Դիլիջանյան մեդիա ճամբար. Վարպետության դաս. «Մանանա Ֆիլմս» կինոստուդիա

Լուսանկարը՝ GlobalGaz

Լուսանկարը՝ GlobalGaz

«Մանանա Ֆիլմսը» հիմնադրվել է 2009 թվականին` Գոռ և Մուշեղ Բաղդասարյան եղբայրների կողմից, որտեղ նկարահանվում են վավերագրական ֆիլմեր, երաժշտական հոլովակներ ու գովազդային ֆիլմեր: Ստուդիան ունի երեսունից ավել միջազգային մրցանակներ` կինոյի և գովազդի ոլորտում, այդ թվում` մրցանակներ ու անվանակարգումներ աշխարհի գլխավոր վավերագրական փառատոներում` Ամստերդամի «IDFA»-ում, Շեֆիլդի վավերագրական կինոփառատոնում, և այլն:

Այս պահին «Մանանա Ֆիլմսը» աշխատում է մի քանի տարբեր նախագծերի վրա, դրանցից մեկը «Ճանապարհ» արկածային վավերագրական ֆիլմաշարն է, որի առաջին մասը` «Ճանապարհ. Հնդկաստան» ֆիլմը 2014 թվականին համարվել էր «Այթյունզի» 5 ամենահանրաճանաչ վավերագրական ֆիլմերից մեկը, վաճառվել է շուրջ 40 երկրներում և ցուցադրվել է մի շարք միջազգային ավիաուղիների կողմից: «Vimeo»-ն, «Huffington Post»-ը և «Vanity Fair» ամսագիրն անվանել են այն «տարվա լավագույն ճանապարհորդական ֆիլմը»: Այս տարի լույս կտեսնի շարքի երկրորդ սերիան, որը նկարահանվել է Կամբոջայում:

Ստուդիայի մյուս խոշոր նախագծերից է «Գուգլ» ընկերության պատվերով նկարահանվող «YouTube Gamers» ֆիլմաշարը, որը պատմում է տարբեր երկրներում ապրող Յութուբի աստղերի մասին: Առաջին շարքը, որն արդեն հրապարակվել է այս ամառ, նկարահանվել էր Ռուսաստանում, երկրորդ շարքն այժմ նկարահանվում է Մեծ Բրիտանիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում և լույս կտեսնի տարվա վերջում:

«Մանանա Ֆիլմսի» մյուս երկարաժամկետ նախագիծն է «Ultrasounds» ֆիլմաշարը` աշխարհի տարբեր նորարարական երաժիշտների մասին: Առաջին կարճամետրաժ սերիան լոնդոնյան «Astronauts» խմբի մասին էր:

Լուսանկարը՝ GlobalGaz

Լուսանկարը՝ GlobalGaz

Պատառիկներ հարցուփորձից

Այսօր մեդիա ճամբարում վարպետաց դաս վարելու համար մեզ հյուր էր եկել «Manana Films»-ի համահիմնադիր Մուշեղ Բաղդասարյանը։ Ֆիլմարտադրության ասպարեզում շատ մրցանակներ ունի, բայց ես, ճիշտն ասած, չհասցրի ամբողջը գրի առնել։ Բայց դե, ինձ թվում է, կարևորը այդ մրցանակների քանակներն ու անունները չեն, այլ այն շոշափելի, տեսանելի արդյունքները, որոնց նա հասել է։ Ու այդ տեսանելի արդյունքների հետ ծանոթանալու նպատակով մենք սկզբից նայեցինք իրենց  նկարած ֆիլմերից թրեյլերները, սոցիալական գովազդներն ու տեսահոլովակները։ Նայելու ընթացքում ամեն տեսանյութի վերջում ուզում էի հարցնել. «Այս ամբողջը դո՞ւք եք նկարել։ Ինչպե՞ս անենք, որ մենք էլ կարողանանք այսպես նկարել»։

Դիտումից հետո էլ բոլորն սկսեցին խառնաշփոթ հարցեր տալ, ես էլ, սուս-փուս նստած, ինչ կարողացա, գրի առա.

-Ինչ-որ տեղ ֆիլմ նկարել սովորե՞լ եք։

-Չէ, ես ավարտել եմ Երևանի պետհամալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ Ֆիլմ նկարել սկսել եմ «Մանանա» կենտրոնում։ Հիմա երկուսով էլ` ծրագրավորմամբ և կինոյով զբաղվում եմ՝ նայած որ պահին որով եմ ավելի շատ ոգևորվում։

-Նկարելուց ի՞նչ չափանիշներով եք առաջնորդվում։

-Նկարում ենք այն, ինչ մեզ հետաքրքրում է։

-Խաղարկային ֆիլմեր ունե՞ք։

-Ձեր պատկերացրած գեղարվեստական ֆիլմերը չենք նկարում, դերասանների հետ աշխատել չեմ սիրում։ Ունենք բեմականացված նախագծեր, օրինակ` երաժշտական հոլովակներ, որտեղ բեմականացված դերասանական խաղ կա, բայց խաղարկային ֆիլմեր` ոչ:

-Ես չեմ պատկերացնում, նախապատրաստական աշխատանքներն ինչպե՞ս  են ընթանում։

-Դա էլ է կախված նրանից, թե ինչ ես ուզում նկարել։ Նախապատրաստական աշխատանքները համարյա միշտ ավելի երկար են տևում, քան նկարահանումները: Պետք է մանրամասն ուսումնասիրենք թեման, պլան մշակենք, հավաքենք մարդկանց, ում հետ պետք է աշխատենք, ուսումնասիրենք տեղանքները, որտեղ նկարահանելու ենք, և այլն:

-Նկարահանման մեջ կա՞ մի փուլ, որ չեք սիրում։

-Ամեն փուլում էլ կան բաներ, որ դուրդ չի գալիս։ Ես ամենաշատը մոնտաժն եմ սիրում։ Նկարահանումներն ամենալարվածն են, դրա համար չեմ սիրում։

-Մոնտաժի ընթացում դուք անընդհատ նայում եք նույն կադրը, հետ ու առաջ տանում, եթե արդեն մոնտաժել եք:

-Ամենալավ մոնտաժն այն է, որ հանդիսատեսը նայելիս չի հասկանում, թե ոնց կադրը փոխվեց: Եթե ուշադիր ուսումնասիրի` կհասկանա, բայց ոչ պրոֆեսիոնալ հանդիսատեսի համար անցումները ակնհայտ չեն։ Կադրը անընդհատ նայում ես, որ հասկանաս` ինչպես կպցնես, որ անցումն աննկատ լինի։

-Ես կուզեի, որ պատմեք նկարահանումների բարդությունների մասին։

-Մենք լիամետրաժ արկածային վավերագրական ֆիլմերի շարք ունենք, կոչվում է «Ճանապարհ» (Hit The Road): Դրանք ճանապարհորդական ֆիլմեր են, որտեղ երկու ընկեր մասնակցում են տարբեր երկրներում տեղի ունեցող մրցարշավների: Առաջին սերիան նկարել էինք Հնդկաստանում, երկրորդը, որ հիմա ենք վերջացնում` Կամբոջայում: Դրանք երևի ամենաբարդ ֆիլմերն էին: Ֆիզիկապես շատ դժվար էր, որովհետև երկու հոգով էինք նկարում` շատ դաժան պայմաններում ու անընդհատ շարժման մեջ:

-Անձրևի տակ ինչպե՞ս էիք նկարում, դժվար չէ՞ր։

-Հնդկաստանում ամենադժվարը մուսոնային անձրևներն էին, ոնց որ ցնցուղի տակ կանգնած լինեիր, ոչ թե անձրև լիներ։ Կարող է գնայինք, ամբողջ գիշեր վարսահարդարիչով տեխնիկան չորացնեինք, որ հաջորդ օրը նորից նկարեինք։ Կամբոջայում էլ հաճախ մնում էինք վրանի տակ` ջունգլիներում, իսկ մենք պիտի նկարահանած նյութերը դատարկեինք, տեխնիկան նորից լիցքավորեինք: Նման շատ դժվարություններ:

-Ֆիլմերի դերասանները հիմնականում հայե՞ր են, թե՞ օտարերկրացիներ։

-Սրանք վավերագրական ֆիլմեր են, այսինքն, հերոսները իրական մարդիկ են: Հերոսներից մեկը Ամերիկայից է, մյուսը` Կանադայից։ Նրանք մրցարշավին մասնակցող մեկ թիմ էին ներկայացնում, որոնց մենք ընտրել ենք ֆիլմի հերոսներ և իրենց միջոցով նկարահանել մրցարշավը:

-Կա՞ մի դերասան, թեկուզ աշխարհահռչակ, որ կուզեիք իր հետ աշխատել։

-Դե որ գեղարվեստական ֆիլմերի նկարահանմամբ չենք զբաղվում, ոչ մի անգամ չեմ մտածել, թե ում հետ կուզեի աշխատել։

-Իսկ եղե՞լ է ֆիլմ, որ կիսատ եք թողել:

-Այո, եղել է, շատ բաներ հաճախ կիսատ են մնում տարբեր պատճառներով: Օրինակ` պատվերները հաճախ սառեցվում են ու չեն շարունակվում, կամ կարող են դադարեցվել ու շարունակվել մի տարի հետո: Ֆիլմերը կարող են կանգնեցվել ֆինանսական պատճառներով: Լինում են դեպքեր, երբ մի նախագիծ վերջացնում ենք, բայց վերջում որոշում ենք չթողարկել, որովհետև արդյունքը մեզ դուր չի գալիս:

-Լինո՞ւմ է, որ պատվիրատուն չհավանի գործը։

-Պատվիրատուները միշտ մասնակցում են աշխատանքներին ինչ-որ չափով: Նրանք պետք է հաստատեն սցենարն ու պլանը մինչև նկարահանումը, նաև պետք է դիտեն աշխատանքային մոնտաժն ու սևագիր տարբերակները, որպեսզի անակնկալներ չլինեն: Որոշ պատվիրատուներ ներկա են լինում նկարահանումներին: Բայց վերջում միշտ էլ փոխելու բաներ լինում են:

-Իսկ եղե՞լ է այնպիսի պատվեր, որ մերժել եք, ինչո՞ւ։

-Կարելի է ասել` ամեն երկրորդ պատվերը մերժում ենք: Դե կարող է այնպիսի բան ուզեն, որ մեր դուրը չի գալիս, հետաքրքիր չի: Լինում են պատվիրատուներ, որոնք ուզում են իրենք փողը տան ու որոշեն, թե ինչն ինչպես է լինելու։ Դրանք մերժել ենք։

-Հիմա հովանավորներ ունե՞ք։

-Չէ, այնպիսի հովանավոր չունենք, որ մեզ փող տան, ասեն` այսպիսի մի բան նկարեք։ Առանձին նախագծեր կարող են լինել, որ ունեն հովանավորներ, բայց այդպես քիչ է լինում: Սովորաբար դրանք կամ պատվերներ են, կամ ներդրումներ, երբ ինչ-որ մարդ կամ կազմակերպություն հետագայում ֆիլմից շահույթի ակնկալիք ունի:

-Կա՞ այդպիսի  ֆիլմի գաղափար, որ կուզեիք նկարել, բայց հովանավոր չկա։

-Մի ֆիլմաշար ունենք երաժիշտների մասին, կոչվում է «Ultrasounds», որ ուզում ենք մի քանի սերիայով նկարել, առաջին կարճ սերիան փորձնական արդեն նկարել ենք: Հիմա դրա համար բյուջե ենք փնտրում:

-Ձեր նկարածներից կա՞ մի ֆիլմ, որ կառանձնացնեք մյուսներից։

-Հիմնականում ամենավերջին նկարածներն են, որ դուրդ գալիս են, որ տեսնում ես ինչպես ես հատ-հատ աճել։

-Ձեր ֆիլմերից ո՞րն ամենաշատ դիտում ունի։

-Վերջերս նկարածներից ամենաշատը նայում են «Ultrasounds»-ի` երաժիշտների մասին շարքի առաջին սերիան, Լոնդոնում մի իտալական ռեստորանի պատվերով իրենց հիմնադրման պատմության մասին ֆիլմ էինք նկարել, դա միլիոնից ավել դիտում ունի: «Ճանապարհ» ֆիլմի առաջի սերիան էլ են շատ դիտել` վաճառվել է համարյա քառասուն երկրներում: Բայց մենք դիտումները չենք հաշվում, դա մեզ համար այդպես կարևոր չի։

-Հիմա ինչի՞ վրա եք աշխատում։

-Հիմա «Ճանապարհ» շարքի երկրորդ ֆիլմն ենք վերջացնում` Կամբոջայի մրցարշավը: Բացի այդ` հիմա Գուգլի պատվերով կարճամետրաժ ֆիլմաշար ենք նկարահանում` «Յութուբի» տարբեր աստղերի մասին: Առաջին շարքը Ռուսաստանում էր նկարահանվել` ռուսախոս հանդիսատեսների համար, հիմա երկրորդ շարքն ենք նկարահանում` Անգլիայում ու Էմիրաթներում, սա արդեն արաբախոս հանդիսատեսների համար է լինելու:

-Ապագայի համար կա՞ ինչ-որ միտք կամ գաղափար, որ պետք է նկարվի։

-Գաղափարներ շատ ունենք ու աստիճանաբար փորձում ենք բոլորն իրականացնել: Բայց շատ հետաքրքիր նախագծեր հաճախ առաջանում են անսպասելի, օրինակ ինչ-որ հետաքրքիր պատվեր ենք ստանում:

-Այ հիմա այստեղ երիտասարդներ կան, որ կարող է վաղը օպերատորությամբ կամ ռեժիսուրայով զբաղվեն, իրենց ի՞նչ  խորհուրդ կտաք, ի՞նչն է ամենակարևորը։

-Երևի ամենակարևորը`ոգևորված լինեք, ու սիրեք այն, ինչով զբաղվում եք: Պետք է անընդհատ դուք ձեր ճանապարհը բացեք, ու որ դժվար պահերին հետ չկանգնեք։ Երկրորդ կարևոր բանն այն է, որ չմեծամտանաք։

Մեր զրուցակիցը, ինչպես հասկացաք, այդքան էլ չէր սիրում խոսել, ու մեզ շատ բարդ իրավիճակում էր դրել, բայց դե մենք այնքան հարց տվեցինք, որ մի պատառ հարցազրույց ունենանք։ 

Կարծես թե ստացվեց, հը՞ն։