Վազելով Ֆրանսիայից Հայաստան

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

“Exploring the world through the lens of camera” ծրագրի շրջանակներում

Արզականում հանդիպեցինք ֆրանսահայ  Արա Խաչադուրյանի հետ, որի մասին այս օրերին մամուլը շատ է գրել: Իսկ թե ով է նա, կիմանաք հարցազրույցից:

-Պատմեք Ձեր, Ձեր քայլարշավների մասին։

-Ծնվել եմ Լիբանանում 1964թ.-ին: Հիմա 54 տարեկան եմ: Մինչև տասնվեց տարեկանը հաճախել եմ Դեմիրճյան դպրոցը: Հետո սովորել եմ ոսկերչություն։ Դժբախտաբար, երբ ինը տարեկան էի, պատերազմ սկսվեց, և ստիպված տեղափոխվեցինք հորեղբորս մոտ` Ֆրանսիա, որ այնտեղ շարունակեմ կրթությունս: Այնտեղ բնակություն հաստատեցի և սկսեցի աշխատել: Քսանչորս տարեկանում առաջին խանութս բացեցի: Դրանից հետո շատ էի աշխատում` շաբաթը յոթ օր, օրեկան գրեթե տասնվեց ժամ: Մինչև քառասուն տարեկանս աշխատեցի: Հետո ամուսնացա և ունեցա մեկ որդի: Ընկերս ինձ հրավիրեց Լիբանան և ասաց, որ առաջին մարաթոնին կարող եմ մասնակցել: Գնացի Լիբանան, մարզվեցի և առաջին մարաթոնս վազեցի: Երբ վերադարձա Ֆրանսիա, բարեկամներիս հետ մասնակցեցի վազքի մրցույթի: Հետո սկսեցինք շրջագայել աշխարհի չորս կողմը և մասնակցել մարաթոնների:

Մեծ մրցույթ պետք է լիներ, որին պատրաստվելու համար գնացի Ֆրանսիայում մի գյուղ, որտեղ որոշեցի բարձրանալ Եվրոպայի ամենաբարձր գագաթը` Մոնբլանը, որը 4810 մետր է։ Շատ դժվարությամբ բարձրացա։ Երբ հասա գագաթին, տեսա արևածագը։ Շատ գեղեցիկ էր, և որոշեցի, որ ամեն տարի պետք է նոր գագաթ բարձրանամ։

Երկրորդ լեռը, որ մագլցեցի, Մասիսն էր, որը շատ հուզիչ էր ինձ համար։ Հետո բարձրացա Աֆրիկայի ամենաբարձր լեռը՝ Կիլիմանջարոն։ Ֆրանսիայի հայ բարեգործական միությունը ինձ հրավիրեց պատմել, թե ինչպես ես մագլցեցի Արարատ լեռը։ Երբ պատմեցի, առաջարկեցի, որ եթե նյութական օժանդակություն ցույց տան, ապա Ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ կբարձրանամ աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը։ Սկսեցի մարզվել։ Մագլցեցի Անդերի ամենաբարձր լեռը։ Հետո Ղրղզստանի Լենինի պիկ անունով գագաթը։ 2015-ին պատրաստվեցի, որ մագլցեմ Էվերեստը։ Գտնվում էի 5200 մետր բարձրության վրա, երբ ապրիլի 25-ին երկրաշարժ եղավ։ Ընդհատեցինք:  Վերադարձա Ֆրանսիա և որոշեցի, որ 2016 թվականին պետք է վերադառնամ և նորից փորձեմ։ Բարձրանալը տևեց 46 օր։ Հասա մայիսի 22-ին և հայկական դրոշը դրեցի Էվերեստի գագաթին։

-Ինչպե՞ս որոշեցիք, որ պետք է Ֆրանսիայից քայլելով գաք Հայաստան։

-Երբ Էվերեստի գագաթին էի, նամակ գրեցի Թուրքիայի նախագահին՝ Էրդողանին՝ ասելով, որ պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Մտածեցի՝ ինչպես անեմ, որ այդ նամակը տամ, որ ընդունի ինձ։ Որոշեցի վազելով գալ Ֆրանսիայից մինչև Երևան։

-Ինչքա՞ն ժամանակ տևեց Ֆրանսիայից մինչև Հայաստան հասնելը։

-107օր։ 4550 կիլոմետր վազեցի։ Ամեն օր վազում էի մոտավորապես 40-45կմ։

-Ինչպե՞ս եք որոշում՝ որ քաղաքներով անցնել։

-Գուգլով գրեցի, որ ինձ ցույց տա Մարսելից Երևան ճանապարհը, և այդ ճանապարհը բաժանեցի ամեն օր 42 կիլոմետրի, որը հավասար է մեկ մարաթոնյան վազքի։ Հետո սկսեցի՝ անցա Իտալիա, Սլովենիա, Սերբիա, Բուլղարիա, Հունաստան, Թուրքիա, Վրաստան և Հայաստան։

-Ի՞նչ արտասովոր դեպք է տեղի ունեցել քայլարշավի ընթացքում։

-Հետաքրքիր էր այն, որ երբ հասա Բուլղարիա, ինձ ընդունեցին այնտեղի հայերը։ Ընդունեցին նաև Վրաստանում։ Նաև շատ լավ ընդունեցին Թուրքիայում։

-Սահմանը հատելիս խնդիրներ չե՞ն առաջացել։

-Ոչ։ Ուղղակի երբ ես անցնում էի սահմանները, բոլորը զարմանում էին, թե ինչպես եմ կարողացել այդքան տարածությունն անցնել։ Հարցնում էին, թե որտեղ է ավտոմեքենան կամ հեծանիվը։ Ասում էի՝ ես վազելով եմ անցնում։

-Իսկ ուրիշ խնդիրներ չե՞ն առաջացել։

-Անշուշտ, ցավեր ունեի ծնկներիս հատվածում։ Բայց, չնայած դրան, կարողացա շարունակել։

-Իսկ ապագայում ի՞նչ նոր պլաններ ունեք։ Ի՞նչ նոր հեռավորություններ եք ուզում հաղթահարել։ 

-Ուզում եմ հեծանիվով անցնել ամբողջ աշխարհը և վերջում հասնել Երևան։

-Հայաստանից ի՞նչ տպավորություններ եք Ձեզ հետ տանում։

-Հիմա նաև նպատակ ունեմ ոգևորել Հայաստանի երիտասարդությանը, որ չծխեն, չխմեն և զբաղվեն սպորտով։ Եթե ունեք երազանք կամ նպատակ, դրան հասնելու համար պետք է աշխատեք։ Առանց աշխատանքի ոչնչի չես հասնի։ Կուզեք երաժիշտ դառնալ՝ պետք է օրեկան վեց ժամ աշխատեք։ Դուք բոլորդ խելացի եք և աշխատասեր եք։

-Ճանապարհորդելու ընթացքում որտե՞ղ էիք ապրում։

-Իմ հետևից գալիս էր մի մեծ քարավան, որի հետ ես օրվա ընթացքում ուտում էի, հանգստանում էի, քնում էի և պատրաստվում հաջորդ օրվան։ Մարդիկ կային, որոնք ցանկություն են հայտնել ինձ հետ թեկուզ մի քանի կիլոմետր վազելու, ամեն քաղաք անցնելով՝ ինձ մի խումբ միանում էր։ Երեք կիլոմետր ինձ հետ վազել է նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը։

Հարցազրույցը վարեցին Լիլիթ Վարդանյանը, Էլադա Պետրոսյանը, Էլզա Զոհրաբյանը

Գրի առավ Լիլիթ Վարդանյանը