zara ghazarean

Ստալին պապին

-Տատ, ո՞վ է էս նկարի պապիկը:
-Ստալին պապին ա, (ու անեծքներ…)
Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալին՝ նույն ինքը, «ժողովուրդների հայրը»: Համաշխարհային պատմության մեջ Ստալինն ամենաառեղծվածային, ամենադաժան և ամենահակասական կերպարներից է: Այս մարդու մասին միշտ Էլ հնչել են հակասական կարծիքներ, հազիվ թե այսօր գտնվի մեկը, որ Ստալինի մասին արտահայտվի չեզոք դիրքերից: Նրան կա՛մ պաշտում են, կա՛մ ատում: Այո՛, հնարավոր է, որ նա եղել է հզոր քաղաքական գործիչ, լավ հռետոր և հաշվենկատ կառավարիչ, բայց…
Ստալին պապի անմարդկային գործելաոճը խեղաթյուրել է միլիոնավոր մարդկանց կյանքեր: Նրա գործելաոճի մասին պատկերացումներ կարելի է կազմել Ստալինի մահից հետո գրված ինքնակենսագրական վեպերից: Անհասկանալի է, թե մի մարդու դեմ ի՞նչ մեղք է գործել աշխարհը: Ստալինի ինքնակենսագրությունից տեղեկանում ենք նրա դաժան մանկության մասին: Բայց մի՞թե ճիշտ էր աշխարհի հանդեպ չարությամբ լցվելը, անմարդկային վերաբերմունքը, անասելի դաժանությունը ու էլի դաժանությունը: Այս ամենին զուգահեռ ամենահետաքրքրականը Ստալին պապի անձի շուրջ ձևավորվող պաշտամունքն էր՝ անհատի պաշտանմունքը, որի հետևանքները կրում ենք առ այսօր: Մինչ օրս, նրա գրչի մի հարվածի պատճառով մեր ազգը ունի սգացող մայրեր, յուրաքանչյուրս ունենք Արցախյան խնդիրը, մեր մեջ խիստ արմատացած է անաստվածությունը, մեր եկեղեցիները, որոնք մշակութային հզոր կոթողներ են, ոտնատակ են արված, ու դեռ այս շարքը կարելի է երկար թվարկել: Հանրապետությունում չկա մի եկեղեցի, որի կենսագրության մեջ չառանձնանա ստալինյան բռնատիրության թողած հետքը: Ասածս փաստելու համար մի ուշագրավ դեպք պատմեմ: Ապարանի շրջանի գյուղերից մեկում՝ Շենավանում (Բլխեր), եկեղեցին վերածում են մշակույթի տան: Դրանից հետո գյուղում վատ դեպքեր են կատարվում, ավելի ուշ՝ դարձի տարիներին, գյուղացիները հասկանում են կատարվածի լրջությունը, և մեծ ուրախությամբ նշեմ, որ գյուղի նոր եկեղեցին շուտով կօծվի: Ի վերջո, ի՞նչ եմ ուզում ասել. չեմ ուզում Ստալին պապի նկարը որևէ հայի պատից կախված տեսնել, չեմ ուզում աշխարհը այլևս ունենա նման մեկին: Ուզում եմ, որ ապրենք, բայց նրանց պես չապրենք, որ օրհնելով չասենք. «Ապրե՛ք, երեխե՛ք, բայց մեզ պես չապրե՛ք»…