Վարպետության դասը վարում է Ռուզան Խաչատրյանը

«Ծիծաղս եկավ, երբ օվկիանոսի այն կողմից նախկին մի հայաստանցի գրեց. «Լեգենդար լրագրող ես, ուզում եմ հետդ «սքայփով» խոսել»:  Հոպ, ես երեխա չեմ, ոչ ոք լրագրողին այդպիսի շռայլ հաճոյախոսություն չի անում հենց այնպես. դրա համար առնվազն պիտի մեռած լինես, չնայած, դա էլ երաշխիք չէ: 

«Սքայփվելուց» հետո, երբ հասկացա, որ ճիշտ էի, որոշեցի գիրք գրել սկսնակների համար, որպեսզի լրագրողական փորձի տասնյակ տարիներ չծախսեն ինձ պես` տարրական բաները հասկանալու համար»:

Սա մի հատված է լրագրող Ռուզան Խաչատրյանի «Սկսնակ լրագրողի գրքից», որը վերջերս է լույս տեսել և նախատեսված է լրագրության մեջ առաջին քայլերն անող երիտասարդների համար:


-Ի՞նչ կրթություն եք ստացել:
-Ես Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում եմ երեք տարի սովորել: Արդեն ժուռնալիստիկայի մեջ մասնագիտանում էի, բայց տեղափոխվեցի Մոսկվայի պետական համալսարան: Մեր ժամանակ այդպիսի բան կար, երկրորդ կուրսից կարող էիր Մոսկվայի համալսարան տեղափոխվել: Երևանում չկար ժուռնալիստիկայի ֆակուլտետ, որովհետև կոմունիստական երկրներում համարում էին, որ պիտի իրենց ձեռքի տակ լինի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, քանի որ ժուռնալիստիկան համարում էին կարևոր քարոզչական մասնագիտություն: Երևանում ժամանակին ժուռնալիստիկայի ֆակուլտետ կար, սակայն փակել էին, քանի որ ուսանողությունը, երիտասարդությունը ակտիվ էր: Միայն Մոսկվայում, Լենինգրադում, կարծեմ Թբիլիսիում կար ժուռնալիստիկայի ֆակուլտետ:

-Որտե՞ղ եք աշխատել:
-Թերթերում եմ աշխատել՝ «Ազգ»,  «Երկիր», «Ար» (հիմա գոյություն չունի այդ թերթը): Հետո աշխատել եմ «Ազատություն» ռադիոկայանում` ամենաերկարը, հիմա Հանրային ռադիոյում էլ եմ աշխատում և հեռուստատեսություններից աշխատել եմ «Կենտրոն», «Հանրային», «Շանթ», հիմա՝ «Երկիր Մեդիա»-յում: Մի խոսքով, գրեթե բոլոր տեղերում: Եվ ասեմ, հետաքրքիր է մեկից մյուսն անցնելը:

-Դուք 2009-2011 թվականներին համատեղել եք շատ աշխատանքներ: Ինչպե՞ս եք կարողացել դրանք միաժամանակ անել:
-Նախ, հենց սկզբից ասեմ, որ դա շատ վատ բան է լրագրողի համար` համատեղել աշխատանքները: Ես հինգ տեղ էի աշխատում, դա Հայաստանի լավ կյանքից չէ: Եթե դուք բախտ կամ առիթ ունենաք արևմտյան որևէ լրատվամիջոցի համար աշխատելու, և դա լինի հաստիքային, մշտական աշխատանք, իրենք կպահանջեն, որպեսզի դուք միայն իրենց համար աշխատեք: Դա ի՞նչ է նշանակում` լավ վարձատրություն: Ամեն ինչ փոխադարձ է: Եթե պահանջը կա, որ միայն իրենց համար պիտի աշխատեք, ես չեմ ասում միլիոնատեր դառնալ, բայց իրենք պիտի վճարեն միջինից բավական բարձր, որպեսզի դուք ընտանիք պահելու համար, ինքներդ ձեզ պահելու համար մի քանի տեղ չաշխատեք: Իսկ Հայաստանում հիմնականում ստիպված ենք համատեղել: Տուժում է լրագրողի աշխատանքը` մի ձեռքով փորձեմ ճաշ եփել, ավելի դանդաղ կլինի, ավելի վատ կստացվի, կթափեմ, բայց երկու ձեռքով շատ լավ կարող եմ եփել, եթե հմտություններն ունեմ: Նույն բանն է՝ լրագրողը այստեղից վազում է այնտեղ, այնտեղից վազում է այնտեղ, չի խորանում իր նյութերի մեջ ու, ամենակարևորը, այդտեղ շահերի բախում կա:  Այսօր ես տեսագրեցի մի նյութ «Երկիր Մեդիայի» համար, բայց մի նյութ էլ ես պիտի տամ ինտերնետային կայքի համար, որովհետև ես երկու տեղ աշխատում եմ: Որի՞ն առաջինը պիտի տամ: Եթե մեկին տամ առաջինը, մյուսը  կասի, որ ինձ փող է տալիս, որ ես մյուսի՞ն տամ առաջինը: Եվ այդտեղ էլ կլինի շահերի բախում: Ու Հայաստանի մեդիայում երևի շատ-շատ մարդիկ այդպես շարունակում են աշխատել: Չգիտեմ, իրենց մեջ,  իրենց խմբագրություններում կա՞ այդ ներքին կռիվը, թե չէ: Բացի այդ, հոգնում ենք. դու պիտի երկու տարբեր նյութ պատրաստես, որպեսզի նույն բանը երկու տեղում չտաս, դա էլ կլինի վատ բան, եթե դու նույն բանը «սաղացնես» երկու տեղում էլ: Այնպես որ, լավ կյանքից չէ, որ Հայաստանում շատ լրագրողներ մի քանի տեղում են աշխատում, մի կերպ փորձում են հասցնել: Մեկը մյուսի հաշվին է ստացվում:


-Ե՞րբ և ինչո՞ւ որոշեցիք գրել «Սկսնակ լրագրողի գիրքը»:
-Դե, ես միշտ մտածում էի, որ մի քիչ փորձ ձեռք բերեմ, երևի անպայման իմ փորձը կփոխանցեմ սկսնակ լրագրողներին: Մի տեսակ նաև ափսոսում ես, որ կուտակվում է: Ինչպե՞ս են տատիկներն ու պապիկները սիրում ասել. սա այսպես արա, նա այսպես արա: Այդպես էլ մասնագիտության մեջ է: Երբ այդքան կուտակվում է, դու ուզում ես անպայման փոխանցել:

Մինչև 2008 թվականը  դանդաղորեն, մի կերպ մեր պրոֆեսիոնալ լրատվությունը առաջ էր գնում, ճակատը պնդացրած, իր համար ճանապարհ հարթելով, բայց 2008 թվականի նախագահական ընտրությունների շեմին այնպիսի մի իրավիճակ ստեղծվեց, որ  մեդիան սկսեց ավելի հետ գնալ, բաժանվեց երկու մասի՝ իշխանություններ, ընդդիմություն: Չափից դուրս բևեռացավ, ու ես զարմանում էի, որ նույնիսկ իմ ամենապրոֆեսիոնալ (որը էտալոն էր համարվում), «Ազատություն» ռադիոկայանում էլ եղան մարդիկ, որոնց նույնպես «տարավ» այդ բևեռացումը: «Ազատության» սկզբունքներն այսպես են՝ մենք ոչ մի կողմից չենք, և ընդհանրապես, պրոֆեսիոնալ լրագրության սկզբունքներն են այդպես, բայց «Ազատությունում» շատ խիստ է դրված, չափից դուրս խիստ: Մանավանդ, որ ֆինանսավորումը մեր հայաստանյան որևէ կողմից չէ, մենք միայն պրոֆեսիոնալ սկզբունքներն ենք պաշտպանում:

2008 թվականի քարոզարշավի ժամանակ նախագահի ընտրություններում, ես տեսա, որ նույնիսկ «Ազատության» աշխատակիցներն են սկզբունքները մի կողմ դրել: Եվ ավելին ասեմ, կարող էր մի անծանոթ զանգահարել որևէ մարզից, ասեր, թե իրեն ծեծեցին, լրագրողը ձայնագրեր ու անմիջապես եթեր տար, և թե այդ մարդն ով է` չիմացվեր, այսինքն, պրոֆեսիոնալ  բաներն արդեն լղոզվել էին: Ու ես անընդհատ մտածում էի. Միտումնավո՞ր է, թե՞ պարզապես չգիտեն: Ասեմ, որ մի քիչ ավելի երիտասարդներ էին այդ բաներն անողները: Իրենք պարզապես չհասցրեցին փորձ ձեռք բերել, սովորել ու միանգամից քարոզարշավի մեջ մտան: Մտածեցի` գուցե ես գրեմ այս ամենի մասին: Ես հաճախ էի նաև տեսնում, թե ինչ հեշտ է անփորձ լրագրողին մոլորեցնելը: Դե, աղջիկները սիրում են,  որ հաճոյախոսություններ են անում, ու եթե մի նախագահի թեկնածու ասում էր, թե ինչ սիրուն է նա, աղջիկը հալվում էր, ու վերջ: Այդ թեկնածուի ոչ մի բացասական բան այլևս չէր տեսնում: Ես չեմ ասում միտումնավոր բացասական բաներ գտնել մարդու մեջ, բայց երբ այդ մարդը սխալ բան էր ասում, այդ լրագրողուհին էլ հակադարձող հարց չի տալիս: Աղջիկը հալվել է, իրեն թեկնածուն ասել է, թե ինչ սիրուն է ինքը: Դա «կուտ ուտելու» ամենաթեթև բանն է, մյուս բաները չեմ ասում: Ու մտածեցի, գրքում գրել եմ այդպես, որ ինչու ես 20, 30, 40, չէ 40 դեռ չկա, այսքան տարի պիտի փորձ ձեռք բերեմ, նոր այդ բաները հասկանամ, թող միանգամից, այն ինչ ես այսքան տարիներում եմ ձեռք բերել, նոր սերունդը շուտ իմանա: Ես իրենց ասեմ արդեն այն գաղտնիքները, ինչ ես իմ փորձի ընթացքում եմ բացահայտել:

-Ի՞նչ հատկություններ ու գիտելիքներ են պետք լրագրող դառնալու համար:
-Գիտելիք ամբողջ կյանքում կարող եք ձեռք բերել: Լրագրողը պիտի ամեն ինչ էլ իմանա: Իսկ հատկանիշներից մեկը լեզվական ունակություններն են: Ճիշտ է, մեկին դա տրվում է ի ծնե, մյուսին մի քիչ դժվարությամբ, բայց այդ ունակությունները գիրք կարդալով կարելի է զարգացնել: Ուրեմն, այն լեզուն, որով աշխատում ենք, մեր դեպքում մայրենի լեզուն է՝  հայերենը: Ինչքան շատ կարդաք, լեզվին շատ տիրապետեք, ձեզ համար այդ պատմելու հատկանիշը, որը շատ կարևոր է լրագրության մեջ, խաղ ու պար կդառնա: Կարդացեք, գրեք, կարդացեք, գրեք: Երկրորդ հատկանիշը, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ նա ով փոքր հասակից սովոր է սուտ խոսել, ուռճացնել, ապա դա բնավորություն է դառնում:  Այդպիսի մարդը չեմ կարծում, որ պիտի գնա լրագրություն: Ինձ թվում է, մարդն ինչպես ձևավորվում է, այդ նույն ձևով ինքն իր մասնագիտության մեջ է լինում: Կարծես փորձարկում արած լինեմ իմ շրջապատի մարդկանց, իմ շրջապատի լրագրողներին՝ ով սովորություն ունի մի քիչ ուռճացնելու, ինքն իր նյութերի մեջ էլ է անում դա: Ով այդ հատկանիշն ունի, խորհուրդ կտայի չգնա լրագրություն, որովհետև հետո պատուհաս են դառնում: Մենք «Ազատությունում» մի ղեկավար ունեինք՝ Վաչիկը, շատ լավ հոգեբան էր, հազվադեպ է լինում: Ինքը շատ լավ գիտեր իր թղթակիցների բնավորությունը, որ գնում էին իրադարձության վայր և գալիս էին, ինքը գիտեր, ով է սիրում ուռճացնել, ասում էր.
-Մի րոպե, լավ, հանգստացի, հիմա ասա իրականում ինչ է եղել, առանց չափազանցնելու:
Ուրեմն չստել, լեզու իմանալ և շատ տեղեկացված լինել՝ անընդհատ պիտի սովորեք, անընդհատ կարդաք ամեն ինչի մասին: Նշանակություն չունի, որ բնագավառը, որովհետև լրագրողին ամեն բանը մեկ էլ հանկարծ աշխատանքի պահին պետք է գալիս: Ոչ թե համակարգչի առջև աշխատելիս, այլ տեղում աշխատելիս: Համակարգչի առջև դուք կարող եք փորփրել, գտնել: Օրինակ, այսպիսի մի բան ասեմ: Վարչապետ է նշանակվել, որը հանրությանը անծանոթ է, հայտնի չէ: Կենսագրությունը հրապարակվեց ու մնացած բաները չէ, և առաջին ասուլիսն է , չնայած նրանք մինչև 100 օրը չի անցնում, ասուլիս չեն անում, բայց այնուամենայնիվ, ասենք, լրագրողները հավաքվել են, և մեկը տեսնում է, որ վարչապետի աջ ձեռքի եղունգները երկար են: Ու հետաքրքիր է, ճանաչողական ասուլիս է, ուզում ենք իմանալ, թե  ով է ինքը:
Եղունգներից կարող ենք եզրակացնել, որ նա կիթառ է նվագում: Գիտելիքն արդեն աշխատեց: Նստած ենք ասուլիսում, մինչև գնամ, համակարգչում փորփրեմ, կարող է և չգտնեմ, որ վարչապետը կիթառ է նվագում: Ես միանգամից տեղում ասում եմ.
-Ձեր աջ ձեռքի եղունգները երկար են, կարո՞ղ է դուք կիթառ եք նվագում:
Եվ ես ունեցա շատ սիրուն դետալ, որը մյուսների աչքից վրիպեց: Շատ տարրական գիտելիք, որը ձեզ կարող է օգնել:


-Եթե հնարավորություն ունենայիք Ձեր մասնագիտությունը նորից ընտրելու կամ ինչ որ մի բան փոխելու, երկրորդ մասնագիտություն ընտրելու, ի՞նչ կընտրեիք:
-Ուրիշ բան չէ, չեմ կարող անել, քանի որ շատ-շատ եմ խորացել: Այդ, որ լրագրողը պիտի մի քիչ խորանալով գնա, ուրիշ բան չեմ պատկերացնում: Երևի իմ էության մեջ էլ է, որովհետև կյանքդ լրիվ ուրիշ է դառնում, դու քնում-արթնանում ես, քո ուղեղում թեմաներ են, դու նայում ես կյանքին լրիվ ուրիշ աչքերով, բզիկներով նույնիսկ: Որ հանկարծ ես տանը նստած եմ, դրսում մի աղմուկ է լինում, ես ինձ պիտի դուրս գցեմ, ես չգիտեմ, դա ի ծնե է, թե լրագրությունից է, բայց իմ երեխաները դա բզիկ են անվանում, ասում են.
-էլի պիտի գնաս, իմանաս ի՞նչ է եղել, անհարմար է, մեծ կին ես, նստիր տանը:

Չէ, միայն լրագրող: Երևի շատ փոքր ժամանակվանից է ձևավորվել, էլ դժվար է ուրիշ բան պատկերացնել:

-Արդյո՞ք բոլոր տպագրված հոդվածները կարելի է գտնել համացանցում:
-Բնականաբար` ոչ: Մենք սկսել ենք այն ժամանակ, որ ո՛չ համացանց կար, ո՛չ նույնիսկ ձայնագրիչ: Մենք թուղթ ու գրիչով ենք սկսել, ու բացի այն, որ տեխնիկան շատ քիչ էր, հեռախոսն էլ անշարժ հեռախոսակապ էր միայն: Հիմա շատ հեշտ է լրագրությամբ զբաղվելը՝ բջջայինով զանգում ես, ձայնագրում է կամ միացնում ես հեռախոսներին, ձայնագրում ես: Այն ժամանակ միայն թուղթ ու գրիչով էր, բայց մենք հասցնում էինք, ու ես կարծում եմ, մենք ավելի քիչ էինք խեղաթյուրում, քան հիմա ձայնագրողները: Երբեմն ձայնագրում են, բայց գրում են ուրիշ բան՝ միտումնավոր, ոչ միտումնավոր:

-Իսկ հիմա տպագրվող բոլոր հոդվածները համացանցում տեղադրվո՞ւմ են, թե, եթե տպագիր մամուլ է կարող է ոչ բոլոր հոդվածները դնեն:
-Ես «Առավոտ» թերթից մի քիչ ծանոթ եմ: Գիտեմ, որ ոչ բոլորը, որովհետև թերթը չի վաճառվի, կամ էլ նախ տպում են թերթում, հետո նոր համացանցում դնում են, որովհետև եթե ինտերնետում դնեն թերթում տպվելիք հոդվածը, էլ չի վաճառվի այդ թերթը: Չնայած, այսպես էլ արդեն վաճառք չկա: Ես ավելին ասեմ, որոշ թերթեր Հայաստանում սկսել են (դրսում շատ վաղուց են սկսել), արխիվը իրենց, այն ժամանակների, որ չի եղել համացանց, անցկացնել համացանց: Դա շատ լավ բան է, բայց նաև աշխատատար, ֆինանսներ պահանջող գործ է: Արևմտյան շատ լրատվամիջոցներ, «Նյու Յորք Թայմս»-ը և այլն, ֆոտոպատճեով են դնում: Լուսանկարում են իրենց թերթի էջերը և դնում են, բայց գումարով դարձրեցին, որովհետև  «Նյու Յորք Թայմս»-ը  ուներ 19-րդ դարի սկզբի համարները ֆոտոպատճենած: Իրենք դարձրեցին մի մուտքը 4 դոլար: Դա, իհարկե շատ մեծ թիվ չէ, բայց եթե դու կոնկրետ բան ես փնտրում, պիտի ամեն հոդվածի համար 4 դոլար տալով գնաս: Օրինակ, եթե փնտրում ես 1915 թվականին  «Նյու Յորք Թայմս»-ը ցեղասպանության մասին ինչ է գրել,  իհարկե, «փնտրել» կոճակով բերում ես ցեղասպանության մասին բոլոր բաները, բայց  մեկը կարդացիր, մյուսն էլ ես ուզում, ամեն 4 դոլարը շատ փող է լինում: Առաջ անվճար էր: Ես շատ-շատ եմ օգտվել:

-Ընթերցողը ավելի շատ համացանցի նյութե՞րն է կարդում, թե՞ թերթի:
-Իհարկե համացանցի: Նախ, թերթերի տպաքանակները Հայաստանում ահավոր քիչ են, անկախ այն բանից, որ ամբողջ աշխարհում տպագիր մամուլը ճգնաժամ ապրեց ինտերնետային մեդիայի պատճառով, տպաքանակները փոքրացան, հետաքրքրությունն արդեն տպագիր թերթի հանդեպ պակասեց: Ամերիկայում, դեռ միլիոնների տպաքանակի մասին է խոսվում: Կարող է 120 միլիոնից դարձել է 50 միլիոն, բայց Հայատանում արդեն փոքր երկիր, քիչ ընթերցող ու նաև սոցիալական դժվար վիճակ, և բոլորը չէ, որ թերթի համար կարող են ամեն օր փող տալ: Ու մի մասն էլ համացանցից է կարդում, 2000-3000 տպաքանակի մասին ենք խոսում, շատերը նույնիսկ խոստովանում են, որ դա էլ չկա: Իրականում նույնիսկ թերթի վերջում ամաչում են գրել, ասենք` 1000, գրում են` 3000:

-Քանի որ ինտերնետով լուրերն ավելի արագ են տարածվում, Ձեր կարծիքով թերթերն այլևս լույս չե՞ն տեսնի:
-Դուք տվեցիք միլիոն դոլարանոց հարց: Գիտե՞ք դա ինչ է. դրա պատասխանն ով գիտի, իրեն շատ մեծ նվեր է սպասվում, որովհետև ամբողջ աշխարհը հիմա մտածում է` մեռնո՞ւմ են թերթերը, թե՞ ոչ: Համացանցը ավելի արագ է տարածում, մարդիկ էլ լուրերի համար թերթ չեն փնտրում: Ես չգիտեմ որևէ թերթ, որը ինտերնետային կայք չունի, ու իրենք մտածում են` ինչպե՞ս գտնել, ի՞նչ եղանակ, ի՞նչ մեթոդ, ի՞նչ նյութեր, ի՞նչ թեմաներ, որ մարդիկ ինտերնետով կարդան լուրերը, բայց մյուս օրն առավոտյան կամ երեկոյան (աշխարհում կան նաև երեկոյան լույս տեսնող թերթեր), առնեն թերթը, կարդան: Հիմա  ոչ մի բան չի գտնվել, գուցե դուք այնպիսի լավ, խելոք սերունդ եք, որ դուք ձևը գտնեք, թե ինչով կարող են թերթերը ինտերնետային լուրերի հետ մրցակցել: Միակ բանը, որ մինչև հիմա պահում է թերթերին, իմ տարիքի, իմ սերնդի կամ մի քիչ ավելի փոքր, կամ մի քիչ ավելի մեծ մարդկանց սերն է թղթի նկատմամբ, որ առավոտյան նա պիտի գնա նստի սրճարանում կամ իր խոհանոցում կամ ինչ-որ մի տեղ, թերթը կարդա: Ես օրինակ, սիրում եմ թերթ կարդալ: Ես համակարգչով գիրք չեմ կարդում, չեմ սիրում: Ես պիտի թերթեմ, բայց դուք, ձեր աչքերը բացել եք, համակարգիչն եք տեսել, երևի այդ սերը մի քանի տարի հետո, թերթ տպագրողները չունենան:

-Կա՞ համացանցում գրաքննություն:
-Ոչ, համացանցն ավելի ազատ է, քան թերթերը, քան հեռուստատեսությունները, քան ռադիոկայանները, որովհետև ինտերնետում մի քիչ ավելի դժվար է վերահսկելը: Եթե դուք նայեք, նույնիսկ հայաստանյան մեդիայում, հեռուստատեսությունից, ռադիոյից, տպագիր թերթերից ավելի ազատ է ինտերնետը, անգամ կան լրատվամիջոցներ, որոնք գիտենք ով է իրենց հետևում կանգնած և այլն, իրենք շատ բազմակողմ, շատ ազատ գրում են, որովհետև դա լավ է, մրցակցություն է, որովհետև գիտեն, եթե միակողմանի գրեն, լսարան կկորցնեն: Իսկ քանակի հետևից ընկած լինելը մեզ ուղղակի սպանում է: Այս քանակային տենդը, ես չգիտեմ ինչպես պետք է լինի, երբ որ չափվում է «քանի հոգի մտավ կարդաց»-ով: Դա կոչվում է գոտկատեղից ցածր թեմաներով, ավելի ճիշտ, գոտկատեղից ցածր ձևով գրել, կիսամերկ լուսանկարներ դնել և այլն, որ ավելի շատ մարդ կարդա: Բայց դա արդեն լրատվամիջոց չէ, դրա անունն ուրիշ բան է: Դրա դեմ ընտրությունը, ինչպես անել, որ և՛ շատ մարդ կարդա,  և՛ որակյալ ապրանք, լրագրողական նույթն էլ է ապրանք : Այդ հակասությունն էլ մինչև հիմա գտնված չէ: Ինչ վերաբերվում է գոտկատեղից ցածր թեմաներին ու գոտկատեղից ցածր ձևով անելուն, ես կողմնակից եմ, որ ամեն ինչի մասին կարող է լինել լրագրողի պրոֆեսիոնալ նյութ: Ինչ-որ կիսամերկության երևույթի մասին էլ կարող է լինել լրագրողի նյութը, բայց եթե դու պրոֆեսիոնալ ձևով ես մոտեցել, եթե դու այդ թեման բացում ես հանրությանը հուզող խնդրի տեսանկյունից: Չեմ ասում բարոյախոսական, կներեք, բարոյախոսությունը լրագրողական կատեգորիա չէ, այլ  փորձում ես այդ երևույթը կաղամբի պես բացել՝  դրա լավ կողմերը, դրա վատ կողմերը, եթե դու պրոֆեսիոնալ ես անդրադառնում, որևէ սահմանափակում չկա թեմաների: Ցանկացած թեմա կարելի է փչացնել, վատ ձևով գրելով կամ նկարահանելով և կարելի է ցանկացած թեմա, նույնիսկ աղբի մասին թեման պրոֆեսիոնալ գրել: Դրանք լրիվ տարբեր բաներ են:


-Եթե ընթերցողը կարդա Ձեր գիրքը և հետևի Ձեր խորհուրդներին, ապա կդառնա՞ լավ լրագրող:
-Չէ: Շատ լավ հարց էր: Լրագրությունը գրքով չեն սովորում, ես հենց այդտեղ վերջում գրել եմ: Դա այնպես չէ, էլի, որ նստես, կարդաս որևէ գիրք, դառնաս լրագրող: Բացարձակապես որևէ գրքով: Հիմա ես եկել ձեզ սովորեցնո՞ւմ եմ, ոչ: Դուք գնում եք դուրս, ինչ որ բաներ եք անում, գալիս եք, նյութերը պատրաստում եք: Ամեն անգամ մի նոր սայթաքում եք ունենում, հասկանում եք, շտկում եք: Ես չէի կարող իմ գրքում գրել այնպիսի պահեր, որոնց դուք հանդիպում եք ձեր ամենօրյա իրադարձությունը լուսաբանելիս:

Ես նկատել եմ, մեր լրագրողների 90%-ը, երբ գնում է իրադարձության վայր աշխատելու, դիկտոֆոնը միացրեց, օպերատորը տեսախցիկը միացրեց, իրենց ուղեղն անջատում են, իրենք այնտեղ չեն, իրենք մտածում են, որ կձայնագրվի, կգնան, համակարգչի առաջ կնստեն, նյութը կպատրաստեն: Այդպես չի: Դուք դառնում եք այդ 90%-ի նման լրագրող, որոնք բացարձակ լրագրող չեն: Իրականում իրենք դիկտոֆոն են: Դիկտոֆոնի դեր են կատարում: Բերեցին, դրեցին ու նյութն էլ այսպես են սարքում. «Տեղի ունեցավ այսինչ միջոցառումը, մասնակցեցին վարչապետը, նախագահը, այսինչը, այսինչը, այսպիսի բան ասացին, մյուսն էլ մի այլ բան ասեց»: Վերջ: Եթե դուք նայեք, մեր հեռուստատեսությունում համատարած այդպիսի նյութեր են: Դուք պիտի տեղում աշխատեք, որովհետև տեղում, նախ հարցեր են առաջանում ձեր մեջ, հակասություններ կան, նախ դուք տեսնում եք բաներ, որոնք տեղում պիտի ճշտեք: Դուք չեք կարող գալ, ասել` ձեռքի եղունգները երկար էին, ուրեմն, նա կիթառ է նվագում: Ոչ, իրենից պիտի հարցնեք, կարող է` ինքն ուղղակի ժամանակ չի ունեցել, մկրատը կոտրվել է, վազել, եկել է ասուլիսի, մյուս ձեռքի եղունգները չի կտրել: Եվ մեր երիտասարդ աշխատակցուհիներից մեկի վերջին ուշագրավ դեպքը: Մամուլի ասուլիս է տվել լեզվի տեսչության նախկին պետը: Նա ասել է, թե այս ինչ է կատարվում հայոց լեզվի հետ, լրագրողները հատկապես փչացրեցին այս լեզուն, ջուրը գցեցին, պետք է ստեղծել մի մարմին, որը հետևի հայերենի անաղարտությանը, և այլն, և այլն: Այստեղից մի տրամաբանական հարց է բխում, որը պիտի լրագրողը տար: Իմ աշխատակցուհին գրել է ամբողջ նյութը և ավարտել է դրանով, որ լեզվի տեսչության նախկին պետն ասաց, որ պետք է ստեղծել մի կառույց, որը պետք է հետևի հայերենի անաղարտությանը:
Ասում եմ, թե ինքը պետին որևէ հարց չունե՞ր տալու, ասում է, թե չուներ, այնտեղ հարցեր տվողներ կային: Ասում եմ, թե նրա վերջին նախադասությունից հարց չի՞ բխում: Շշմած նայում է երեսիս: Ասում եմ, որ դուք իրեն պիտի հարցնեիք, բա լեզվի տեսչությունը, որի ղեկավարն է ինքը եղել տարիներ շարունակ, դրա համար չէ՞ ստեղծված: Ասում է, թե լրագրողներից մեկը տվեց այդպիսի հարց, ասում եմ.
-Մի հատ խելոք լրագրող ուրեմն եղել է: Գտի՛ր քո տեսագրության մեջ և դիր այդ հատվածը:
Գնաց, պտտվեց-պտտվեց, եկավ, ասում է, որ չկա այդ հատվածը: Հարցնում եմ, թե ուր է այդ հատվածը, ասում է.
-Գիտեք ի՞նչ, հարցը գրվել է, լրագրողը տալիս է այդ հարցը, պատասխանի կեսից մենք տեսախցիկը անջատել ենք:
Շատ անհետաքրքիր ասուլիս էր, բոլորը հավաքված ասում էին, թե հայերենի հերն անիծվեց, ոչ մի ուրիշ հետաքրքիր լուծում կամ մի բան չէին ասում: Դա գոնե ամենահետաքրքիր բանն էր,  որ մարդը մի քանի տարի ղեկավարում է մի կառույց, հետո, երբ ինքը կառույցի ղեկավարը չէ, ասում է նորը ստեղծենք: Կեսից դադար են տվել տեսախցիկը ու եկել են խմբագրություն: Վերջ, իրենք իրենց գործն ավարտել են: Դրա համար, երբ դուք տեղում եք լինում, դուք հակասություններն եք գտնում, նոր հարցեր եք տալիս: Լրագրությունը պարզ, հասկանալի և ճշգրիտ պատմելու արվեստն է: Օրինակ այսօր եկեղեցում մի արտիստ ես տեսել, խոսեցրել ես, մեկ էլ նա ասում է, որ  որոշել է ընդմիշտ գնալ Հայաստանից: Եկաք տուն, մայրիկդ կամ ընկերուհիդ հարցնում են, թե ինչ կար, դու միանգամից ասում ես, որ այսինչ այսինչյանին տեսա, ասաց, որ գնում է Հայաստանից: Գնում ես, խմբագիրն ասում է, թե ինչ կար, ասում ես, որ այսօր օծեցին եկեղեցին: Ինչո՞ւ եք կարծում, որ մայրիկը, որը հեռուստացույցի առաջ նստած է, ուզում է լսել այն պաշտոնական բաները, որոնց մասին դուք ուրիշ բան պատմեցիք: Մտածեք, որ այդ հեռուստացույցի առաջ նստած մարդը կամ ձեր հոդվածները կարդացող մարդը նույնպիսի մարդ է, ոնց որ դուք, ձեր մայրիկը կամ ընկերուհին: Եվ մի տարբերություն, դու ընկերուհուդ որ պատմում ես կամ մայրիկիդ, նա հնարավորություն ունի հարցեր տալու: Ինքն ասում է, թե մյուսն ի՞նչ ասաց, ի՞նչ եղավ: Իսկ ձեր ընթերցողը, հեոուստադիտողը, ռադիոլսողը չունի այդ հնարավորությունը, ու դրա համար դուք ինչ պատմեցիք նրան, բացի նրանից, որ շատ հասկանալի պիտի լինի, դուք պիտի ենթադրեք այն բոլոր հարցերը, որոնք ենթադրաբար կարող են տալ, դրանց մասին էլ պատմել:

-Ի՞նչ տարբերություն կա հեռուստալրագրողի, ռադիոլրագրողի ու տպագիր մամուլում աշխատող լրագրողի միջև:
-Ոչ մի: Ես ասեմ, խանդով են բոլորն իրար վերաբերվում: Ուրեմն, եթե դու երկար աշխատում ես թերթում, գնում ես ռադիո, ասում են թերթային են նյութերդ: Դու շատ արագ, ամենաշատը մի ամսում արդեն նրբությունները զգում ես, որը տեխնիկական նրբություններ են, որովհետև եթե դու ռադիոյիդ նյութերում կամ թերթի նյութերում պիտի նկարագրես, օրինակ՝ խորը հոգոց հանեց, աչքերը լցվել էին, ապա հեռուստատեսությամբ դու կարող ես ցույց տալ՝ արցունք է գնում աչքերից: Այս դեպքում նույնիսկ ցածր պրոֆեսիոնալիզմ, ցածր որակ ցույց կտա, եթե դու ասես, որ աչքերը լցվեցին ու ցույց տաս նույն կադրը: Այդտեղ լրիվ տեխնիկական է, թերթային ու ռադիոնյութերում դու պիտի ավելի պատկերավոր նկարագրես, թե ինչ էր տեղի ունենում: Ասենք, ցույց է, լոլիկներ նետեցին, ձվեր նետեցին և այլն, բայց հեռուստատեսության մեջ արդեն դու ցույց ես տալիս: Ավելի սեղմ է քո տեքստը լինում: Այնտեղ ուրիշ նրբություններ էլ կան, ասենք, դու կարող ես հեռուստատեսությամբ զրուցակցիդ անունը չասել, ինքը տիտրերում գրվելու է,կարող ես մի անգամ ասել, մնացածը չասել: Իսկ ռադիոյի դեպքում անընդհատ անունը պիտի ասես, եթե մի մարդու հետ չէ հարցազրույցը: Մնացածը նույն բանն է՝ դիտողականություն, որովհետև այն դիտողականությունը, որը դու որպես թերթի լրագրող պիտի դրսևորես, նայես, թե ինչ կա, ինչպես է, միևնույնն է, որպես հեռուստատեսության լրագրող էլ պիտի դրսևորես, որպեսզի օպերատորին ասես այս էլ նկարի, այն էլ նկարի: Լավագույնը նա է, երբ և՛ հեղինակն են իրենք, և՛ նկարում են իրենք:  Լեհաստանում լրագրողը ինքը իր տեսախցիկով պիտի լինի, «Ազատություն» ռադիոկայանն է այդպես աշխատում: Շատ պրոֆեսիոնալ լրատվամիջոցներ աշխարհում կան, որ առանձին օպերատոր է աշխատում և առանձին լրագրող: Բայց լրագրողը, Հայաստանում, եթե օպերատորի հետ է,  ասում է, թե օպերատորն ինչը նկարի, որ իր նյութը կառուցի:


-Հաճախ, միջոցառումների ժամանակ տեսնում ենք, որ լրագրողները գալիս են, բայց կեսից կամ որևէ հատվածից, որը կարևոր էր, անջատում են տեսախցիկները ու հեռանում են: Իսկ ինչպե՞ս որոշել, թե որ պահն է այդ  միջոցառման մեջ կարևոր կամ երբ դադար տալ և հեռանալ:
- Ուրեմն, կախված է նախ օպերատիվությունից, ու ինչքան դուք տարիների փորձ ձեռք բերեք, հատկապես իրադարձային լրատվության մեջ, անմիջապես, կներեք համեմատության համար, «շան հոտառությամբ» զգում եք, որ վերջ, հիմա պետք է դադար տալ ու վազել: Լրագրողները նաև աղբյուրներ են ունենում լուրերի, և իրենք նախապես էլ շատ ինֆորմացիա են ունենում, որը դեռ չեն հրապարակում, բայց տեղյակ են: Ու ասենք, դուք գիտեք, որ այս մարդը հրաժարական է տալու ասուլիսում կամ նույնիսկ, ոչ մի բան ձեզ չեն ասել, բայց դեպքերի զարգացումից կարդում-կարդում եք ու մտածում, որ նա հրաժարական է տալու: Ու հանկարծ ասուլիս է հրավիրել: Դուք գնացիք ասուլիս, մեկ էլ ինքը ասաց, որ հրաժարական է տվել, պատճառը հարցրեցիք ու վազում եք, որ առաջինը գրեք հրաժարականի մասին: Այդ է կարևորը: Երբեմն լրագրողը նստած է ասուլիսին, մտածում է` բանի պետք չէ, տեսախցիկը անջատես, թողնես, գնաս, ու հանկարծ ինչ որ սենսացիա լինի: Բայց ասում եմ, փորձառու լրագրողին երբեք բնազդը չի խաբում: Ոտքդ կախ ես գցում մի քիչ, ինչ որ բան ասես զգաս: Մի տարօրինակ բան էլ պատմեմ:

Խորհրդարանական ճեպազրույցներին հերթով գալիս են պատգամավորական խմբակցությունները, խոսում-գնում, և եկել է մի մարդ, պատգամավոր, որ անկապ խոսում է,  հետաքրքիր չէ: Սպասում ենք, որ ինքն իր 20 րոպեն խոսի, գնա, որ հաջորդը գա: Այդպես էլ է լինում: Բոլոր տեսախցիկներն անջատած, օպերատորները դուրս են եկել, ես ռադիոյի լրագրող էի, իմ դիկտոֆոնը անջատած, բոլորը իրենց համար նստած են  ճեպազրույցների դահլիճում: Դե լավ, այս մարդու 20 րոպեն անցնի, մյուս խմբակցությունինը հետաքրքիր է: Մեկ էլ այս մարդն ասաց.
-Ես դիմում եմ գրել, այսօր խմբակցությունից դուրս գալու համար:
Ու դա շատ անսպասելի էր ու սենսացիա էր ու մի երկու բան ասաց, թե ինչի: Դուք տեսնեիք` ինչ կատարվեց դահլիճում: Հեռուստատեսային լրագրողները թռել են իրենց օպերատորների հետևից: Բոլորը դիկտոֆոնները միացրել են:  Այս դեպքում ո՞րն է փրկությունը: Հիմա ոչ մի բան չենք ձայնագրել, լավ, թերթի թղթակիցները կարող են գրի առնել: Ի ՞նչ կարելի է անել այս դեպքում:
Կարող են սպասել, որ նրանք վերցնեն, հետո մոտենալ, բայց, իրական դեպք եմ պատմում, ասեմ, թե ինչ եղավ: Շատ միամիտ ձևով մի լրագրող, փորձառու իհարկե, ասաց.

-Մենք որ հիմա Ձեզ խնդրենք, այդ բանը նորից չե՞ք ասի:

Ասաց, և տեսագրեցինք, ձայնագրեցինք այդպես:

-Ձեր գրքի շապիկին նաև գրված էր, որ դուք աշխատել եք Մյունխենում, Պրահայում: Իսկ ինչո՞վ է տարբերվում հայ լրագրությունը և դրսի լրագրությունը և հայ լրագրողը դրսի լրագրողից:
-Ես հայ լրագրող եմ, Հայաստանի համար միշտ աշխատած լրագրող եմ, ճիշտ է, «Ազատություն» ռադիոկայանը ամերիկյան ռադիոկայան է, Մյունխենում այդ առիթով եմ եղել, Պրահայում էլ այդ առիթով եմ եղել ու Երևանում շարունակել եմ, լուսաբանել եմ հիմնականում Հայաստանի իրադարձությունները: Եվ աշխատել եմ Արևմտյան ստանդարտներով, որովհետև դա պահանջում էր «Ազատություն» ռադիոկայանը: Լավ կլիներ, Հայաստանի ամբողջ մեդիան, աշխատեր այդ ստանդարտներով` անկողմնակալություն, օպերատիվություն, անկաշառություն, բազմակողմանիություն և այլն: Ես որ աշխատում էի «Ազատություն»-ում, Մյունխենում, Պրահայում, թե Երևանում, լրատվամիջոցը մեզանից պահանջում էր պրոֆեսիոնալ լրատվություն: Բայց ես այն ժամանակ ուռած-փքված ման էի գալիս, կարծում էի, թե ինձանից է, որ ես կարող եմ անկողմնակալ լինել, ես կարող եմ պրոֆեսիոնալ լինել, հետո հասկացա, երբ դուրս եկա: Նույնիսկ իմ մտերիմ ընկերուհու հետ վեճ ենք ունեցել: Ինքը ասում էր, թե ինչո՞ւ գնացի Հ1, ես չգիտե՞մ, որ չեմ կարող այդ նույն սկզբունքներով աշխատել: Ես ասում էի, որ պետք է գնալ հայկական մեդիա ու կամաց-կամաց ներսից փոխել: Ու հիմա խոստովանեմ, այդ տարիների ընթացքում, այդքան հեռուստաընկերություններ գնացի, հասկացա, որ ոչ թե ես եմ լավ լրագրող, այլ լրատվամիջոցի տված հնարավորությունն է կարևոր: Եթե ես աշխատում եմ ոչ ազատ լրատվամիջոցում, կարող եմ աշխատել իմ խղճի դեմ, իմ պրոֆեսիոնալիզմի դեմ ոչինչ չանելով: Ինձ չեն թողնում այս բանը ասել, ասում են լռել, ես հասել եմ անդունդի ծայրին, ես կլռեմ, բայց իրենց պատվերը չեմ կատարի: Իրենք ինձ կասեն այս բանը հանի քո նյութից, որովհետև մենք այդ մարդուն չենք սիրում, այդ դեպքում ես իրենց հետ կփորձեմ բանակցել: Եթե այդ մարդը շատ կարևոր ֆիգուր է իմ ֆիլմում, ամբողջ այդ պատմության մեխն է, որի վրա հավաքվում է իմ ֆիլմի սյուժեն, կասեմ` ներողություն, ցտեսություն: Իսկ եթե այդ մարդը մի երրորդական, չորրորդական մարդ է, ոչ մի բան չի տալիս իմ ֆիլմին, պարզապես մի տեղ ինքն ասել է, որ ես էլ կամ, ես կմտածեմ ու երևի կհանեմ, որովհետև ես ուրիշ ելք չունեմ, ես Հայաստանում չունեմ ուրիշ լրատվամիջոց գնալու, որովհետև ինձ այլ տեղ էլ կասեն այսպես մի արա, այնպես արա:

-Ի՞նչն էր պատճառը, որ շուտ-շուտ փոխում էիք Ձեր աշխատավայրը, և այդ փոփոխությունները մասնագիտական դժվարություններ չէի՞ն առաջացնում:
-Պատճառը երևի մի քիչ առաջ, գրեթե նկարագրեցի: Ես սովոր եմ ազատ աշխատելու, սկզբում մի կերպ դիմանում են դրան, բայց գալիս է մի պահ, որ որևէ հարցի շուրջ համաձայնություն չի կայանում, ու բախումը լինում է: Մասնագիտական դժվարությունները, ցանկացած աշխատանք փոխելը, այդ մի բանը իմացեք, սթրես է: Անկախ նրանից, դու բժիշկ ես, թե 39 երթուղայինից փոխանցվեցիր լրիվ մի ուրիշ ընկերություն, որը 24 երթուղայինն է,  մարդու համար միշտ սթրես է աշխատանք փոխելը, նոր աշխատանքին հարմարվելը: Առաջին շրջանը, բացի այն, որ սկսում է ուսումնասիրել, ինչ դրվածք է, ինչ կանոններ են, նոր շրջապատ, նոր մթնոլորտ է: Ինչպես դպրոցը փոխելիս: Դպրոցը փոխելիս ինչքան էլ շատ լավ դպրոց եք գնացել, նոր դպրոց է, այդ սթրեսսային բանը կա` միջավայր փոխելու: Իսկ լրագրողի համար ավելի վատ, ասեմ` ինչու: Որովհետև երբ մի տեղ երկար ես աշխատում, իրենք սովորում են, ասես այդ լրատվամիջոցի դեմքերից մեկը դառնաս: Օրինակ, շատ երկար ժամանակ, երբ ես Հանրային հեռուստատեսությունում աշխատում էի, մարդիկ կային հետևիցս ասում էին, թե իմ ֆիլմերը կարծես ռադիոյի ֆիլմեր լինեն, թվում է, թե ռադիո ես լսում: Ես մարդկանց ասում էի.

-Մի հատ նայիր, թերություններս ասա: Ես միշտ պատրաստ եմ շտկել:

Նայում էին, ասում.
-Լսիր, մի՛ կոմպլեքսավորվի, ուղղակի բան չեն գտնում, այդպես են խոսում:
Մյուս կողմից, որ էլի օբեկտիվ եմ համարում, անընդհատ ձայնդ լսել են մարդիկ, իրենց մեջ դու այն ես, որ անընդհատ պատի ռադիոյից լսում են: Ես արդեն քանի տարի էր աշխատում էի իրենց մոտ, 2-3 Ռուզան կար, ասում էին
-Ո՞ր Ռուզանը:
-«Ազատության» Ռուզանը:
Անունս այդպես էլ կպավ-մնաց: Այդպիսի բան էլ կա, հանրությունն էլ չի սիրում: Ինքը մեկին որտեղ սովորել է, որտեղ տեսել է,  այդ տեղում նրան է ուզում: Ես մի շրջան Պետրոս Ղազարյանին իր հաղորդման, ընդամենը մի ամսվա մեջ երկու շաբաթ փոխարինեցի: Ես չեմ ասում` ես ավելի վատն եմ, բայց զանգում էին, ասում էին.
-Ո՞ւր է Պետրոսը, դու ինչի՞ ես եթեր դուրս գալիս, Պետրոսին հետ բերեք:

Այդպիսի բաներ կա: Ինչու՞ են սերիալներ շատ նայում, որովհետև ամեն օր նույն ժամին է, մարդու մոտ կենսաբանական ժամացույց է առաջանում: Իրեն ավելի շատ ոչ թե սերիալն է հետաքրքրում, այլ իրականում իր մոտ ռեժիմ է, ինչպես ձեր մոտ ամեն օր այսինչ ժամին արթնացաք: Ռեժիմ է, ինքը պիտի ամեն օր այս ժամին նստի հեռուստացույցի մոտ, այս սերիալը նայի: Այդպես էլ լրագրողն է: Մարդու մոտ, ընթերցողի մոտ, եթե նկատված լրագրող է, մի քիչ հաջող է, մարդիկ սկսում են փնտրել նրա նյութերը ու իրեն, իր դեմքը:

-Կա՞ն լրագրողներ, որոնք Ձեզ ոգեշնչել են կամ կարևոր դեր են խաղացել Ձեր կյանքում:
-Էհ, իմ ժամանակ կոմունիստական լրագրություն էր: Պատանեկության տարիներին գնում էի պատանեկան «Շավիղ» խմբագրություն, շատ կարևոր դեր խաղաց մեր կյանքում: Դպրոցում մենք անցնում էինք միայն այնպիսի բաներ, որը սովետական երկիրը գովում էր: Երբ մենք գնում էինք «Շավիղ», ընկեր Հարությունյանը մեզ այնպիսի գրողների անուններ էր ասում, որ կամ բանասիրականում իրենք անցնում էին կամ էլ դեռ իրենց էլ էր արգելված անցնել, բայց ինքը գիտեր: Ու այդ գրավեց: Քեզանից ավելի խելոք մարդը, քեզանից ավելի գիտելիք ունեցող, զարգացած մարդը միշտ գրավում է: Այստեղից ուղիղ նորից անցնեմ լրագրության: Ինչո՞ւ չեն սիրում խելոք մարդիկ նայել հայկական հեռուստատեսություն: Որովհետև համատարած ոչ փորձառու, դեռ նոր-նոր քայլեր անող երեխաներ են վարում հաղորդումները, լուրերը: Հանկարծ չմտածեք, որ ես շատ մեծացել եմ, դեմ եմ երեխաներին, չէ: Պիտի երիտասարդ սերունդն էլ մտնի եթեր, տաղանդավորներից տաղանդավորներն իհարկե: Մարդը, որը նստած է հեռուստացույցի առաջ, ինքը սիրում է նայել իրենից ավելի խելոք մարդուն: Դա միանշանակ է: Ուզում է ինքը լինի բացարձակ ոչ կիրթ մարդ,  լինի շատ քիչ գիտելիքներ ունեցող, դա նշանակություն չունի, այնպես չէ, որ մտավորականները նայում են մտավորականներին: Տնային տնտեսուհին, որին մենակ սերիալ է հետաքրքրում, եթե լուրեր նայեց, ինքն էլ է փնտրելու իրենից ավելի խելոք մարդու: Իսկ դա այնպես է երևում, ասես ռենտգեն է եթերը: Նույնիսկ թերթի կամ կայքում ձեր գրած նախադասության տակից երևում է. ինչո՞վ եք ապրում, ինչքա՞ն գիրք եք կարդացել, ինչքա՞ն գիտելիք ունեք, այնպես է երևում, դուրս է պրծնում, եթե դու նույնիսկ 12 տարեկան ես, բայց դու շատ գիրք ես կարդացել, քո գրած մի նախադասությունից անգամ երևում է ինչ ես կարդացել: Ուզում եմ ասել` անընդհատ գիտելիք, անընդհատ զարգացրեք ձեզ: Մի տողից անգամ երևում է: Հաճույքով նստում-կարդում եմ 12 տարեկան երեխայի գրածը, եթե ես զգում եմ, որ այդ երեխայի մեջ բան կա: Նույնը լրագրության մեջ է: Եթե դուք ձեզանով չզբաղվեք, եթե դուք գիտելիքներ չունենաք, չեն հետևի ձեզ: Կներեք, ես կարող եմ մտնել համացանց, լիքը գեղեցիկ դեմքեր տեսնեմ, բայց եթե չկա գլխի մեջ, ես չեմ հետևի իրեն: Այնպես որ, ինչքան կարող եք, կարդացեք:

-Ո՞րն է Ձեր աշխատանքի ամենաբարդ օրը:
-Շաբաթվա մեջ ամենաբարդը ուրբաթն ու շաբաթն են, երևի, բայց տարիքից չէ: Իմացեք, սթրեսային աշխատանք է լրագրողի աշխատանքը, բժիշկների ու լրագրողների աշխատանքը համարվում է ամենասթրեսայինը, ամենածանրը, ամենադժվարը: Եթե ամենօրյա, իրադարձային լրատվության մեջ լինեք, իմացեք, որ ձեզ հեշտ օրեր չեն սպասում, ձեզ ընտանեկան հեշտ կյանք չի սպասում և անձնական հանգիստ գտնելու կյանք չի սպասում: Արդեն մոտ 20 տարի է` զգում եմ, երբ գալիս են հատկապես ուրբաթ, շաբաթ օրերը, շատ հոգնած ենք զգում: Ես դեռ այդ հարցով իմ գործընկերների հետ չեմ խոսել, ինձ թվում է, բոլորի մոտ էլ այդպես կլինի: Դե, ես շաբաթ էլ եմ աշխատում, շաբաթ ռադիոյում եմ աշխատում, արդեն շաբաթ կեսօրից հետո զգում եմ, որ եթե ես մի քիչ չհանգստանամ, արդեն շատ դժվար կլինի:

-Իսկ ո՞րն է եղել ամենաբարդ օրը:
-Ուրեմն, հոկտեմբերի 27-ը և Երևան-Սոչի օդանավի կործանման օրը: Այդ օրը մենք թռանք Սոչի՝ լուսաբանելու: Ես փոշմանեցի, որ գնացի:

Հոկտեմբերի 27-ը ավելի ծանր չէր, քան օդանավի ընկնելու օրը, ու առաջին անգամ եղավ, երբ ռադիոյով ռեպորտաժ տալուց ձայնս սկսեց դողալ:
Ինձ թվում է, զգացմունքներն ավելի հետաքրքիր են դարձնում անշունչ նյութը, բայց պետք չէ արհեստական անել:

Ուղղակի կրակոցների տակ նստած դահլիճում շատերս գիտելիք չունեինք, որ շատ վտանգավոր է: Երբ ավտոմատով կրակում էին, մենք աթոռների հետևը պառկեցինք, թվում էր, որ ավտոմատով կրակեն այդ աթոռին, աթոռը չի թողնի որ մեզ բան լինի: Հետո իմացանք, որ կլիներ, բայց այդ պահին պանիկա չեղավ: Խորհրդարանում աշխատում էին քիչ թե շատ տարիքով լրագրողներ ու նորմալ պահեցին իրենց: Լիլիթը Բլեյան 20 տարեկան էր, զարմանալի է ուղղակի, թե ինչ սթափ պահեց իրեն: Պիտի լավ իմանաք, որ հանկարծ որևէ լարված իրադրության ժամանակ ձեր պատճառով ավելի չսրվի որևէ բան, չպետք է պանիկայի ենթարկվեք: Հատկապես ֆոտոլրագրողները այդպիսի սկզբունք ունեն, եթե չես կարող մարդուն օգնել, ֆիքսիր, իսկ խանգարելը, բոլոր-բոլորին է վերաբերվում, պետք չէ:

-Լրագրողների համար չգրված օրենքներ կա՞ն:
-Իհարկե: Բայց շատ չկաղապարվեք կանոնների մեջ, որովհետև, նախ բոլոր լրագրողները տարբեր հարցերում տարբեր մոտեցումներ ունեն: Մի մտածեք, որ մեզանից որևէ մեկը վատ լրագրող է կամ պակաս լրագրող է, պարզապես կան հարցեր, որոնց շուրջ մինչև հիմա էլ աշխարհի բոլոր լրագրողները միակարծիք չեն: Բայց նաև անընդհատ օրիգինալ լինելու, անընդհատ կանոններ ջարդելու մոլուցքն էլ է սխալ: Ասենք, Հեմինգուեյը մի անգամ լրագրական գործեր գրելիս ասուլիսում մարդկանց կոշիկներն է միայն նկարագրել, բայց ամեն անգամ ասուլիս գնալիս կոշիկ չի լինի նկարագրել: Ու հետո, եթե դուք ամենատարրական կանոնները մինչև չիմանաք, կանոն ջարդելու մասին մի՛ մտածեք: Ինչպե՞ս են նկարիչները նոր ուղղության ստեղծել: Օրինակ, Պիկասոն ուներ մի շրջան, երբ ռեալիստական ոճով էր նկարում, հետո նոր անցավ աբստրակտին:
Իրենք բոլորը այդ շերտը իմանում են, հետո նոր ջարդում են կանոնները, գալիս են նոր բանի: Չգրված կանոնները դա վարքականոնն է: Ամեն լրատվամիջոց իր վարքականոնը մշակում է, բայց կան էլի համընդհանուր կանոններ, վարքականոններ, օրինակ, որ մարդուն չի կարելի վիրավորել, մարդու անձնական, ֆիզիկական թերությունները չի կարելի ծաղրի առարկա դարձնել և այլն: Ամեն մարդ նաև ինքն իր համար չգրված կանոններ ունենում է, բացի այն կանոնները, որ լրատվամիջոցը մշակում է: Օրինակ՝ լրատվամիջոց կա, որ թույլ չի տալիս իր լրագրողին Ֆեյսբուքում անձնական տեսակետը հայտնել: Ձեռք չի տալիս, չեմ աշխատում այդ լրատվամիջոցում: Ստորագրել եմ, եթե խախտեցի, դուրս կհանեն: Օրինակ՝ ինձ համար չգրված կանոն է, եթե հարցազրույցի ժամանակ հարցազրույց տվողը մի բան է ասել, որը հետո չի ուզում հրապարակվի, եթե ինձ ասում է. «Այն բանը, որ ասացի, կարող է երեխաս խնդիր ունենա դասախոսի հետ հետագայում, հանիր, էլի», ապա ես այսպես կմտածեմ՝ այս մարդու ասածը հասարակական որևէ հնչեղություն չունի, նրա ասածը ոչ կորուպցիա է, ոչ բան: Պարզապես նրա երեխայի դասախոսին քննադատել է, քաղաքական ինչ-որ բան է ասել, հիմա արժե՞ երեխային հարվածի տակ դնել: Ես դա չեմ դիտում, որ ես այդ մարդու պատվերը կատարեցի, եթե ինքը խնդրում է: Եթե այնպիսի մի բան է, որ ամբողջ հասարակության բախտը դրանից է կախված, ես չեմ հանի հաստատ, բայց եթե այդ երեխայի համար է, ես կհանեմ: Բայց դուք կհանդիպեք 10-ից 9 պրոֆեսիոնալ լրագրողի, որը կասի. «Ասել ես, վերջ»:
Ես ձեզ չեմ կարող ասել, որ ես ճիշտ եմ, մյուսները՝ սխալ:

-Լրագրող լինելու համար մասնագիտական կրթություն ունենալը պարտադի՞ր է:
-Ոչ, բայց գիտե՞ք ինչն է պարտադիր, այն, ինչը դուք հիմա անում եք՝ փորձը: Օրինակ, շատ սխալ է, երբ հեռուստատեսությամբ ես նայում եմ, թե ինչպես է մեկը իմ աչքի առաջ աճում: Ճիշտ է, ընդունակ է շատ, աճում է, բայց ինչո՞ւ իմ աչքի առաջ: Սովորել է 4-5 տարի, ավարտել է: Բայց ինչո՞ւ է իմ աչքի առաջ աճում: Որովհետև  գործնական աշխատանքը բուհերում չեն սովորեցնում: Ես ինքս դասավանդել եմ բուհում: Մենք իրար ձայնագրում էինք հեռախոսներով: Ռադիովարպետություն էի դասավանդում: Ինչո՞ւ պիտի չունենա բուհը լաբորատորիա, որտեղ լրագրողը տիրապետի այն ամբողջ տեխնիկային, որը հետագա աշխատանքի ժամանակ օգտագործելու է: Լրագրությունը նաև տեխնիկա իմանալ է, տեխնիկայով արագ աշխատելն է, ինչո՞ւ պիտի ստուգարք նշանակելուց ես իրենց հեռախոսով ձայնագրած հազիվ լսվող բաները լսեմ: Շատ կարևոր է փորձը: Օրինակ, Մոսկվայի համալսարանում մեզ վարժեցնում էին նաև տեխնիկայից օգտվելու մեջ: Մնացած ամեն ինչը քարոզչություն էր, Լենին պապիկի հատորներով և այլն, բայց այդ գործնականը այնտեղ լավ դրված էր: Նաև մեզ սովորեցնում էին տեքստի խմբագրման ու սրբագրման պայմանական նշանները: Երբ ավարտելուց հետո եկա «Գարուն» ամսագրում աշխատելու, զարմանում էր խմբագիրս, թե այդ ամենը որտե՞ղ եմ սովորել: Ես շատ կուզենամ, որ մեր Հայաստանի բուհերը ստուդիաներ ունենան, ուսանողական ստուդիա, որը անընդհատ իր ուսանողների համար ֆակուլտետի հաղորդումներ տար: Այսինքն, երբ գնային աշխատելու, արդեն փորձ ունենան:

-Արդյո՞ք քաղաքացիական լրագրությունը չի խանգարում պրոֆեսիոնալ լրագրողներին, երբ սովորական մարդիկ, թեկուզ իրենց ձեռքի տակ եղած միջոցներով ինչ-որ նյութ են պատրաստում ու տեղադրում համացանցում կամ տպագրում են:
-Դա շատ լավ է, բայց դա ես լրագրություն չէի անվանի: Ես կասեի, որ շատ-շատ է օգնում լրատվամիջոցներին, երբեմն ուղղակի բացառիկ բաներ են գցում, հատկապես, երբ վիդեոների ու ֆոտոների հետ է կապված: Տեքստայինը այդպես չեմ նկատել, ու իրենց տեքստայինները միշտ պետք է ստուգել, որովհետև այնուամենայնիվ լրագրողը պատասխանատու կատեգորիա է: Ինքն իր ազգանվան, իր ասածի համար պատասխանատվություն է կրում, ինքը լրատվամիջոց ունի, այդ տիրույթը պատասխանատվություն է կրում: Իսկ քաղաքացիականը, ես չեմ համարում լրագրություն, համարում եմ, որ շատ պետքական բան է լրագրության համար, բայց պիտի լրագրողը գնա այդ իր տվածը ստուգելու հետքով: Այնքան են խաբում, այնքան բան է լինում: Վերջերս օդանավ ընկավ, 20 վայրկյան հետո մեր հաղորդում վարողը եկել է, ասում է, որ կադրեր ունի, շուտ եթեր տանք: Ասում եմ` 20 վայրկյան է ընդամենը անցել, դժվար այդ քաղաքացիականը, թեկուզ հեռվից նկարած լինի: Տալիս է, նայում ենք, որ հենց նոր է տեղադրված Youtube-ում, բայց նայում ենք, կադրերում օդանավը անտառի մեջ գնում-գնում է ու պայթում: Ասում եմ, ինքնաթիռը դուրս է եկել Բարսելոնայից, բարձրացել է օդ, ահագին գնացել է, հետո Ֆրանսիայում ընկել է, այս կադրերում ցույց է տալիս, որ ինքը մի քիչ բարձրացավ, անտառի մեջ պայթեց: Ինքը պնդում է, ասում է` եկեք տանք, ասենք, որ չգիտենք, այդ է, թե չէ: Ես իրեն էլ եմ հասկանում, կադր չունի, ուզում է միանգամից կադր, ասում է, որ դնենք, բայց ասենք մենք տեղյակ չենք սա այդ կադրերն են, թե չէ, իսկությունը հաստատել չենք կարող: Ասում եմ, որ ես իրեն արդեն 3 հակադարձող բան ասացի, կասկածելի, ի՞նչ է նշանակում իսկությունը չգիտենք, մենք 90%-ով արդեն զգում ենք, որ սա ուղղակի գցել են, ու գրված է, որ սիրողական նկարել եմ, ես այնտեղ էի: Մեր միջազգային լրագրողը շատ երիտասարդ, սկսնակ, բայց, որ ասում եմ, արդեն «հոտառություն» ունի, ասաց, որ այդ կադրերով իր լուրը չի հավաքի: Ինքն է միջազգայինը թարգմանելու: Ասաց, որ ոչ մի դեպքում, դրանք շատ կասկածելի կադրեր են: Ու ինքը նույն բաները ու ինձանից էլ շատ մի քանի հակադարձող բան ասաց ու ճիշտ դուրս եկավ: Քաղաքացիական լրագրությամբ զբաղվողները փորձ չունեն, սուբեկտիվ կարող են լինել, կարող են ուռճացնել, կարող են խեղաթյուրել:

-Հայաստանյան մամուլում սովորաբար լրագրողների մեծ մասը սիրում է քաղաքական թեմաներով գրել, բայց Ձեր անցած ճանապարհին հետևելով, տեսնում ենք, որ Դուք քաղաքական թեմաներով կարծես թե չեք գրել:
-Քաղաքականը հեշտ է, բացի այդ լավ է վճարվում: Հեռուստատեսությունները մի կողմ, թերթերը, ինտերնետային մեդիան և այլն, շատ են ուզում, որ քաղաքական նյութեր տպվեն, և լրագրողներին բարձր են վարձատրում: Ես ասեմ, որ դա կոտրվում է հիմա Հայաստանում: Այսօր փնտրում են մարդկային պատմություններ, մշակույթից լավ հասկացող լրագրողների: Ցանկացած մշակութային, լավ փիլիսոփայություն ունեցող, կարդացած մարդը կարող է շատ լավ քաղաքական լրագրող դառնալ, հակառակը կյանքում չի պատահում: Քաղաքական լրագրողը չի կարող դառնալ մարդկային պատմությունների, մշակութային իրադարձությունների լավագույն լուսաբանող, հակառակը լիքը կարող եմ ասել: Ես սիրում էի մշակութային թեմաներ լուսաբանելը: «Ազատություն»-ում բարձր էին վարձատրում, պայմանով, որ ես պիտի քաղաքական իրադարձություններ լուսաբանեմ, որովհետև մշակութային մեկնաբան «Ազատություն»-ում կար: Ես մեծ դժվարությամբ համաձայնեցի ու անցա քաղաքականին, բայց հասկացա, որ եթե ես մշակույթից տեղյակ չլինեի, այդքան գիրք կարդացած չլինեի, չունենայի «Շավիղ»-ի իմ գրելու փորձը, չէի կարողանա լավ լրագրող դառնալ:

-Այսօր հասցնո՞ւմ եք Ձեր սիրած ոլորտում գրել:
-Միայն Հանրային ռադիոյում: Խմբագրի գործը ես ստիպված եմ անում, որովհետև ստեղծագործական գործ չէ: Ուղղակի առանց աշխատանքի էի մնացել: Ես տեղծագործական աշխատանքի պահանջս բավարարում եմ Հանրային ռադիոյում, շաբաթը մի անգամ, հաղորդում պատրաստելով, կոչվում է «Աշխարհը, Հայաստանը և հայերը»: Ես վերցնում եմ միջազգային լրատվությունը, կարող է 100 նյութ կարդամ դրսի, Հայաստանի, հայերի մասին, այդ 100-ից մեկն ընտրեմ կամ ոչ մեկը չընտրեմ: Ես ինքս ինձ ձայնագրում եմ, մոնտաժում եմ, և ուղարկում եթեր: Բայց ես սիրում եմ ընտրել, ընտրել, ընտրել: Դուք էլ այդպես եղեք, երբ, ասենք, գնացել եք իրադարձության, 100 տեսակի փաստ եք հավաքել, «քթի մազ» եղեք: Պատկերացրեք, որ կարդալու, լսելու և դիտելու է ձեր ընկերուհին, ձեր մայրիկը, եթե պատմեք իրենց, կհետաքրքրի՞, թե չէ:

-Ձեր երեխաները ի՞նչ մասնագիտություն են ընտրել, և արդյո՞ք Դուք իրենց որոշման վրա ազդե՞լ եք:
-Իմ տղան ոնց որ հիմա սկսում է գնալ իմ ճանապարհով:  Աղջիկս, միանգամից ասեմ, բժիշկ է, հոգեբույժ, հիմա գիտությամբ է զբաղվում, գիտնական է: Տղաս, մաթեմատիկական ընդունակություններ ուներ, հանակարգչային բաժինն ավարտեց, բայց հետո հանկարծ «պլստաց» և գնաց Թբիլիսիում սովորելու: Դրա մեջ ոչ մի դեր չեմ ունեցել: Ես մաթեմատիկան էի նախընտրում, ինքն ուզում էր գրող դառնալ: Երևի ես սխալ էի, նա այնուամենայնիվ հումանիտար հակումներ ուներ, փաստորեն  5 տարվա բուհական կրթությունը ջուրն ընկավ: Իմ տղան ինձ մեղադրում է, որ իմ պատճառով կորցրեց այդ տարիները, մեկ է, ինքը հումանիտար մարդ է, ի՞նչ իմաստ ուներ իր այդքան սովորելը: Դուք ձեր ծնողներին չգիտեմ կլսեք, թե ոչ, բայց ես էլ կյանքում խորհուրդ չեմ տալիս էլ իմ երեխաներին: Այնպես որ, դուք իմ խորհուրդները լսեք,  բայց գցեք-բռնեք, թե ինչպես եք ավելի ճիշտ համարում:

Հարցազրույցը գրի առավ` Անի Ջիլավյանը, 16 տ.