amalya harutyunyan

Վառ պահիր լույսը

Անձրևը երևույթ է: Անձրևը բնության երևույթ է, որը ամպերից թափվում է երկրի մակերեսին հեղուկ կաթիլների տեսքով:

Իսկ քանի՞ անգամ ենք մենք թրջվում անձրևից ու քանի հազարավոր անգամներ փախչում ենք նրանից: Չենք սիրում անձրևը ու մի լավ կռիվ տալիս եղանակի հետ, եթե ջրափոսեր ու ամպամած երկինք կան:
Իսկ ինչո՞ւ մենք երբևէ չենք խուսափում մեր միջի անձրևից: Էն անձրևից, որ նույն ձևով է գալիս, նույն հեղուկ կաթիլի տեսքով ու նույն ձևով ջրափոսեր առաջացնում մեր մեջ:
Անձրևը թափվում է հիմնականում շերտաանձրևային և կույտաանձրևային ամպերից։
Իսկ մեր շերտաանձրևային ամպերը քանի՞ շերտ են պարունակում, քանի տխրության, թախիծի կամ հակառակը՝ քանի ուրախության առիթ:
Իսկ մեր կույտանձրևային ամպերը քանի պատճառահետևանքային կապ ունեն ու քանի շարժառիթ, քանի չասված բառեր ու խեղդված արտահայտություններ, քանի չարած գործեր ու չլրացրած էջեր:
Ես գիտեմ՝ նա իր անձրևանոցը երբեք չի հանում պայուսակից, բայց նաև երբեք չի օգտագործում այն: Հա, մինչև մաշկի վերջին բջիջը թաց է դառնում: Ու թրջվում է նաև միջի անձրևից, հեղեղվում է կաթիլներից: Բայց նա երբեք, ոչ մի դեպքում չի բացում իր անձրևանոցը:
Եթե որևէ նյութ շիկացնենք 700°C ջերմաստիճանից ավելի, այն կսկսի լուսարձակել: Արեգակը, մոմերը և էլեկտրալամպերը լուսարձակում են, որովհետև շատ տաք են:
Իսկ մե՞նք: Ո՞ր ջերմաստիճանում ենք մենք սկսում լուսարձակել: Միգուցե, երբ բարության ջերմաստիճանն է շատ, դե, կամ էլ անկեղծության: Կամ երբ մի լավ բան ենք անում, կամ մի լավ բան ենք մտածում, տեսնես՝ մեր լուսարձակման ջերմաստիճա՞նն էլ պիտի 700°C լինի, թե՞ մենք 500°C ջերմաստիճանով կբավարարվենք: Մենք սկսում ենք շիկանալ կարոտից, սիրուց, երջանկությունից: Մենք տաքանում ենք, անխնա լցնում մեզ տաք հոսանքով ու ճիշտ պահին լուսարձակում ենք ու լուսարձակելով՝ լուսավորում ենք ոչ միայն մեր ներսը, այլև շրջապատող մարդկանց: Դե, ինչպես արևը լուսավորում է շրջապատը, բայց բավական է՝ մի պատուհան տեսնի ու անմիջապես ներս է թափանցում:
Էլեկտրալամպերի մեծ մասի մեջ կա վոլֆրամե թելիկ: Երբ դրա միջով հոսանք է անցնում, այն շիկանում է՝ սպիտակելու աստիճան:
Իսկ մեր թելիկը ո՞րն է: Ինչի՞ շնորհիվ ենք մենք լուսարձակում: Ո՞րն է էն մոտիվացիան, որ մեզ տանում է մինչև սպիտակելը: Միգուցե նպատակնե՞րը, իսկ եթե երազանքնե՞րը, իսկ եթե հնարավորությո՞ւնը, կարող է և կամքի ուժը կամ երևակայությունը: Չգիտեմ, թե այս դեպքում որ նյութից պատրաստված թելիկն է մեզ տանում առաջ, բայց որ այն պետք է ուժեղ լինի, դա հաստատ:
Ես համոզված եմ, որ նա անջատում է լույսը՝ ամեն անգամ սենյակից դուրս գալիս, անջատում է մինչև վերադառնալը:
Իսկ մենք ինչո՞ւ ենք անջատում մեր ներսի լույսն ու այլևս հետ չենք գալիս: Հա, հետ չենք գալիս: Նա կգա, արդեն լույսը չի վառի, մութ սենյակում կխարխափի ու կգնա:
Մենք էլ կգանք: Հա, կգանք: Կնայենք մեր ներսի մութ սենյակին ու խարխափելուց հետո՝ մեկ է՝ չենք միացնի լույսը:
Մենք ընտրում ենք բարդը: Մենք տարօրինակ ենք: