narine gabrielyan

Սպիտակ դաշտը

Սիրում եմ ամառային արձակուրդներս անցկացնել գյուղում: Մշտական մաքուր օդ, անխախտելի խաղաղություն ու անսահման կանաչ: Գյուղի բոլոր անկյունները շատ եմ սիրում, հատկապես՝ մեր տան մոտի բլրակը: Միշտ բարձրանում եմ բլրի վրա, նստում ու հիանում եմ գյուղիս աննկարագրելի գեղեցկությամբ: 

Գյուղում մի դաշտ ունենք, որը «սպիտակ դաշտ» ենք անվանում: Սպիտակ՝ որովհետև այնքան երիցուկներ են աճում, որ այդ փոքրիկ հողակտորն ամբողջովին սպիտակում է:

Մի հետաքրքիր ավանդույթ ունենք գյուղում: Երբ երիցուկներն արդեն ծաղկում են՝ գյուղի երիտասարդ, սիրահարված աղջիկները հավաքվում են և գնում դաշտ՝ գուշակության:

-Սիրում է, չի սիրում, սիրում է, չի սիրում…

Միշտ հետաքրքրվում էի, ուզում էի գնալ, բայց չէի ուզում ցավեցնել երիցուկներին:

Հուլիսյան մի ամառային առավոտ էր, շուտ էի արթնացել, որոշեցի գնալ «սպիտակ դաշտ»՝ մտածելով, որ ոչ ոք այնտեղ չի լինի:

Երբ հասա, հաճելիորեն զարմացա. տեսա մի փոքրիկ աղջնակի՝ խուճուճ մազերով ու երկնքի պես կապույտ աչքերով: Մի փունջ երիցուկներ գիրկը դրած՝ իր փոքրիկ մատներով պոկում էր երիցուկների թերթիկները.

-Սիրում է, չի սիրում, սիրում է, չի սիրում…

Մոտեցա, նստեցի կողքին, ժպտացի ու ասացի.

-Արի միասին անենք:

Զարմացած նայեց ինձ, բայց միանգամից համաձայնեց.

-Արի՛:

-Սիրում է, չի սիրում, սիրում է…

Վերջին թերթիկը պոկելով՝ կարծես այդքան էլ չհավատաց.

-Էլի փորձենք, էլի՜:

-Բա մեղք չե՞ն:

Ասածիցս հետո երկուսս էլ լռեցինք: Լռության մեջ լսվում էր միայն երիցուկների խշշոցը:

-Լսո՞ւմ ես:

-Ի՞նչը,- զարմացավ փոքրիկը:

-Խշշոցը:

Լռեց, աչքերը փակեց ու սկսեց ուշադիր լսել: Դեմքին ժպիտ հայտնվեց, բայց հանկարծ տխուր նայեց ինձ.

-Որ պոկեմ տերևները, «ռամաշկաները» էլ չեն խոսա: Ափսո՜ս են: