Վերապրումներ

Ֆոտոալբոմ. նկարների կույտ, անցյալից հուշեր, հաճելի պահեր, կարոտ ու մի ամբողջ աշխարհ: Ահա այն իրերից մեկը, որով տեղափոխվում ես անցյալ, վերապրում ամեն մասնիկն ու ամեն նկարի հետ հանում հոգոց, կարոտում կամ պարզապես ժպտում:

Սիրում եմ, երբ հանում ենք հին իրերը, մասնավորապես ֆոտոալբոմները, և թերթում: Թերթում ենք անցյալի էջերը, տեսնում իրեր, որոնք հիմա չկան, տեսնում մարդկանց, որոնց փնտրում ես քո իրականության մեջ, որ չես գտնում ու, որ ապրում ես հուշերով:

Լուսանկարը` Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը` Լիլիթ Կարապետյանի

Երբ թերթում եմ նկարներով լի էջերը, հոգիս փոթորկվում է: Տեսնում եմ մանկական աչքեր, որոնք չեն տեսել ցավ, որ «փակ են» եղել, տեսնում եմ սիրելի իրեր, սիրելի մարդկանց, սիրելի բնություն, որ հիմա չկան ու էլ չեն լինի:

Կարոտում եմ ամեն մի պահը: Վերապրում, հուզվում:

Իսկ տեսախցիկը մոռացել էի: Վերջերս հանեցի այն: Չէի օգտագործել արդեն վեց տարի: Հերթով դնում էի «կասետ» կոչվածներն ու հանկարծ գտա երկրորդ դասարանիս միջոցառումը: Ինչքա՜ն ուրիշ, ինչքա՜ն լավն էինք՝ բոլորս բարի, անկեղծ ժպիտով, որիս ձեռքին տիկնիկ, որի ձեռքին` մեքենա, որի մանկական դեմքին դիմակ՝ ոչ երկրորդ երեսի առումով: Ի՜նչ հաճելի էր: Հիմա հետո, հետո` հիմա. փոփոխությունը հսկայական է ոչ թե տառերի դասավորվածության մեջ, այլ իմաստների: Իսկ այս իմաստը փոխվում է տարիների հետ, և երբ նայում եմ հնություններին ու այն ամենին, որ հիշեցնում է անցյալը, զգում եմ, որ կար մի ժամանակ` իրականություն, իսկ հիմա այն դարձել է պարզապես անցյալ ու հուշեր:

Այսօր բոլորը անտեսել են ֆոտոալբոմներն ու վիդեոկամերաները, գցել արխիվ: Նրանք գերադասում են օնլայն տարբերակը, կամ էլ հեռախոսների հիշողության վրա են հույս դնում, բայց չեն մտածում, որ մի օր կջնջվեն դրանք, ու կվերանան այն բոլոր հուշերը, որ ունեցել ես ու ցանկացել ես դրանք պահել անցյալի մի անկյունում: Երբեք դեն չնետեք ձեր ֆոտոալբոմները՝ պատճառաբանելով, թե գեղեցիկ չեմ: Դրանք ձեր կյանքի ամենաերջանիկ պահերի նկարներն են: