milana gevorgyan

Սևազգեստ կինը

Մեր քաղաքի ժամանակավոր կացարանի մի փոքրիկ սենյակում ապրում է նա՝ սև հագուստով կինը: Քանդված ու խոնավ պատերի ներսում է ծերանում: Տանիքից ջուր է կաթում, իսկ նա նստած նայում է: Ուրիշ բան չի կարող անել՝ բացի նայելուց: Ախր, ի՞նչ պիտի անի: Ի՞նչ անի այն քաղաքացին, որը անգամ ապրելու տեղ չունի: Ի՞նչ անի այն քաղաքացին, ով հացի համար գումար չունի: Աշխատանք չունի, որովհետև կրթություն չունի, իսկ կրթություն չունի, որովհետև ժամանակին գումար չի ունեցել ու չի կրթվել: Խոսքի ազատություն չունի, ոչ մի բան չունի: Փոխարենը՝ նա մարդ է:

Դժվար է մեր ժամանակներում այդքան կամեցող, այդքան բարի մարդ գտնելը. հազվադեպ են հանդիպում: Նա խանութից խանութ է շրջում ու հավաքում է արկղեր, որ ձմռանը վառեն ու տաքանան: Ընտանիքն էլ մեծ է: Արցախյան ազատագրական պայքարի ժամանակ են եկել Հրազդան: Ի՞նչ իմանային, որ այսպես կլիներ: Ամեն անգամ ես տեսնում եմ նրան ու մտածում եմ, որ պարտավոր եմ օգնել: Մենք բոլորս պարտավոր ենք օգնել, որովհետև բացի հասարակ քաղաքացիներից, ոչ ոք էլ չի օգնելու: Մերոնք են, մեր երկրի քաղաքացիներն են, ո՞ւր գնան: Մի օր ես անպայման կօգնեմ այս կնոջը ու կաշխատեմ իշխանության ուշադրությունը սևեռել այս հարցի վրա: Հավատում եմ, որ կարող ենք օգնել դժվար իրավիճակում գտնվող մեր համաքաղաքացիներին: