Սև ծով, Քոբուլեթի, Վրաստան

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Ամառային շոգ ու կրակին դիմակայելու համար, ահա, մարդիկս հանգստի տարբեր հարմար վայրեր ու ձևեր ենք փնտրում: Հարևան երկրի ծովը չափչփելու ձևն էլ դարձավ իմ ու ընտանիքիս այս տարվա ընտրությունը:

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Սև ծով, Քոբուլեթի, Վրաստան:

Մեզ Սոմխեթի կոչող ու խաչապուրիների հայրենիք հանդիսացող այս երկրի մասին շատ-շատ եմ լսել, քոլեջի լավագույն ընկերուհիներիցս մեկն էլ վրացի էր, միայն նրան ճանաչելով՝ արդեն սիրում էի վրացիներին:

Բավականին երկար (13 ժամ, Կապան-Երևանը՝ չհաշված) ճանապարհ անցնելուց հետո հասանք: Հուլիսյան շոգը Թբիլիսիում փարատվում էր հորդառատ անձրևով, բայց բարեբախտաբար Քոբուլեթիում արևոտ էր, դե, ծովը արևով է, չէ՞ գեղեցիկ…

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Իմ՝ զբոսաշրջիկիս սերը դեպի նոր քաղաքներ չէր կարող մոտակա Բաթումի այցելելը ձեռքից բաց թողնել: Հենց Բաթումիի ճանապարհին էլ հանդիպեցի իմ նոր ընկերոջը:

-Դանիել, բա դպրոցում սիրելի առարկադ ո՞րն է:

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

-Հեսա որ անցնեմ, կլինի ֆիզիկան։

-Բա որ չես անցնում, ո՞նց ես էդքան վստահ, որ ամենասիրելին կլինի:

-Ես որ մի բան ասում եմ, ուրեմն գիտեմ:

Դանիելն իր ծնողների հետ մեզ հետ հենց նույն ավտոբուսով եկել էր Վրաստան, նույն հյուրանոցում էինք բոլորով ու էդպես որոշեցինք միասին այցելել Բաթումի:

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

-Բա դու որտե՞ղ ես ապրում:

-Պարույր Սևակի Սիթին գիտես, չէ՞։

-Ըըը, չէ…

-Ո՞նց, լուրջ Սևակի Սիթին չգիտե՞ս։

-Դե, Սևակից լիքը բան գիտեմ, բայց Սիթին՝ չէ։ Երևանից չեմ։

-Բա որտեղի՞ց ես։

Դանիելն ընդամենը 12 տարեկան էր, ու իր պատկերացումներով միջին վիճակագրական մարդը պիտի անպայման իմանար Պարույր Սևակի Սիթին, ու գուցե նա չիմանար կամ չհիշեր Կապանի մասին, ուստի…

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

-Դու Սյունիքը գիտե՞ս։

-Սյունիքը ո՞վ չգիտի:

-Վայ, դե տես, ես Կապանից եմ, Սյունիքի մարզկենտրոնն ա:

-Հաա, հասկացա:

«Սյունիքը ո՞վ չգիտի» ասելուց հետո, ու համ էլ մինչև էդ, Դանիելը դարձավ իմ լավագույն ընկերը Վրաստանում ու, որ ավելի կարևոր է՝ իմ լուսանկարիչը Բաթումիում:

-Բա ի՞նչ ես ուզում դառնալ, երբ մեծանաս:

-Ծրագրավորող:

-Հաստատ որոշե՞լ ես արդեն:

-Հա, հարյուր տոկոս:

-Բա ինչի՞ հենց ծրագրավորող:

-Ես գիտե՞ս ինչ լավ եմ հեռախոսներից, կարամ կոդդ միանգամից ջարդեմ ու տենց լիքը բաներ անեմ:

-Աա, պարզ ա, հասկացա…

Դե, մեր ժամանակ հեռախոսները հիմնականում կոդեր չունեին, ուստի ապագա ծրագրավորողներից հավանաբար քիչ ավելին կպահանջվեր մասնագիտական հմտություններ դրսևորելու համար: Մեր ժամանակ, տարիքն առած ու ծերացած մարդու նման խոսել չթվա, նկատի ունեմ՝ երբ մենք էինք 12 տարեկան, մի 5 տարի առաջ:

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

-Կգա՞ս իրար հետ էն բարձր կարուսելը նստենք:

-Եսիմ, հա՞ որ:

-Մաման վախում ա, ինձ էլ չի թողնում մենակ, արի իրար հետ նստենք, համ էլ ես քեզ կնկարեմ:

-Օքեյ:

-Էլ օքեյ չասես, հա՞:

-Բա ի՞նչ ասեմ, լա՞վ:

-Չէ, ասա՝ օկ, հիմա ո՞վ ա օքեյ ասում:

-Օքեյ, վայ, կներես, օկ:

Ես ծիծաղում էի էն լրջության վրա, որով Դանիելը նյարդայնանում էր իմ «օքեյ»-ի՝ ոչ ժամանակակից լինելու վրա, բայց միևնույն ժամանակ գիտակցում, որ իր տարիքում ես ու իմ հասակակիցներն իսկապես բավարարվել ենք մեր միշտ արդիական ու չկրկնվող «լավ»-ով:

Ինչը վերաբերում է Վրաստանին, սիրուն երկիր է, ամենակարևորը՝ ծովով… Մի տեսակ հասցրել էի կարոտել ծովն արդեն։ Իսկ ծովի վրայով օդապարիկներով թռչող մարդկանց տեսնելիս ծնվում է հավատը դեպի երազանքներ, դեպի իրականությունից հեռու, բայց իրականության մի մասը կազմող հեքիաթներ…

Մի օր ես էլ կթռչեմ, առանց ինքնաթիռների, երկնքի հետ դեմ առ դեմ…