Վահագնի

Լուսանկարը՝ Սամվել Մքոյանի

Լուսանկարը՝ Սամվել Մքոյանի

Ամեն բնակավայր ունի իր ծագումն ու պատմությունը, հետևաբար, Վահագնի գյուղը բացառություն չէ: Այն բավականին հին գյուղ է, որի կառուցման գործում մեծ դեր են ունեցել յոթ գերդաստանների ավագները՝ Քոչինը, Վարդումը, Փարեմուզը, Կոստանդը, Մարտիրոսը, Մոսինը և Կիրակոսը: Այդ յոթ գերդաստաններն իրենց ավագներով Ղարաբաղից տեղափոխվում են Լոռի: Երկար դեգերումներից հետո կանգ են առնում Շահալի բնակավայրում, որը հնում հայտնի է եղել Վերին Հագնի անունով: Կիրակոսի  գերդաստանից  են սերվում Առաքելը, Ներսեսը, Կախը և  Բեգլարը,  որոնք եղել  են  եղբայրներ, և  եկել են   Ղարաբաղից  Իջևանի  Սևքար  գյուղ,  այնտեղից  տեղափոխվել Դսեղ, և  վերջում  հաստատվել Շահալիում մինչ  օրս:   Օրինակ,  մենք՝  Բեգլարյաններս,  Բեգլարի  ծոռներն  ենք: Ունենք  մեծ  գերդաստան,  և  չենք  խզում  բարեկամական  կապերը  այդ  տոհմերի  հետ՝  համարելով  նրանց  մեր  արյունակիցն  ու  ազգականը:

Բնակավայրը գյուղ չի համարվել: 1806-1807 թվականներին յոթ ընտանիքներով կառուցում են Շահալիի եկեղեցին: Գերդաստանների ավագները հավաքվում են, և մի քանի հոգուց բաղկացած պատվիրակություն են ուղարկում կաթողիկոսի մոտ: Կաթողիկոսը հանձնարարում է Ղարաքիլիսայի քահանային՝ բնակավայրն ապահովել հոգևորականով, որպեսզի ծուխ (գյուղ) ձևավորվի: Ղարաքիլիսայի հոգևորականներից մեկը՝ տեր Հովհաննեսը, համաձայնվում է տեղափոխվել Վահագնի և դառնում է գյուղի առաջին քահանան: Այդ յոթ ընտանիքների աջակցությամբ անհայտ վարպետների կառուցած փոքրիկ եկեղեցին՝ Սբ. Նշանը, բավարարում էր համայնքի հոգևոր պահանջները: Զանգակատունը կառուցվում է ավելի ուշ՝ 1838 թվականին: Եկեղեցին գործել է մինչև 1922 թվականը: Այնուհետև այն վեր է ածվել կոլտնտեսության պահեստի: Տանիքը վերջնականապես փլվել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժի ժամանակ: Կանգուն են եկեղեցու պատերը և զանգակատունը: Գործում է 2000 թվականին հիմանդրված Ա. Քոչինյանի անվան միջնակարգ դպրոցը, որի աշակերտները հասել են մեծ հաջողությունների դպրոցում ստացած գիտելիքներով: Գյուղն ունի նորակառույց մանկապարտեզ, և մոտակա ժամանակահատվածում կհանձնվի շահագործման: Ունենք նաև հուշարձան՝ Վահագնիի փառքի հուշարձանը, այն միակն է Հայաստանում, որ խորհրդանշում է նաև Վահագն աստծուն: «Վահագն վիշապաքաղը» կանգնեցվել է Հայրենական Մեծ պատերազմում զոհված վահագնեցիների հիշատակին: Այն իրենից ներկայացնում է հոյակապ համալիր՝ կազմված ճարտարապետական երկու լուծումներից: Վահագնը պատերազմում հաղթած, հերոսացած հայ մարտիկի խորհրդանիշ-կերպարն է, վիշապը՝ պարտված ու ոչնչացած ոսոխը: Համալիրն ամբողջանում է թանգարանային մասով: Այն կառուցվել է բացառապես ժողովրդից հանգանակած գումարներով: Հանգանակությանը մասնակցել են Հայաստանում և արտերկրում բնակվող բոլոր վահագնեցիները: Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1973 թվականի մայիսի 9-ին: Զոհվածների շարքերում է նաև ամբողջ Լոռու մարզից ռազմաճակատ մեկնած միակ կինը՝ Վահագնիի քաջարի դուստր, բուժքույր Մարուսյա Քոչինյանը: Այժմ հուշարձանը գտնվում է վթարային վիճակում: Գյուղն ունեցել է և հիմա էլ ունի մի շարք անվանի անձիք, որոնցից են՝ քաղաքական գործիչ՝ Անտոն Քոչինյանը, երգահան՝ գուսան Զաքարյանը, Հայրենական պատերազմի հերոս՝ Գառնիկ Վարդումյանը և գրող՝ Լիպարիտ Սարգսյանը: 2013 թվականին ասֆալտապատվեց գյուղի գլխավոր ճանապարհը, նույն թվականին մեծ շուքով նշվեց Ա. Քոչինյանի 100-ամյակը, որի հետ միաժամանակ դպրոցի բակում տեղադրվեց Ա. Քոչինյանի և գուսան Զաքարյանի կիսանդրիները: Համայնքում կա նաև հիվանդանոց, այն անվանվել է Մարուսյա Քոչինյանի անունով: Հիվանդանոցը սպասարկում է շրջակա հինգ գյուղերի բնակիչներին, բժիշկ՝ Աշոտ Հակոբյանի տնօրինությամբ : Արցախյան հերոսամարտին գյուղից շատերը մասնակցեցին, բայց ռազմաճակատ մեկնեցին և հերոսաբար կռվեցին մինչև կռվի ավարտը՝ Մանվել Աբրահամյանն ու Մանվել Հովհաննիսյանը: Այսօր էլ անկախ պետականության օրոք, երբ չկա կոլտնտեսություն, բնակչությունը չի դադարում զբաղվել գյուղատնտեսությամբ, քանի որ դրանով են ստեղծում օրվա հացը: Չնայած դրան, գյուղացիները խոստովանում են, որ անկախություն ձեռք բերելուց հետո կյանքը բավականին դժվարացել է: Չկա աշխատանք, մարդիկ մատնված են գործազրկության, այդ իսկ պատճառով լքում են հայրենիքը, որպեսզի գումար վաստակեն՝ ընտանիքի նյութական պահանջները ապահովելու համար: Ցավալի է, բայց փաստ, որ գյուղը լքում են մեծ մասամբ երիտասարդները, որոնք երբեմն էլ հեռանում են իրենց ընտանիքների հետ՝ անվերադարձ: Խմբակների բացակայությունն էլ ավելի վատ է անդրադառնում երեխաների ու երիտասարդների վրա, նրա համար, որ գյուղում չկա առանձնապես ոչ մի զբաղմունք: Դրա համար էլ շատ երիտասարդ ընտանիքներ իրենց երեխաների ապագան կերտելու համար տեղափոխվում են քաղաքներ: 2014 թվականից սկսած դպրոցին կից կառուցվում է սպորտդահլիճ, որը դպրոցահասակ երեխաներին հնարավորություն կտա մարզվել և իրենց ժամանակը արդյունավետ անցկացնել: Գյուղն օրեցօր դատարկվում է, բայց մենք մեր հույսը չենք կորցնում, և ապագային նայում ենք լավատեսորեն, սպասելով, որ մի օր բոլորը ետ կվերադառնան և կշենացնեն իրենց հայրենի օջախները:

Լուսանկարը՝ Սամվել Մքոյանի

Լուսանկարը՝ Սամվել Մքոյանի

Լուսանկարը՝ Սամվել Մքոյանի

Լուսանկարը՝ Սամվել Մքոյանի

Լուսանկարը՝ Սամվել Մքոյանի

Լուսանկարը՝ Սամվել Մքոյանի

Լուսանկարը՝ Նելլի Բեգլարյանի

Լուսանկարը՝ Նելլի Բեգլարյանի