mane minasyan -2

Վախեցած հայտերս

-Հայտդ լրացրու, Մանե՛,- ասում է մայրիկը ցանկացած ծրագրի մասնակցելուց առաջ.

-Մամ, չէ, միևնույն ա, չեմ անցնելու,-  կրկնում եմ միշտ:

Վախենալով, միևնույն ժամանակ, ինքս իմ ուժերին վստահ լինելով, լրացնում եմ հայտը, ու ստանում պատասխան. «Շնորհավորում ենք, դուք ընտրվել եք մասնակցելու մեր ծրագրին»:

Առաջին հայտը, որը լրացրեցի, 8 տարեկան էի: Մայրիկս որոշեց, որ պետք է մասնակցեմ «Հայ աղջկա պարը Վրաստանում» ծրագրին, և ես, մտածելով, որ մեկ է, չեմ անցնի, լրացրեցի հայտն, ու բախտս մի տեսակ բերեց, ու անցա:

Վրաստանն ինձ շատ բան տվեց: Սովորեցի վստահել ինքս իմ ուժերին ու հավատալ ինքս ինձ:

Վրաստանից վերադարձա ու անմիջապես սեպտեմբերին մասնակցեցի «Կանաչ դպրոց» բնապահպանական ծրագրին, որտեղ ևս գրանցեցի մի շարք հաջողություններ, և որ ամենակարևորն է, սկսեցի խնամքով ու հարգանքով մոտենալ բնությանն ու փորձեցի դա փոխանցել ուրիշներին:

Այս ծրագրին հաջորդեց «Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնը », որն ինձ սովորեցրեց սիրել կենդանիներին ու նրանց ինձ ընկեր կոչել:

Մասնակցել եմ նաև «Հրաշքով լի կյանք » ծրագրին, անցել հաջորդ փուլ, մասնակցել Սոցիալական ներառման հարցերի շուրջ ազգային պատանեկան վեհաժողովին,որն իմ կյանքում շատ բան փոխեց:Կարելի է ասել, փոխեց աշխարհայացքս: Ես սկսեցի մարդկանց ինձ հավասար համարել, տարբերություն չդնել այն մարդկանց մեջ, ովքեր հաշմանդամություն ունեն:

Ինքս ինձ չհավատալով լրացրեցի նաև «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության «Մեդիագրագիտության և առաջնորդության դասընթացի» հայտը և այստեղ էլ ընտրվեցի: Այստեղ ևս շատ-շատ եմ սովորել ու սովորում: Ավելի եմ կոփվում լրագրության մեջ:

Վերջերս դպրոցում անցկացվում էր «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության ամենամյա բիզնես ծրագիրը, որին նույնպես մասնակցել եմ ու քննության միջոցով անցել հաջորդ փուլ` մասնակցելու աշակերտների ամառային ճամբարին: Այս ծրագիրն էլ իմ մեջ զարգացրեց տնտեսագիտությունը, չնայած մաթեմատիկա այդքան էլ չեմ սիրում:

Մի շարք այլ ծրագրերի ևս մասնակցել եմ, որոնք հիմա չեմ կարող մտաբերել: Ուղղակի ուզում եմ ասել, որ այս ամենն ինձ սովորեցրել է շատ, ամենագլխավորը` սովորեցրել է հավատալ ու վստահել սեփական ուժերիս, ու չվախենալ մերժվելուց:

Չգիտեմ, փորձս ներում է թե չէ, բայց ձեզ էլ խորհուրդ եմ ուզում տալ, որ վստահեք ձեր ուժերին, հավատաք ինքներդ ձեզ, և ամեն ինչ լավ կլինի: