narine gabrielyan

Վախն ու սպասումները

Հարացազրույց FLEX միջազգային ծրագրի 2015-2016 թթ. շրջանավարտ Նարեկ Սահակյանի և 2016-2017 թթ. շրջանավարտ Գոհար Փիլիպոսյանի հետ:

-Փոքր-ինչ ներկայացրեք ծրագրի պատմությունը: 

Գոհար Փիլիպոսյան.

-Ծրագիրը ստեղծվել է 1992 թվականին: Հայաստանում մոտ 900 շրջանավարտ կա: Հաղթողները 10 ամսով մեկնում են ԱՄՆ՝ ծանոթանալու ամերիկյան մշակույթին, մարդկանց, մեր հասակակիցների ապրելաոճին: Ծրագրի շրջանակներում մասնակիցները ներկայացնում են իրենց երկիրը (ինչն անում են հպարտորեն), զարգացնում անգլերենը և ձեռք բերում առաջնորդի հմտություններ:

-Ի՞նչ փուլերից է բաղկացած ծրագիրը: 

Գոհար Փիլիպոսյան.

-Առաջին փուլը 15 րոպե տևողությամբ թեստ է: Երկրորդը՝ 3 ակնարկ 45 րոպեում: Երրորդը, համեմատած նախորդների հետ, մի քիչ բարդ է, բայց միևնույն ժամանակ՝ հետաքրքիր: Այն կազմված է 40 րոպեում գրված 2 ակնարկից, մեկ ու կես ժամ տևողությամբ թեստից, հարցազրույցից և խմբային խաղից:

-Ի՞նչ զգացողություններ եք ունեցել արդյունքներն իմանալուց հետո: 

Գոհար Փիլիպոսյան.

-Հենց հեռախոսահամարը տեսա, սիրտս ուժեղ բաբախեց: Երբ անհանգիստ եմ, անընդհատ շարժվում եմ: Հյուրասենյակում հետ ու առաջ քայլելով՝ իմացա, որ հաղթել եմ: Կանգ առա ու միանգամից սկսեցի արտասվել:

-Ինչպե՞ս վերաբերվեցին ծնողներդ հաղթող դառնալուդ փաստին: 

Նարեկ Սահակյան.

-Դպրոցում էի։ Անգլերենի դասի էի, երբ զանգ եկավ։ Հարցրի ուսուցչից ու դուրս եկա։ Իմ դպրոցում բոլոր պատերն ապակուց են, ու երբ դրսում խոսում էի և իմացա, որ հաղթել եմ, դասարանում գտնվող ընկերներս, ինձ տեսնելով, արդեն գուշակել էին, թե ինչ զանգ է դա։ Չեմ կարող նկարագրել, թե ինչ զգացումներ էին։ Երևի ընկերներս ավելի լավ կբացատրեն։ Միայն կասեմ, որ անսպասելի լուր էր։

Գոհար Փիլիպոսյան.

-Ծնողներս երկուսն էլ հեշտությամբ ընդունեցին այն փաստը, որ ինձ երկար ժամանակ չեն տեսնելու: Հայրս, առանց մի վայրկյան տատանվելու, տվեց իր համաձայնությունը: Մայրս, թեկուզ միշտ ասում էր, որ թույլ չի տա գնալ, նույնպես շատ ուրախ էր ինձ համար: Ի դեպ ասեմ՝ ես «Ֆլեքսին» գրանցվել էի առանց նրանց տեղեկացնելու: Եկա տուն ու ասացի, որ նման ծրագիր կա: Մի քիչ զարմացան, բայց ընդունեցին լուրը:

Նարեկ Սահակյան.

-Ծնողներս կարծես ինձնից ավելի շատ էին ուրախացել: Ինձ հարցրին՝ պատրա՞ստ եմ արդյոք մեկ տարի ապրել իրենցից հեռու՝ ԱՄՆ-ում։ Պատասխանս դրական էր, ուստի նրանք դեմ չգնացին։ Շատերն էին հարցնում՝ ո՞նց, թողնելու եք, որ մի տարով գնա Ամերիկա՞, չե՞ք կարոտի, բա դասե՞րը, էդպես ո՞նց կլինի… Բայց, փաստորեն, եղավ, այն էլ՝ ինչքան լավ:

-Մի փոքր պատմեք Ամերիկայում ձեզ հյուրընկալող ընտանիքների և նահանգի մասին: 

Գոհար Փիլիպոսյան.

-Նահանգիս մասին չէի էլ լսել մինչ գնալս: Ապրում էի Այովա նահանգում՝ Ջոնսթոն քաղաքում: Առաջին բանը, որ գրավեց իմ ուշադրությունը օդանավակայանից տուն գնալիս, եգիպտացորենի անծիր դաշտերն էին: Հյուրընկալող ընտանիքս իմ հայկական ընտանիքի նման մեծ է, բայց մի քիչ անսովոր. ինձ հասակակից երեխաներ չկան: Ունեմ 4 հյուրընկալող քույր և եղբայր: Նրանք 3, 5, 8 և 10 տարեկան են: Դե, կարող ես պատկերացնել, թե տանն ինչ է կատարվում: Քայլում ենք խաղալիքների վրայով, գտնում ենք կոնֆետի թղթեր գրեթե ամենուր և անպայման դիտում այն, ինչ իրենք են ուզում, այսինքն՝ «Դիսնեյ» ալիքը (Disney channel), որին, անկեղծ ասած, դեմ չեմ: Իսկ հյուրընկալող ծնողներս երիտասարդ են և եռանդուն: Սիրում են դրսում ժամանակ անցկացնել և հյուրասեր են: Միշտ օգնել են ինձ այս տարվա ընթացքում, երբեք անուշադրության չեն մատնել: Նույնիսկ օգնել են, որ այցելեմ իմ երազանքների քաղաքը՝ Նյու Յորքը:

Նարեկ Սահակյան.

-Ապրել եմ Փենսիլվանիա նահանգի Միդվիլ քաղաքում։ Ոչ շատ մեծ տիպիկ ամերիկյան քաղաք էր։ Մարդիկ չափազանց բարի և ընկերասեր էին. անգամ հարևան տատիկ-պապիկների հետ էի ընկերացել։ Մեկ ավագ դպրոց ունեինք, որը շատ մեծ էր։ Սա ինձ համար առավելություն էր, քանի որ քաղաքի գրեթե բոլոր հասակակիցներիս ճանաչում էի։ Իսկ հյուրընկալող ընտանիքիս անդամները հիանալի մարդիկ էին։ Ունեի հայր, մայր և եղբայր, նաև 3 կատու և 2 շուն։ Հյուրընկալող ծնողներս երկուսն էլ աշխատում էին, սակայն միշտ բավականին ժամանակ մնում էր, որպեսզի շփվեինք միմյանց հետ, հետաքրքիր ժամանակ անցկացնեինք։ Անչափ ուրախ եմ, որ հենց այդ ընտանիքում եմ մեկ տարի ապրել, քանի որ միայն այդ մի տարում շատ-շատ բաներ եմ սովորել և ինքնազարգացել։

-Հե՞շտ եք հարմարվել նոր միջավայրին: Արդյոք եղե՞լ են դժվարություններ: 

Գոհար Փիլիպոսյան.

-Բնավորությանս գծերից մեկը նոր միջավայրին արագ հարմարվելն է: Դրա հետ կապված խնդիր չեմ ունեցել: Իսկ դժվարությունները, բնականաբար, ի հայտ են եկել տարվա ընթացքում: Ամենասկզբում ուտելիքի և մի քիչ էլ լեզվի հետ եմ խնդիր ունեցել: Ամեն բան նոր էր, փորձում էի ամեն ուտելիք, որն առաջարկում էին, ուղղակի մեր հայկականի նման չէր հագեցնում քաղցը: Մինչդեռ մենք ասում ենք. «հաց ու պանիր, կեր ու բանիր»: Իսկ լեզուն ոչ թե չէի հասկանում, այլ անսովոր էր անընդհատ անգլերեն լսելը, երբեմն հոգնում էի և անկախ ինձնից մարդկանց կամ հայերեն էի պատասխանում, կամ հայերենով հարց տալիս: Բարեբախտաբար դա երկար չտևեց, երևի 2-3 շաբաթ: Ամենադժվար ամիսը եղել է դեկտեմբերը: Կարոտում էի ամեն ինչ` երկիրս, ընտանիքս, տունս, քաղաքս, ընկերներիս, լեզուս, ուտելիքը: Մի խոսքով, ֆիզիկապես ԱՄՆ-ում էի, ամբողջ մտքով և հոգով՝ տանը:

Նարեկ Սահակյան.

-Բնականաբար, ամեն ինչ այդքան էլ հեշտ չէր։ Ամբողջովին նոր միջավայր, այլ մարդիկ, այլ մշակույթ, այլ կենցաղ։ Բայց ես բավականին արագ հարմարվեցի նոր միջավայրիս։ Մի քանի շաբաթ հետո արդեն ինձ տանն էի զգում, ու հյուրի կարգավիճակն անցել էր։ Դա երևի նաև հյուրընկալող ընտանիքիս շնորհիվ էր, քանի որ նրանք հյուրընկալելու մեծ փորձ ունեին և գիտեին՝ ինչպես ճիշտ վարվել։

-Ի՞նչ տվեց քեզ ծրագիրը: 

Գոհար Փիլիպոսյան.

-Ծրագիրն ինձ պարգևեց կյանքիս ամենախենթ տարին: Ձեռքբերումներս ահռելի են: Եթե ծրագրից առաջ ինձ տեսնում էին որպես մեծ երազանքներ ունեցող աղջիկ, ապա հիմա կտեսնեն ձևավորված անհատ, որը հասկանում է՝ ինչ է անհրաժեշտ իրեն և ինչ «աշխարհը փոխելու» պոտենցիալ ունի: Բայց ամենակարևորը հարազատ դարձած ընկերներս են աշխարհի տարբեր ծայրերից, որոնց շատ դժվար էր «մնաս բարով» ասելը, Հայաստանի «Ֆլեքսի» ընկերներս ու նաև ամերիկյան հյուրընկալող ընտանիքս: Ապրելով բոլոր հարազատներիցս ու ընկերներիցս հեռու՝ օտարության մեջ, առաջին հերթին ինքնուրույնություն ձեռք բերեցի, այսինքն՝ ես ավելի վստահ եմ լուծում իմ խնդիրները, քան կանեի առաջ: Դարձել եմ ավելի ազատամիտ, շատ ավելի լայն եմ աշխարհն ընկալում: Նախքան մասնակցելս ես ինձ տեսնում էի որպես ՀՀ քաղաքացի, իսկ հիմա գումարում եմ նաև «աշխարհի քաղաքացի» կամ «global citizen» լինելու գաղափարը:

-Ի՞նչ խորհուրդ կտաք այս տարվա հաղթողներին: 

Գոհար Փիլիպոսյան.

-Նրանց, ովքեր ընտրվել են որպես հաղթող, կասեմ, որ վայելեն ամեն մի վայրկյանը, ԱՄՆ-ում բաց չթողնեն ոչ մի ընձեռնված հնարավորություն: Դժվարություններ լինելու են, բայց թող ամեն անգամ մտաբերեն, որ իրենց հենց այնպես չեն ընտրել:

Նարեկ Սահակյան.

-Եթե դեռ նոր եք դիմելու FLEX-ին, ապա միշտ հիշեք, որ պետք է լինեք հնարավորինս բաց և նորություններին պատրաստ մարդ։ Երբեք մի կեղծեք ձեր «եսը», եղեք այն, ինչ կաք։ Իսկ եթե չհաջողվի անցնել մյուս փուլ, ապա առանց ժամանակ կորցնելու աշխատեք ձեզ վրա, որպեսզի մյուս տարի մասնակցեք և հաղթեք։ Քննության ժամանակ չմոռանաք լինել անկեղծ։