Վալյա տատին

Լուսանկարը` Ամալյա Հարությունյանի

Լուսանկարը` Ամալյա Հարությունյանի

“Exploring the world through the lens of camera” ծրագրի շրջանակներում

Վալյա տատին ծնվել է Բջնի գյուղում, որը իր ներկայիս բնակավայր Արզական գյուղի սարերի հետևում է: Ապրել է այնտեղ ու, հետո անցնելով այդ սարերը, եկել է Արզական` հարս: Արզականը կոչում են նաև Արզաքյանդ,Արզաքյան: Ավանդական հայկական ձևերով  նրան եկել են «ուզելու»: Սկզբից Վալյա տատիկի հայրը չի համաձայնել, հետո համաձայնության են եկել և 1962 թվականին ամուսնացել են ու տեղափոխվել Արզական: Ունեցել է 4 երեխա: Այդ տարիներին անտառից բանջար է բերել, վաճառել, լավաշ է թխել ու  գումար վաստակել: Ըստ նրա այդ տարիները` սովետի տարիներն էին, և իրենք ապահովված էին ամեն ինչով: Նա և իր ամուսինը աշխատել են  նաև  տարբեր հիմնարկներում որպես  բանվորներ: Իսկ անտառտնտեսությունում ծառեր են տնկել, որոնք հիմա կան ու զարդարում են Արզականի բլուրները ու լեռները:

Ես միշտ զարմացել եմ մեր  տատիկների աշխաասիրությամբ  և ջանասիրությամբ.Վալյա տատին  այս ամենի վառ օրինակն է: Ասեմ նաև, որ  տատին ամուսնացել է 17 տարեկանում, մասնագիտություն չունի, և իմ հարցին, թե  արդյո՞ք ափսոսում է, որ մասնագիտություն չունի, պատասխանեց, որ կուզեր ավելի հանգիստ կյանք ունենալ: Հայկական ավանդույթները հաճախ  փոխում են մարդկանց կյանքը, և ամեն ինչ ստացվում է այլ կերպ:

«Կյանք է, ամեն ինչ էլ ստացվում է, փոշմանում ես հաճախ»,- ասում է նա: Նրա 3 որդիներն  արտերկրում են հիմա` մշտական բնակության, մեր սոցիալական խնդիրների  պատճառով:

Վալյա տատին չի բողոքում  իր կյանքից, միայն կուզեր, որ որդիները լինեին իր հետ, ոչ թե այլ երկրում: Վալյա տատին նաև հայտնի է իր ավանդական պարերով: Պատմում է, որ իր տղաների հարսանիքներին հագել է տղամարդու՝ պապիկի հին շորեր և ուրախացրել է իր հյուրերին: Իսկ հեղափոխությունից հետո  նա միայն մեկ փոփոխություն  է տեսել՝ երիտասարդ  գյուղապետ: Գյուղապետը երեք  շաբաթ է, ինչ  ընտրվել է: Պայծառությամբ  լցված աչքերով  տատիկը երազում է, որ լավ բաներ պիտի տեսնի Նոր Հայաստանում:

Վալյա տատին և իր հարսը`տիկին Գայանեն, հիանալի հարաբերություններ ունեին, և ավանդական «հարս-սկեսուր» ասածը մենք չտեսանք: Ասում է, որ ջահել են, ինչ ուզում են՝ թող  անեն:

Վալյա տատին չի պատկերացնում  ձմեռը առանց իր պահածոների: Ամառվա ընթացքում անընդհատ ձմռան պաշար է տեսնում:

Մեր տատիկը և իր ընտանիքը  հյուրընկալել են նաև Խաղաղության Կորպուսի կամավորներին, և մեզ  հյուրընկալելը նոր բան չէր իրենց  համար: Եվ այն խոսքը, որ ասում են. «Զգա քեզ ինչպես քո տանը», իրականում հենց այդպես էլ զգացինք Վալյա տատիկի ընտանիքում: Վալյա տատին ամենաշատը օգտագործում էր «բալես», «ազիզ ջան», «կյանքս» բառերը՝ դրանց մեջ կուտակելով իր սրտի ամբողջ ջերմությունը: