Բյուրականյան օրագիր. վարպետության դաս Վահրամ Մխիթարյանից

Ցանկացած ասպարեզում, հատկապես կինոյի ոլորտում, շատ կարևոր է փորձի փոխանակումը: Լավ կինոռեժիսոր դառնալու համար բավարար չէ միայն քո անձնական փորձը: Ռեժիսորը մարդ տեսակի հասունացման գործընթաց է, որը պահանջում է երկար ժամանակ, ջանք, ինքնակրթություն և իհարկե պրոֆեսիոնալների փորձ: Յուրաքանչյուր ոլորտի համար շատ կարևոր է, որ փորձի փոխանակման շղթան   չընդհատվի, սակայն էլ ավելի կարևոր է, որ քեզ խորհուրդներ են տալիս այն մարդիկ, ովքեր անցել են քո անցնելիք ճանապարհով: 

Երեկ մեր հյուրն էր «Մանանա» կենտրոնի նախկին  անդամ, իսկ այժմ Գդանսկի համալսարանի պրոֆեսոր, կինոռեժիսոր  Վահրամ Մխիթարյանը: «Այս  ճանապարհը, որ ընտրել եք պարտությունների ճանապարհ է, և եթե դուք պատրաստ չեք պարտության, կարող եք թողնել այս ոլորտը»,- մեջբերեց կինոռեժիսորը իր պրոֆեսորի խոսքերը հենց հանդիպման սկզբում: Հետո սկսեցինք խոսել մեդիայում աշխատելու դժվարությունների, հատկապես մեդիա «հիվանդության» մասին:  Նա ասաց, որ կարևորը իրականության զգացումը չկորցնելն է այս ասպարեզում: Երբեմն  շատերը  մոռանում են անվտանգության մասին ու ինչ-որ կադր անելու կամ նյութ ստանալու համար հայտնվում են էքստրեմալ ու վտանգավոր իրավիճակնրում: «Եղել են դեպքեր, որ լուսանկարիչը վտանգել է ոչ միայն իր կյանքը, այլ նաև իր հերոսի: Իրական դեպք եմ պատմում , որ լուսանկարիչը խնդրել է իր հերոսին խրամատից դուրս գալ, որ նկարի, ու թշնամին կրակել է»,-նշեց նա:

Հետո սկսեց պատմել իր հաջողությունների ու անցած ճանապարհի մասին: Ասաց, որ բացի ռեժիսոր լինելուց զբաղվել է լուսանկարչությամբ  և լրագրությամբ, որն էլ հենց իրեն շատ է օգնել կինոյի ասպարեզում: «Փոքր ժամանակ վախենում էի մթությունից: Հայրս ինձ ապարատ նվիրեց, ու ես սկսեցի  փորձարկումներ անել` մթության մեջ նկարելով: Դրանից հետո լուսանկարչությունը ինձ համար դարձավ վախերս հաղթահարելու, ինձ ճանաչելու միջոց»: Խոսեցինք նաև լրագրության մասին, ու նա խորհուրդ տվեց մեզ չտրվել նեգատիվ կամ պոզիտիվ լրագրությանը, այլ լինել լուծումներ առաջարկող, ինչ-որ բան փոխող լրագրող…

Սակայն հանդիպման ամենասպասված  մասը ֆիլմարտադրության մասին էր: Կինոռեժիսորը Հայաստան էր եկել «Ոսկե ծիրանի» շրջանակներում, և նրա ֆիլմերը նույնպես ցուցադրված էին փառատոնում: Իր հետ բերել էր 2 ֆիլմ` մեկը` դոկումենտալ`«Հովվի երգը», որն այս տարի «Ոսկե ծիրան» փառաոտոնի մրցույթային ծրագրում էր, մյուսը` խաղարկային` «Կաթնեղբայր», որը բազում մրցանակներ է ստացել տարբեր միջազգային կինոփառատոներում: Նախքան ֆիլմերի դիտումը  հեղինակը մեջբերեց հայտնի դոկումենտալիստ Յացեկ Բլավուտի խոսքերը, որ դոկումենտալ ֆիլմը պիտի նկարել որպես խաղարկային ֆիլմ, իսկ խաղարկային ֆիլմը պիտի անել որպես դոկումենտալ: Ապա ավելացրեց, որ իր ֆիլմերը նույնպես փորձել է այդ սկզբունքով նկարել:

Ֆիլմերը բավականին հաջողված էին թե’ թեմաների ընտրությամբ, թե’ հետաքրքիր ռեժիսորական լուծումներով, և թե’ կադրերի ու պատկերի ընտրությամբ: Ֆիլմում ցանկացած կադր կարող էիր հանել, ու դա կլիներ առանձին նկար: Սակայն բոլորիս հատկապես գրավեց ֆիլմերից մեկում օգտագործված երաժշտությունը, որը, ինչպես հետո իմացանք, գրել էր երիտասարդ կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանը, ով նույնպես «Մանանայի» սաներից է եղել: Այդ  պահին այնքան ջերմություն զգացինք բոլորս: Դե, դա գաղտնիք չէր, որ «Մանանան» մեզ համար զուտ   ինչ-որ դպրոց կամ կազմակերպություն չէ, այլ թիմ, ընտանիք, գաղափար, որն իր շուրջ մարդկանց  է համախմբում: Եվ այդ փաստը կարծես մեկ անգամ ևս գալիս էր ապացուցելու, որ այստեղ մարդիկ միշտ պահում են իրար:

Բավականին ակտիվ քննարկում ունեցանք ֆիլմերից հետո: Հարցեր հնչեցին դոկումենտալ և խաղարկային ֆիլմերի տարբերությունների, դրանցում առկա սահմանների, մոնտաժի փուլի, նյութի ընտրության, տեխնիկական հմտությունների և այլնի մասին:  Կինոռեժիսորն ասաց, որ ավելի շատ նախընտրում է խաղարկային ֆիլմեր նկարել, որովհետև այդտեղ ռեժիսորն ունի ավելի մեծ ազատություն, իսկ դոկումենտալ ֆիլմն ավելի բարդ է, որովհետև դու աշխատում ես իրական կերպարների ու մարդկային ճակատագրերի հետ, և հաճախ չես կարողանում քո ուզած կադրը ստանալ: Պատահում է  նաև, որ դոկումենտալիստը կապվում է իր հերոսի հետ ու կարծես պատասխանատու է դառնում նրա ճակատագրի համար: Դոկումենտալ ֆիլմը դժվարանում է այն ժամանակ, երբ ռեժիսորը նաև օպերատորն է ֆիլմի, որովհետև մոնտաժի ժամանակ հաճախ հսկայական նյութ է հավաքվում, ու պիտի կարողանաս հեշտությամբ ազատվել դրա մի մասից, նույնիսկ եթե այն լավն է…

Հանդիպման վերջում խնդրեցինք  խմբակային լուսանկար անել: Չմերժեց, ավելին` լուսանկարվելու պահին  հասցրեց մի քանի գործնական խորհուրդներ էլ տալ մեզ լույսի հետ «աշխատելու» հմտությունների հետ կապված:  Դե, «Մանանայից» Է եղել, չէ, ինքն է մեր կենտրոնի ֆոտոստուդիան հիմնադրել, հո պահը իզուր չէ՞ր կորցնելու…