Սպարապետի օր

Հոկտեմբերի 5-ին էր, ֆեյսբուքով շրջում էի, մեկ էլ մի միջոցառման հրավեր տեսա, ասացի՝ բացեմ, մանրամասն ծանոթանամ: Հոկտեմբերի 7-ին «Սպարապետի օր» խորագրով միջոցառում կար, որն անց էր կացվելու Խնձորեսկում, այն էլ առաջին անգամ: Մտածեցի. «Չպետք է ձեռքիցս բաց թողնեմ, ես անպայման պետք է գնամ»:

…Հասանք Գորիս, մնում էր նստել ավտոբուս, շարժվել Խնձորեսկ:
10 րոպե սպասեցինք ավտոբուսին, վերջապես եկավ, ու մենք մի կերպ խցկվեցինք:
Վերջապես հասանք Խնձորեսկ, այստեղից էլ պետք է ուրիշ ավտոբուս նստեինք, որ իջնեինք կամուրջի մոտ: Մի կերպ ավտոբուսներից մեկի մեջ տեղավորվեցինք, այնքան շատ մարդ կար, որ քույրս ասաց.
-Եկեք պայմանավորվենք, որ հանկարծ կորցնենք իրար, գնանք նույն տեղը: Ավտոբուսի մեջ մի պապիկ ուշադիր լսում էր մեր խոսակցությունը, մեկ էլ որոշեց կատակ անել, ասաց.
-Երեխեք ջան, բա ձեր հետ կծիկ չե՞ք վերցրել:
Մենք էլ ծիծաղեցինք: Մինչև հասանք կամրջի մոտ, այնտեղ նախատեսված միջոցառումը վերջացել էր: Չեմ կարող նկարագրել մեր տխրությունն ու ափոսանքը: Սակայն միջոցառումները շարունակվում էին, և մենք էլ բոլոր մասնակիցների հետ շարժվեցինք դեպի Մխիթար Սպարապետի գերեզմանը:

Վերադարձին մեզ հաճելի անակնկալ էր սպասվում՝ «Կարին» ավանդական երգի-պարի խումբը՝ Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ:
Մի երկու անգամ էլ նրանց հետ պարեցինք, բարձրացանք վերև, որ գնանք դպրոցի բակում կազմակերպված միջոցառմանը մասնակցենք: Հասանք զորամասի մոտ, որտեղից մի խումբ զինվորներ դուրս եկան: Մենք էլ որոշեցինք նրանց հետևից գնալ: Հասանք դպրոցի բակ, որտեղ մեծ բազմություն էր հավաքվել: Լուսանկարիչները, ամեն մեկը իր չափին մի ուսապարկ էր գցել ուսին, էլ չասեմ՝ լուսանկարչական ապարատների չափսերը և անընդհատ լուսանկարում էին:
Մոռացա ասել, որ կազմակերպված էր նաև նետահարման մրցաշար: Հենց նույն տեղում էլ Սեդրակ Մամուլյանի ղեկավարությամբ պատրաստվում էին տեղական կերակրատեսակներ:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանը, ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը և ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
Վերջում կազմակերպվել էր մեծ համերգ, ելույթ ունեցան` Շուշան Պետրոսյանը, Պարի պետական անսամբլը, «Կարին» համույթը, Արսեն Գրիգորյանը (Մրո), ՀՀ ԶՈՒ ԳՇ հատուկ զինվորական նվագախումբը (Արմեն Պողոսյանի ղեկավարությամբ):
Ինչ ասեմ, միջոցառումը շատ հագեցած էր, անմոռանալի օր ունեցանք:

Հ.Գ. Եթե կարդացիք այս հոդվածը, ապա մյուս տարի եկեք և մասնակցեք միջոցառմանը: Հաստատ չեք փոշմանի: