«Վանիլային» հյուսվածքային ճարտարագիտության դասընթաց

Սեպտեմբեր ամիսն էր: Դպրոցից նոր էի տուն վերադարձել, բայց չգիտեմ, թե ինչու, այդ օրը տրամադրություն չունեի:
-Անու՛շ, նոր նամակ ունես, ինձ թվում է՝ այն ծրագրից է, որին վերջերս ես դիմել. չե՞ս ուզում տեսնել, թե ինչ է:
-Չէ, մա՛մ, մեկ է՝ ընտրված չեմ լինելու. ո՞վ կընտրի ինձ պես անփորձ դպրոցականին:

Հետո, երբ «այծիկներս հեռացան», (ինչպես մայրս է ինձ կատակով բնութագրում), որոշեցի ստուգել, թե ինչ է գրված: Նամակի առաջին տողը կարդալիս աչքերս փայլեցին, իհարկե, այնպես պայծառ չէ, ինչպես արևը: Բայց  այ, արևի պես պայծառ փայլեցին այն ժամանակ, երբ իմացա, որ ընկերներիցս մեկը նույնպես ընտրվել է, և միասին ենք մասնակցելու Հյուսվածքային ճարտարագիտության դասընթացին:

Այժմ՝ որքա՜ն ուրախ եմ, որ ստացա այդ նամակը: Եվ  որքա՜ն տխուր, որ կյանքում ամեն բան ունի նաև ավարտ:

Պատճառն այն է, որ մի քանի օր առաջ Հյուսվածքային ճարտարագիտության դասընթացն ավարտվեց, որը տեղի էր ունենում Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում: Դասընթացի ղեկավարը ԱՄՆ-ի Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Նարինե Սարվազյանն էր՝ լավագույն հայ գիտնականներից մեկը, ով ոչինչ չէր խնայում իր գիտելիքները մեզ փոխանցելու համար, ոգեշնչում էր, իր խորհուրդներով մեզ օգնում ու քաջալերում:

Դասընթացի տևողությունը 4 ամիս էր. ամիսներ, որոնք լի էին նորանոր բացահայտումներով, գիտական փորձերով ու տիեզերքի պես անսահման գիտելիքներով: Մասնակիցներս 12-ն էինք՝ բաժանված 4 թիմերի:Ես ելակի պես կարմիր թիմից էի, որը կազմված էր 3 աղջիկներից՝ աղջիկների աստղային եռանկյուն:

Մասնակիցները տարբեր տարիքի անչափ խելացի ու պայծառ մարդիկ էին, որոնք իրենց փորձը և գիտելիքները պատրաստ էին կիսել միմյանց հետ, օգնել և աջակցել իրար: Ես ամենափոքր մասնակիցն էի, սակայն ոչ մի վայրկյան  ինձ միայնակ չզգացի, որովհետև իմ կողքին կային այնպիսի՜ բարի մարդիկ, որոնք հանդիպում են հեքիաթներում: Անկեղծ ասած, երբ առաջին օրը ուշացած ներս մտա, առաջին վայրկյանից սկսեցի մտածել, որ նրանք ինձանից ավելի մեծ են, խելացի ու բանիմաց, ինչպե՞ս եմ հարմարվելու: Բայց հետո նրանք ժպտացին ինձ իրենց բարի ժպիտներով, աստղերի պես փայլուն աչքերով: Այժմ սա գրելիս հիշում եմ նրանցից յուրաքանչյուրին, հիշում նրանց հետ յուրաքանչյուր օրը և հասկանում, որ հասցրել եմ շատ սիրել նրանց: Այս 4 ամիսների ընթացքում որքա՜ն նոր բաներ սովորեցի, ինչպիսի՜ լավ ընկերներ ձեռք բերեցի, նաև հասկացա, որ ապագայում ուզում եմ գիտությամբ զբաղվել:

Շնորհակալ եմ նրանցից յուրաքանչյուրին  այս ծիածանի պես գունեղ, արևի պես ջերմ, մանդարինի և վանիլի անուշ բույրերով պարուրված ամիսների համար:

«Ով կարողանում է յուրաքանչյուր ակնթարթը լցնել խոր բովանդակությամբ, նա անսահմանորեն երկարացնում է իր կյանքը»: Այս ասույթը եկավ միտքս, մտածում եմ՝ տեսնես՝ քանի՞ տարով երկարեց կյանքս այս մի քանի ամիսների ընթացքում: