Սևան մեդիա ճամբար. Վարպետության դաս: Սարգիս Խարազյան

Այսօր մեր հյուրն է CivilNet-ի գլխավոր օպերատոր Սարգիս Խարազյանը:

Ես իրականում մասնագիտական օպերատորական կրթություն չունեմ: Ես օպերատոր չեմ, ճարտարապետ եմ, ավարտել եմ ճարտարապետաշինարարական ինստիտուտը 1999 թվականին։ Ճարտաարպետի մասնագիտությունը իր մեջ ներառում է տարբեր մասնագիտություններ՝ նկարիչ, սցենարիստ, ինժեներ, ռեժիսոր, դիրիժոր, երաժշտության հետ էլ է կապված։
Ճարտարապետականում սովորել եմ 6 տարի: Այն ինձ համար ավելի մեծ դպրոց էր, քան եթե ես սովորեի որպես օպերատոր։ Կադրի կոմպոզիցիան ինձ շատ գրավեց, յուրաքանչյուր շենք նախագծելիս, դու պատմություն ես ստեղծում, որոշում ես, թե մարդիկ ինչ լուսավորությամբ պիտի ապրեն, որտեղ պիտի ապրեն, որտեղից է արևը դուրս գալու, և որտեղից է մայր մտնելու:
Իրականում լույսը մեծ կարևորություն ունի ցանկացած բան կառուցելիս. թե՛ շենք, թե՛ հրապարակ: Այն ստեղծում է տրամադրություն: Ու ես միշտ, երբ ինչ-որ բան եմ նախագծում, չեմ ցանկանում, որ այդտեղ ապրող մարդիկ չար մտքեր ունենան: Ամեն դեպքում, ճարտարապետությունը ինձ համար շատ մեծ դպրոց էր:

Մինչև ինստիտուտ ընդունվելը ես ֆոտոներ էի սիրում, սիրում էի լուսանկարել: Մի ընկեր ունեի, հիմա էլ ունեմ. կինոռեժիսոր Արման Երիցյանն է: Երբ ավարտեցի համալսարանը, գործ չկար, ինքն էլ աշխատում էր «Ինտերնյուսում» ու օպերատոր չուներ: Ինձ խնդրեց, ասաց` նկարիր ինձ համար 2-3 րոպեանոց մի ռեպորտաժ: Ասաց, որ գիտի` ես ֆոտո անել գիտեմ: Ես էլ պատասխանեցի, որ ֆոտո գիտեմ, բայց վիդեո՝ ոչ: Արմանը պատասխանեց, որ ինքը կոճակների ֆունկցիաները կսովորեցնի, և ես կնկարեմ: Ու դա էր, որ ինձ քաշեց, գցեց այդ ճահճի մեջ: Ճահճի, որովհետև ես իրականում չէի ուզում օպերատորությամբ զբաղվել: Ես ճարտարապետությունը շատ եմ սիրում, էն ժամանակ էլ եմ սիրել, հիմա էլ եմ սիրում: Կարելի է ասել, այս աշխատանքը ինձ համար փող աշխատելու, ընտանիք պահելու միջոց էր այն ժամանակ: Հետաքրքիրն այն է, որ ես գործը սկսում եմ սիրել միայն այն պահին, երբ սկսում եմ նկարել: Նամանավանդ, դոկումենտալ և խաղարկային ֆիլմերը: Այդ ժամանակ ես ապրում եմ: Իսկ մինչև նկարելը ինձ համար տանջանք է: Ես չեմ ուզում մոտենալ, կպնել տեսախցիկին:

1999-2000 թվականներին սկսեցի նկարել փոքրիկ ռեպորտաժներ: Լրատվական չէի ասի, դրանք ավելի շուտ փոքրիկ պատմություններ էին: Հետաքրքիրն այն է ,որ երբ ես սկսեցի սովորել «Ինտերնյուսում», այն ինձ համար դպրոց եղավ: Ինձ ամեն բան սովորեցրեց այնտեղի մոնտաժ անողը: Ես սովորեցի մոնտաժ անողից նկարել, որովհետև ցանկացած ռեպորտաժ պատմություն է, կինոն ունի սկիզբ և վերջ, այն բաղկացած է վիդեոշարերից, ու նկարելիս այնպես պիտի նկարես, որ այդ տրամաբանական գիծը լինի շարունակական ու չկտրվի: Այդպես մոնտաժ անողը ինձ սովորեցրեց նկարել, ճիշտ նկարել: Պատմություն, ինֆորմացիա, որը լրագրողը կամ օպերատորը փոխանցում է դիտողին: Այն ունի սկիզբ, զարգացում և վերջ: Լրատվականը բաղկացած է մի քանի մասերից. ռեպորտաժ, իրադարձային և պորտրետ: Իրադարձային, օրինակ՝ թանգարանի բացումը: Պետք է գնաս, դրա մասին պատմես, պորտրետը պատմում է ինչ-որ մարդու մասին: Նկարում ես մարդուն, թե ինչով է զբաղվում, նրա տարիքը, անցյալը: Եվ կա ռեպորտաժ, երրորդ տիպը, դրանք նորություններն են:
Ասեմ` ինչով կարող է դոկումենտալ ֆիլմը տարբերվել ռեպորտաժից: Դոկումենտալ ֆիլմում դրված է զգացականը, իսկ ռեպորտաժի մեջ տեղեկատվականը, դոկումենտալը տարբերվում է նրանով, որ նրա մեջ ընդմիջումները քիչ են, ի տարբերություն ռեպորտաժի, ֆիլմում դու կարող ես այն դադարեցնել, տարածություն ստեղծել: Դոկումենտալ ֆիլմը ունի սկիզբ, շարունակություն և վերջ: Շատ դեպքերում ինքը փոխվում է, զարգացման և սկզբի տեղերը կարող են փոխվել:
Մենք մի ֆիլմ ունենք նկարած մարդկանց մասին, որոնց հիմնական բնակավայրը սարը չէ, բայց այդ պահին այնտեղ են ապրում: Յայլաներ են: Կար առաջադրանք, որ պետք է գնայինք ու ռեպորտաժ նկարեինք: Նկարհանող խումբը բաղկացած էր երկու օպերատորից, լրագրողից և ռեժիսորից: Ես հասկացա, որ սա պետք է դառնա ֆիլմ, այլ ոչ թե չոր տեղեկատվություն մարդկանց ապրելակերպի մասին: Նկարեցինք լուսաբացը, ոնց են մարդիկ արթնանում, իրար հետ շփվում: Եթե նրանք շփվեին տեսախցիկի հետ ֆիլմը կդառնար ռեպորտաժ:
Ֆիլմը նկարելիս մենք ընտրություն ունեինք. կամ հարցեր չտալ և ֆիլմը դարձնել դոկումենտալ,կամ տալ հարցեր և այն դարձնել ռեպորտաժ, բայց մեզ պետք էին հերոսներին ուղղված հարցեր:
-Եթե մեզանից ոմանք որոշեն դառնալ օպերատոր, ի՞նչ խորհուրդ կտաք նրանց:

Սիրել, քանի որ առանց սիրելու ոչ մի գործ չի ստացվի: Կարող ես սիրել նաև աշխատելու ընթացքում, ինչպես ես: Ես չեմ սիրում մոտենալ տեսախցիկին, բայց երբ այն միացնելով տեսնում եմ առաջին կադրը, դառնում եմ նրա մի մասնիկը: