Վեդու երիտասարդներն սկսում են աշխատել

Վեդու գրադարանում կատարվեց ուսումնասիրություն, որի արդյունքում գրադարանի նախկին արխիվային տարածքը որոշվեց հանձնել Վեդու երիտասարդներին՝ ոչ ստանդարտ սրճարան կառուցելու նպատակով: Վեդու համայնքապետ Վ. Բարսեղյանը պատրաստակամություն հայտնեց երիտասարդներին օգնել թե՛ շինարարական աշխատանքներում, և թե՛ մնացած բոլոր այն աշխատանքներում, որտեղ կարիք կլինի: Վ. Բարսեղյանը հորդորեց երիտասարդներին ավելի ակտիվ լինել, մասնակցել ՏԻՄ քննարկումներին, բարձրաձայնել ու քննարկել ցանկացած թեմա համայնքապետարանի հետ:

Գրադարանից հետո ԱԺ պատգամավոր Ռ. Բաքոյանը, Վեդու համայնքապետարանի ընդհանուր բաժնի պետ Լ. Դալլաքյանն ու երիտասարդները հանդիպեցին Պուշկինի 4-րդ շենքի բնակիչների հետ: Ռ. Բաքոյանը լսեց բնակիչների խնդիրներն ու խորհուրդներ տվեց ճիշտ քայլեր ձեռնարկելու համար: Հանդիպմանը միացավ նաև Վեդու ավագանու անդամ Լ. Մանուկյանը:

Պուշկինի 4-ից ուղևորությունը շարունակվեց դեպի Վեդու քաղաքային հուշահամալիր, որտեղ երիտասարդներն առաջարկում են հանգստի գոտի ստեղծել: Այս պահին մանրամասները դեռևս քննարկման փուլում են:

Այնուհետև նույն թիմը քայլեց Վեդիում, ծանոթացավ աղբահանության խնդիրներին՝ Վեդու բնակելի շենքերի տարածքում: Երիտասարդները սկսում են աշխատել: Յուրաքանչյուրի աջակցությունը կխրախուսվի:

Այսօրվա համար այսքանը: Հաջորդ հանդիպումը չի ուշանա: