juli abrahamyan

Սրճարանների հետքերով

Ընդհանրապես, երբ խոսքը գնում է կանաչապատման մասին, ապա բոլորը ոտքի են կանգնում, փոխում են իրենց ֆեյսբուքի գլխավոր նկարները, գեղեցիկ բառերով շարադրություններ են գրում և այլ պաթոսախեղդ բաներ են անում, սակայն երբ բանը հասնում է գործին՝ չգիտես ինչու, սկսում են պայքարել մի բանի համար, որն ընդհանուր առմամբ, իրենից որևէ արժեք չի ներկայացնում։

Ցույցերի ժամանակ, երբ հավաքվում էինք Ազատության հրապարակում (նույն ինքը` Օպերան) բողոքում էինք, որ սրճարանները փակում են ամեն ինչ, չկա ազատ տարածք և այլն։ Երբ տեսնում էինք Թամանյանի գծագրած Երևանը՝ վրդովվում էինք, որովհետև չունեինք դա իրականում։ Քայլելիս ամենաքիչը երեքից հինգ րոպե շունչը պահել էր պետք, որովհետև ամբողջ կենտրոնը ողողված էր ոչ այդքան հաճելի սննդի և ըմպելիքների հոտերով։

Լինելով Երևանի քաղաքացի՝ չեմ կարող ասել, որ Երևանն ինձ համար ուղղակի քաղաք է, և չունի ինչ-որ առանձնահատուկ տեղ իմ սրտում։ Չեմ պատրաստվում գրել բանաստեղծություններ Երևանի շենքերի մասին, բայց Երևանի պատմությունն իմանալը համարում եմ իմ անձնական պարտքը։ Հարկ է նշել, որ մեր ներկայիս մայրաքաղաքը իր մեջ ընդգրկում է Հայաստանի մնացած տասնմեկ մայրաքաղաքներից որոշ մոտիվներ։ Մենք ողողում ենք մեր քաղաքն արժեք չունեցող տարածքներով ու սրճարաններով, փչացնում ենք քաղաքի պատմամշակութային վայրերը մեկ բաժակ սուրճի համար։

Պայքարելով տարածքների պահպանման համար՝ առաջին հերթին պետք է մտածել քաղաքի ու նրա տեսքի մասին։ Սրճարանի հետքերով չենք կարող կերտել մի պատմություն, որը պետք է ունենա Երևանը։ Պատմամշակութային արժեքների կողքը ստեղծել շուկայական հարաբերություններ անընդունելի է։ Իմ կարծիքով՝ փողոցային առևտուրը պետք է լինի առանձին տարածքում և ոչ մայրաքաղաքի կենտրոնում։

Խոսելով կանաչապատման ու բարելավումների մասին պետք է պատրաստ լինել փոխելու ոչ միայն ֆեյսբուքի գլխավոր նկարը, այլ նաև մեր հասարակությունը։