Sargis Melkonyan

Վերածնվի՛ր, Ագարակ

Շատ դժվար է խոսել նրա մասին, որին սիրում ես անչափ, որով ապրում ես ամեն օր, ու որը ապրեցնում ես ինքդ։ Նրա մասին, որ քեզ հետ է ծնվելուդ օրվանից, ու դառնում է քո վերադարձի բոլոր նախադասությունների վերջակետը։ Չգիտես նրա սկիզբն ու վերջը, բայց գիտես նրան ամբողջովին՝ ամեն մասնիկ, ամեն քար, ծառ, թուփ, տուն, բնակիչ․․․ Իմ գյուղը Ագարակն է, որ հազարամյակների պատմություն ունի իբրեւ բնակավայր, ու պարբերաբար ամայացել է, որ 1918-ին վերաբնակեցվել է Վանի շրջանից գաղթած հայերով, ու որ վերածնվում է այսօր։

Ես փոքր էի, այդքան լավ չեմ հիշում, բայց նույնիսկ չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես էր առաջ։ Ինչպես էր գյուղն ապրում առանց մատուռի, ինչպե՞ս էր հիշում իր հերոսներին ու քույր-եղբայրներին, ովքեր նահատակվեցին 1915-ին, որտե՞ղ էին խաղում երեխաները․․․ Այս ամենի մասին ես լսել եմ իմ ավագ ընկերների պատմություններից, որովհետեւ երբ 5-6 տարեկան էի, գյուղս սկսվեց վերածնվել մի մարդու շնորհիվ, ով իմ տարիքից (15-16) հեռանալով հայրենի գյուղից ու երկրից, սկսեց կերտել սեփական ճակատագիրը, բայց անգամ հեռվում գտնվելով, իր կյանքը կապեց հայրենի Ագարակի հետ։

Տարիներ անց նա եկավ Ագարակ ու սկսեց շենացնել գյուղը։ Հայոց Ցեղասպանության նահատակների, Մեծ Հայրենականի եւ Արցախյան Ազատամարտի մասնակիցների հուշահամալիր, Մատուռ-եկեղեցի ու Զանգակատուն, խաղահրապարակ, Արարատ 73-ի հաղթանակի հուշարձան, դպրոցի վերանորոգում, սպորտդահլիճի կառուցում, նախակրթարանի ստեղծում, Ցեղասպանության սրբադասված նահատակների սրբապատկեր-խճանկար, խաչաղբյուր, «Արմաթ» ինժեներական լաբորատորիա ու դեռ ավելին, ստեղծվեցին գյուղում հենց այս մարդու շնորհիվ։ Նրա անունն է` Հրաչյա Պողոսյան, բոլոր գյուղացիների համար՝ բարեկամ եւ ընկեր։

2008 թվականին հենց նրա նախաձեռնությամբ կառուցված եւ Գարեգին Բ-ի կողմից օծված եկեղեցու բացմամբ սկիզբ դրվեց Ագարակի վերածննդի ժամանակաշրջանին։ Ամեն տարի հոկտեմբերին Ագարակ գյուղը մեծ շուքով նշում է իր տոնը, իր Վերածնունդը, որովհետեւ հիմա էլ առաջվանը չէ, որովհետեւ փոփոխությունները, որ փոքր քայլեր են գուցե, թռիչք են ագարակցիների համար։ Ու բոլորը դա գիտեն Ագարակում։ Զգում են։

Ագարակի Վերածննդի տասնամյակին բարերարի շնորհիվ գյուղ բերվեց Թավշյա հեղափոխության օրերին տիեզերքում գտնված ՀՀ դրոշը, որը հանձնվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ագարակում էին նաեւ տիեզերագնաց Անտոն Նիկոլայեվիչը, Արարատ 73-ի ֆուտբոլիստները, ՀՀ պատվարժան գործիչներ ու վաստակավոր արտիստներ․․․

Անասելի կարեւոր է հիմա, որ ագարակցին չի ամաչում ասել, որ գյուղում է ապրում, որովհետեւ Ագարակը վերածնվել է, որովհետեւ հիմա Ագարակից չեն հեռանում, եւ որովհետեւ Ագարակը դարձել է մեր բոլոր վերադարձների վերջնակետը։