի ձախողումն էր, ամենաանվերադարձ թվացող կորուստը և ամենամեծ դասը, որ վաղ թե ուշ պետք է սերտեի կյանքի այս կամ այն հատվածում։

Ժաննան՝ իմ սիրելի կոլեգաներից մեկը, ով սովորաբար հետաքրքիր ծրագրերի մասնակցության հայտադիմումներ է ուղարկում ինձ՝ հորդորելով մասնակցել, այդ անգամ գտել էր ինձ համար ամենացանկալին. փոխանակման ծրագիր, որին մասնակցելու համար ընտրվելու դեպքում հնարավորություն կունենայի լինել իմ երազանքների երկրում՝ Գերմանիայում։ Ծրագիրը 18-30 տարեկան անձանց համար էր, և չնայած՝ 18-ս լրանալուն դեռ մի քանի ամիս կար, ես մտքումս արդեն վճռել էի՝ ամեն գնով ստանալ ծնողներիս համաձայնությունը և հայտ ներկայացնել։ Չէ՞ որ արդյունքում հաճելին և օգտակարը մեկտեղվելու էին, իսկ երազանքս՝ իրականանալու, և բացի այդ՝ ի՞նչ պետք է փոխեր այդ մի քանի ամիսը։

Չեմ հիշում, թե որ տարիքում է ինձ մոտ հասունացել մեծ սերը դեպի այդ օրինապահ երկիրը, դեպի այդ փառահեղ, խորհրդավոր, կոպիտ ու վեհահունչ լեզուն, որով հաղորդակցվում է այդ մաքրասեր, պարտաճանաչ, ազնվացեղ արիական ազգը։ Իսկ փաստը մնում է փաստ, որ ստեղծագործելուց բացի միակ զբաղմունքը, որից ես երբեք չեմ ձանձրացել, միշտ կապված է եղել այդ երկրի հետ. Գերմանիայի պատմության, տեսարժան վայրերի, մշակույթի մասին անվերջանալի տեղեկություններ դուրս գրել, գերմաներեն սովորել, ագահորեն բառարաններ քրքրել ու յուրաքանչյուր նոր բառ սովորելիս հրճվել, գերմանացի գրողների (հատկապես՝ Հերման Հեսսեի) գրքերը բարձիս տակ ունենալ, ինչ-որ շրջապատում Գերմանիայից կամ գերմաներենից խոսք գնալու դեպքում մարդկանց՝ դեպի ինձ շրջված հայացքներից աչքերս պսպղացնել։ Ահա, թե ինչպիսի սերն ինձ ստիպեց ստանալ ծնողներիս համաձայնությունը և դիմել ծրագրին՝ անկախ ամեն ինչից, կընտրվեի, թե ոչ, որովհետև եթե չփորձեի, միշտ մի ներքին կասկած մեղադրելու էր ինձ։

Սպասման կեղեքիչ վայրկենաչափը կարելի էր համարել միացված։ Ամեն վայրկյանը սպասում էր, ամեն սպասման րոպեն ծանր էր, ինչպես ժայռից պոկված հսկա բեկորը, որը պետք է իր տեղը գլորեի։ Իսկ րոպեն դառնում էր ժամ, ժամը՝ օր։ Անցավ երկու օր, երբ ստացա սպասված զանգը. «Շնորհավորում ենք, Դուք ընտրվել եք փոխանակման ծրագրին մասնակցելու համար։ Խնդրում ենք ներկայանալ հարցազրույցի»։

Արցունքաշաղախ աչքերով, մինչև ականջներս ձգված լայն ժպիտով, կիսախելագարի նման երջանիկ երգ երգելով՝ դպրոցից վերջապես հասա տուն։ Ուրախալի լուրը հայտնեցի ծնողներիս և կրկին ստիպված էի սպասել հաջորդ օրվա հարցազրույցին, որը նույնիսկ չէի պատկերացնում, թե իրենից ինչ էր ներկայացնում, և թե ինչ հարցեր էին տրվելու։ Որոշեցի ինձուինձ պատրաստվել, չնայած միշտ համարել եմ, որ ամեն ինչ ավելի հաջող է ստացվում հենց տվյալ պահին՝ առանց նախնական պատրաստությունների։ Ծրագիրը երիտասարդների խնդիրների լուծմանը հենց իրենց՝ երիտասարդներին ներգրավելու մասին էր, ուստի՝ կետ առ կետ առանձնացրեցի երիտասարդներին վերաբերող խնդիրներ և համապատասխանաբար լուծումներ սղագրեցի։ Ապա քրքրեցի գրադարակիս «արխիվը», գտա հին տետրերս, որի մեջ նշումներ էի արել, թե ինչպես ճիշտ ներկայանալ հարցազրույցի աշխատանքի ընդունվելուց առաջ (ճիշտ է, սա աշխատանքի ընդունվելու հարցազրույց չէր, բայց ոչ պակաս կարևոր էր), կարդացի ու փորձեցի մտապահել։

Վերջապես եկավ հաջորդ օրը, որը չգիտեմ, ասեմ արկածախնդի՞ր, թե՞ տարօրինակ էր։ Ինչևէ, փաստը մնում է փաստ, որ Երկինքը որոշել էր ծաղրել ինձ։ Ի՞նչ է, ումի՞ց եմ առավել որ։

Ինձ հատուկ շտապողականությամբ կամ պատասխանատվության ծայրահեղական դրսևորմամբ՝ հարցազրույցի ներկայացա բավական վաղ։ Ինչպես արդեն կանխատեսել էի՝ նախորդ օրվա պատրաստություններս զուր էին, որովհետև ոչինչ պլանավորածի նման չընթացավ։ Նախ մանրամասնություններ իմացա ծրագրի մասին, որն ինձ ակնհայտորեն շփոթեցրեց և ուրախացրեց։ Ծրագիրը իրականացվելու էր Գերմանիայի Բավարիա հողին պատկանող իմ ամենասիրելի քաղաքում՝ Մյունխենում, 1 շաբաթով։ Կամ բախտս էր բերել, կամ…

Հարցազրույցը բաղկացած էր ընդամենը մեկ հարցից, որն ինձ սկզբում հռետորական թվաց. «Համաձա՞յն եք մասնակցել այս ծրագրին Գերմանիայում»։ Վե՞րջ, այդքան բա՞ն, ուրեմն ես արդեն իսկ ընտրվա՞ծ էի, մնում էր միայն համաձայնությո՞ւն տալ։ Պարզվում է՝ 80 դիմորդներից ընտրվել էին 20-ը։ Այդ բախտավորներից մեկը ես էի, մինչ… Հայրս հարցրեց.

-Իսկ որ 18-ը դեռ չի լրացել, խնդիր չի՞։

Ներսումս փոթորիկը վերսկսվեց։ Փոթորի՞կ. մեղմ է ասված։ Նկատեցի կազմակերպության նախագահի դեմքի արտահայտության փոփոխությունը, և կարծես թե ամեն ինչ պարզ էր։

-Երևի ուշադիր չենք եղել,- ասաց նա, և խոստացավ անմիջապես կապվել ծրագրի գերմանացի պատասխանատուի հետ ու պատասխանի դեպքում մեզ զանգահարել։

Իսկույն մտածեցի. «Սա այն նույն «մենք Ձեզ կզանգահարենք-ն է», որը միշտ ասում են, երբ գործի ընդունվելու փորձը արդեն ձախողված է»։

Մի կերպ ոտքերս քարշ տալով՝ հորս հետ դուրս եկա փողոց, ու զգացի, որ միանգամից այդքան դոզայով ուրախությունը և տասն այդքան դոզայով անորոշությունը խլել է էներգիաս ու կրկին միացրել է այն գրողի տարած սպասումի վայրկենաչափը։ Հետդարձի ճանապարհին մի փոքր քնեցի, եթե կարելի է դա քուն համարել. միտքս արթուն էր, ու շարունակում էր քրքրել նյարդերս, իսկ աչքերս անկաշկանդ, ամուր փակված էին ինչպես անհոգ նորածնի աչքերը։

Օրերը հաջորդում են իրար, թկթկում է անիծյալ ժամացույցը, որ կարծես հիշեցնում է, որ այդ վայրկյանին էլ զանգ չստացա, վայրկյանները ժամեր են դառնում, ժամերը՝ օրեր, օրերը՝ շաբաթ։ Ամբողջ սպասումի շաբաթվա ընթացքում ինձ պարուրել է մի սառը անտարբերություն, որը հատուկ է անհուսալիորեն հույսով լցված մարդկանց։ Բայց ես գիտեմ, որ գերմանացիների համար այդ մի քանի ամիսը նշանակություն ունի, գիտեմ, որ դժվար է զանգելն ու ասելը՝ հույսեր մի փայփայիր, փոքրի՛կ աղջնակ, արդեն ամեն ինչ պարզ է, գիտեմ, որ տարիքիս պատճառով թույլ չեն տվել մասնակցել, գիտեմ, բայց չեմ հավատում, չեմ ուզում հավատալ, քանի որ ոչ մի ապացույց չկա, ոչ մի զանգ, ոչ մի նամակ, իսկ հույսը վերջում է մեռնում՝ «գոնե ոչ Մյունխեն», «գոնե ի սկզբանե չընտրեին»։ Ես գերադասեցի ինքս այդ հույսը մեռցնել, քան կառչել դրա չնչին ծիլերից ու պահանջել, որ ծաղկի։ Ի վերջո նամակ գրեցի և շուտով ստացա պատասխանը. տարիքս խանգարեց։

Կյանքում առաջին անգամ ցանկացա շուտ մեծանալ։ Կյանքում առաջին անգամ զգացի, թե ինչ բան է սպասումը։ Հասկացա, որ նման ապրումներով են սիրահարվածները սպասում իրենց սիրելիի մի զանգին՝ հեռախոսը ձեռքից վար չդնելով։ Կյանքում առաջին անգամ հասկացա, որ կյանքը սարկազմի ամենամեծ վարպետն է։ Նա կարող է մի օր անսպասելի թակել դուռդ, փաթեթավորած երազանքդ տալ ձեռքդ, խոնարհվել քո առջև, և մինչ դու կմտածես, որ դա քո նվերն է (թերևս ամենասպասվածը), մի քանի վայրկյան հետո նա կուղղի կռացած մեջքը, քաղաքավարի շնորհակալություն կհայտնի, որ չմերժեցիր պահել ուրիշի նվերը մինչ նա իր կոշկաքուղերն էր կոճկում, հետ կվերցնի փաթեթավորված երազանքդ քո ձեռքից, կշրջվի և կհեռանա։