luiza sargsyan

Սևանում սպասում ենք

Սևանում ձմեռը երկարատև է: Ձյունը ծանր-ծանր նստում է տանիքներին ու անզիջում համառությամբ փայլում արևի շռայլ, բայց տկար շողերի ներքո։ Բոլորս հասցնում ենք մի լավ հոգնել-ձանձրանալ ու առանձնահատուկ կարոտով ենք սպասում գարնանը։

Այս տարի մի քանի ամսյա բանտարկությունից հետո ուզում էինք վայելել գարունը, բայց ավաղ… Գարունն իր հետ բերեց վիրուսի գույժը: Մինչդեռ մենք այնքա՜ն էինք ուզում շնչել օդի թարմ ու անուշ բույրը, երեխաներն ուզում էին կրկին ցատկոտել դրսում, խաղալ միմյանց հետ: Այդ վիրուսը նման է մի հսկա հրդեհի՝ բռնկվում է շատ արագ և ճարակում է ողջ աշխարհը: Մեզնից ամեն մեկը պիտի ջանք գործադրի՝ հանդարտեցնելու և մարելու այդ չար հրդեհը…

Կյանքն աշխարհում ասես կանգ առավ: Օրեցօր լուրերն ավելի տագնապալի են դառնում: Ու դժվար է այս իրականության հետ հաշտվելը, նոր կյանքին հարմարվելը: Մենք շատ ենք կարոտում դպրոցը, ուսուցիչներին, ընկերներին: Արդեն երկու ամիս է, ինչ հեռավար ենք անցկացնում դասերը: Թվում է, թե պետք է հարմարված լինեինք, բայց… չենք դադարում անհամբերությամբ սպասել: Երանի սա վատ երազ լիներ: Արթնանայի ու տեսնեի, որ ամեն ինչ ավարտված է։ Այ, օրինակ՝ հիմա մենք մեր դասղեկի հետ էքսկուրսիայի պատրաստվելիս կլինեինք: Ինչքա՜ն էինք սպասում այդ օրվան ու քննարկում մանրամասները…

Անկեղծ ասած՝ երբեք մտքովս չէր անցնում, որ այսքան շատ կարող եմ երազել դպրոց գնալու մասին։

Չնայած այս ամենին՝ ես հավատով սպասում եմ, որ մենք մի օր կարթնանանք ու կզգանք, որ վերջացել է այս աշխարհակուլ մղձավանջը: Եվ ամեն ինչ կլինի առաջվանից ավելի՛ լավ։