eva khechoyan

Վերադարձի կապույտը

Եվս երկու ամիս, ու ես կլինեմ Հայաստանում: Կվերադառնամ այն քաղաքն ու այն տունը, որտեղ անց եմ կացրել կյանքիս առաջին 15 տարիները՝ ընտանիքիս հետ միասին: Ամեն ինչ ուրիշ է:

Երկիրս, քաղաքս, տունս, ընտանիքս, ու մի մեծ քայլ ենք արել էս տարի, ուղղակի իրենք մի ուղղությամբ, ես՝ ուրիշ: Ու հիմա, վերադառնալով, պիտի ուժերիս ներածին չափով աշխատեմ գնալ նրանց ընդառաջ ու հասնել այն կետին, որտեղ բոլորս ընդհանուր հավասարակշռության ու ներդաշնակության մեջ կլինենք:

-Հը, գնացել՝ ամերիկացի՞ ես դարձել,- հաճախ լսում եմ մարդկանցից ու ժպտում:

Իսկ իրականում ժպտալն էս դեպքերում հեշտ չէ, որովհետև փոփոխությունները շատ հաճախ վախ են առաջ բերում: Մանավանդ մեծ ու անսպասելի փոփոխությունները:

Իհարկե, ամերիկացի չեմ դարձել, ու չեմ էլ պատրաստվում դառնալ, բայց էլ առաջվանը չեմ: Վերադառնում եմ լրիվ վերափոխված, ու այս պահին ինձ օտար թվացող հայրենիքս, ու գիտեմ, որ ինքս էլ օտար եմ հայրենիքիս:

Մերոնք արդեն սենյակիս պատերը կապույտ են ներկել: Ինչ որ մեկն էլ Հայաստանի երկինքն է կապույտ ներկել: Մեկը չէ, մի քանիսը…Մի քանի հազարը… Մի խոսքով, էն 7%-ը: