լագերլյոֆ

Վերմլանդյան ավանդություն

Շվեդ նշանավոր գրող, առաջին կին գրողը, որը 1909 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի: Դե, համարյա համոզված եմ, նրա անունը ձեզ ոչինչ չի ասում: Ափսոս: Մխիթարում է միայն այն, որ բոլորիդ ծանոթ է նրա «Նիլսի զարմանահրաշ ճանապարհորդությունը»: Անպայման ուզում եմ պատմել Սելմա Լագերլյոֆի մասին` հույս ունենալով, որ կգտնեք նրա գրքերը և կկարդաք: Սելման ծնվել է 1858 թվականին հարավային Շվեդիայի Վերմլանդ նահանգում, Մորբակ ագարակում: Վաղ մանկության տարիներին աղջիկը ծանր հիվանդանում է և գամվում անկողնուն: Հիվանդ աղջկա առօրյան հետաքրքիր էին դարձնում տատի պատմած Սկանդիայի լեգենդները, առասպելները և հեքիաթները: Այս մասին պատմեցի, որովհետև հետագայում, երբ Սելման որոշեց գրել, ներշնչանքի աղբյուրը հենց շվեդական բանահյուսությունը դարձավ:

Ստոկհոլմի թագավորական իգական ակադեմիան ավարտելուց հետո երիտասարդ աղջիկը ուսուցչություն է անում Լանդսկրոնում և հենց այդ ժամանակ էլ սկսում է գրել իր առաջին վեպը` «Սագա Իյոստ Բեռլինգի» մասին, որը հրատարակում է  1891 թվականին: Այնուհետև իրար հետևից լույս են տեսնում «Աներևույթ շղթաներ», «Երուսաղեմ» և այլ ստեղծագործություններ: Լագերլյոֆի ամենանշանավոր մանկական գիրքը` «Նիլս Խոլգերսոնի զարմանահրաշ ճամփորդությունը Շվեդիայով» գիրքը հրատարակվեց 1906 թվականին:

1909 թվականին Սելմա Լագերլյոֆին շնորհվել է Նոբելյան մրցանակ` «բարձր իդեալիզմի, վառ երևակայության և հոգևոր ներթափանցման համար, որոնք բնորոշ են նրա արվեստին¦»,- գրված էր մրցանակային հանձնաժողովի որոշման մեջ:

Սելմա Լագերլյոֆը մահացել է 1940 թվականին իր մանկության ագարակում` Մորբակում, ութսունմեկ տարեկան հասակում:

Ամանորյա այս օրերին կարդացեք այս պատմությունը և մտածեք` իսկ դուք գնահատո՞ւմ եք այն, ինչ ունեք:

 

Վերմլանդյան ավանդություն

Ամեն անգամ, երբ խոսք է բացվում Վերմլանդի ու նրա մարդկանց մասին, միտս է գալիս վաղեմի պատմություն գեղջկուհու մասին, ով արոտավայր էր գնացել՝ իր կովերին կթելու: Եվ քանի որ կովերն իրենց սովորական տեղում չէին, ապա անտառ մտավ՝ փնտրելու և մոլորվեց:

Կինն առավոտից անտրամադիր էր և ավելի շատ սրտնեղեց, երբ կովերին չգտավ: Նա մտածում էր, թե ինչ ծանր է իր կյանքը: Թեև սիրում էր ամուսնուն, սակայն չէր կարող չնկատել, որ ամուսինն առաջվա ուժը չունի և կամաց-կամաց ծերանում է, ընդ որում, ինքն էլ է ծերանում: Նա, իհարկե, շատ էր սիրում իր ագարակը, որտեղ ծնվել էր, սակայն չէր կարող չխոստովանել, որ ագարակի շինությունները քիչ են և ոչ մի համեմատություն եկեղեցու հարևանությամբ կառուցված կալվածքի հետ: Բացի այդ, մեկուսի վայրում էր, անտառի մեջ, որտեղ շաբաթներով ոչ մի մարդու չես հանդիպի, բացի սեփական աշխատավորներից: Իսկ ինչ վերաբերվում է աշխատողներին… Չէ, ազնիվն-ազնիվ են, պարզապես չափից ավելի ծույլ ու դանդաղաշարժ են:

Առավոտյան ամուսնուն ասել էր ագարակը վաճառելու և ստորոտում տուն գնելու մասին, բայց ամուսինը չէր ուզում լսել: Կովերը, թեկուզ արդեն հարմարվել էին լեռնային տեղանքին, շատ քիչ կաթ էին տալիս: Այստեղի դաշտերն աղքատիկ են, իսկ անտառը, ուր անասունն արածում է, ծմակուտ է, և կինը վախենում էր, որ մի օր կմոլորվի:

Կինն աչքերը հառեց երկինք և հասկացավ, որ մոլորվել է: Ամբողջովին կլանված իր մռայլ մտքերով, չէր հետևել ճանապարհին և հիմա գաղափար անգամ չուներ, թե որտեղ է գտնվում: Դեմ-հանդիման մի մեծ սոճի տեսավ, կարծես ծանոթ սոճի էր, սակայն այս մեկը շատ խորքերում է, անտառի թավուտում: Չի կարող պատահել, մի՞թե ինքն այդքան հեռացել է տանից: Կինն ականջները սրեց, հույս ուներ կովերի զանգակների ղողանջը լսել, կամ հովվի սրնգի ձայնը, սակայն ոչ մի ձայն չէր գալիս:

Սիրտն անհանգիստ խփում էր, և վախից մտքերն իրար էին խառնվել: Գեղջկուհին շատ էր լսել մարդկանց մասին, որոնք, պատահել է, մոլորվել են անտառում և մահացել:

Կինը չկարողացավ իրեն ստիպել, որ սառը գլխով հետագա անելիքը որոշի, նա լեղապատառ առաջ անցավ՝ փորձելով ճանապարհը գտնել:

Երկար թափառեց անտառում, բայց տունդարձի ճանապարհն այդպես էլ չգտավ: Եվ հանկարծ անտառը գնալով նոսրացավ: Բացատում մի մեծ ու խնամված շինականի բակ տեսավ: Այդ տեսնելով, կինը սառեց մնաց: Նա ավելի շատ վախեցավ, որովհետև հաստատ գիտեր, որ այս տեղերում ուրիշ ոչ մի ագարակ չկար, բացի իրենց ագարակից: Ուրեմն այն, ինչ հիմա տեսնում է, տեսիլք է: Իսկ դրանից վատ ուրիշ ի՞նչ կարող է լինել: Կինը գլխի ընկավ, որ տրոլները կախարդել են իրեն:

Գեղջկուհին աշխատում էր չնայել տրոլների կացարանին: Սակայն աչքերն ասես իրենք իրենց սևեռվում էին կացարանի վրա: Կյանքում նա այդպիսի հարուստ տնտեսություն չէր տեսել: Տունը հին էր, բայց շատ ամուր և հաստատուն, իսկ մարագներն ու կից շինություններն այնքան շատ էին, որ մի ամբողջ գյուղի կհերիքեին:

Խոտը հնձած էր, և դեզերը մեկը մյուսի ետևից շարված էին մարգագետնում: «Ամեն ինչ իմ տան նման է,- մտածեց կինը,- միայն թե տասն անգամ ավելի մեծ է և հարյուր անգամ ավելի գեղեցիկ: Այս տրոլների հետ պետք է շատ զգույշ լինել: Ո՞վ գիտի, միգուցե տունն ու մարագը սոճու արմատից են շինած»:

Կինը տեսնում էր բակում այս ու այն կողմ գնացող մարդկանց, որոնք իրենց գործով էին զբաղված: Ոչ մի դեպքում չի հարցնի նրանցից ճանապարհը: Տրոլները կստիպեն ճաշակել իրենց կերակուրն ու գինին, և այդ ժամանակ, նա այլևս չի կարողանա ազատվել նրանցից:

Գեղջկուհին շրջվեց և նորից անտառ մտավ: Նա մագլցում էր զառիվայրները, զարնվում քարերին, բայց չէր կարողանում գտնել ճանապարհը: Հանկարծ հայտնվեց անտառի եզրին, և նորից տեսավ նույն շքեղ բակը:

Պատուհանները ծածկված էին սպիտակ վարագույրներով, երկու վիթխարի խնձորենի կար ճիշտ պատուհանի տակ: Տունը կարմիր գույնով էր ներկված և այնքան գեղեցիկ էր, որ շողշողում էր կանաչության մեջ:

Այս անգամ կինն այնքան մոտ էր տանը, որ տեսավ, թե ինչքան մաքուր ու խնամված է ամեն բան: Գործիքներն ու սայլերը մարագում էին, յուրաքանչյուր իրը՝ իր տեղում: Հարդի դեզերն ու վառելափայտը կոկիկ դարսված էին իրենց տեղում, առուները փորված էին հավասար, ոնց որ թելով գծած: Ձիերը, որոնք ճիշտ իր սիրած ձիերի ցեղից էին, արածում էին մարգագետնում:

«Երանի այս տունն իմը լիներ,- մտածեց կինը,- երանի այստեղ ապրողներին: Ճիշտ է, անտառի խորքում է, բայց փոխարենը շատ գեղեցիկ է շուրջը. դիմացը՝ լճակ, հետևում՝ լեռ»: «Իսկ տղամարդը, որը հիմա մարգագետնի միջով մոտենում է իր ձիերին,- մտածեց նա,- իհարկե, տերն է: Կյանքումս այսքան ուժեղ ու վայելչակազմ մարդ չեմ տեսել»: Սակայն ամենից շատ նրան գերել էին կովերը, որոնք հենց այդ պահին դուրս եկան անտառից և կանգ առան դարպասների առաջ:

«Իսկույն երևում է, որ կախարդական կովեր են,- մտածեց կինը,- ինչ կլոր կողեր ունեն, ինչ ուռած կուրծք: Գոնե մի անգամ սրանց կթեի, տեսնեի, թե ինչքան կաթ են տալիս»: Այն ամենը, ինչ նա տեսնում էր, գերում ու ձգում էր այնպիսի ուժով, որ կինն շտապեց վերադառնալ անտառ: Եթե մի քիչ էլ մնար, չէր դիմանա գայթակղությանը, կմոտենար, որպեսզի լավ զննի: Սակայն եթե չդիմադրի այս գայթակղությանը, ապա երբեք չի կարողանա վերադառնալ մկրտված մարդկանց մոտ. սա որ հաստատ գիտեր: Կինը նորից անտառ մտավ և  հոնգուր-հոնգուր լաց եղավ: Տրոլները այնպես էին կախարդել իրեն, որ չէր կարողանում սեփական անտառում, որտեղ իր մանկությունն է անցել, հետդարձի ճանապարհը գտնել:

«Սա ինձ պատիժ, որ իմ սեփական տանից այդքան դժգոհ էի,- ինքն իրեն ասաց նա,- դրա համար էլ տրոլները կարողացան կախարդել ինձ»:

Արտասվելով, նա շարունակեց դեգերել անտառում, և ամեն քայլի հետ սարսափն ավելի ուժգնացավ: Ծառերն ասես շուրջպար էին բռնել, ուստի դժվարությամբ դուրս եկավ անտառի թավուտից:

Բայց այժմ ավելի տենդորեն էր կինը փորձում չմոտենալ տրոլների տանը: Նա ավելի շատ մտածում էր այն շրջանցելու, քան սեփական տան ճանապարհը փնտրելու մասին:

Սակայն նորից  հայտնվեց կախարդված տեղում: Այդպես էլ ոչ մեկը կովերին ներս չէր տարել: Ագարակատերը ձին թամբեց և սկսեց հարդը կրել:

Կինն ուզում էր մոտիկից տեսնել խնամքով ու խելամտորեն կառուցված այս հիանալի ագարակը: Անիծելով իր թույլ կամքը, նա զգուշորեն մոտեցավ տրոլների կացարանին:

Երբ մոտեցավ, կովերն ընդառաջ գալով հրճվագին բառաչեցին: Հենց այդ ժամանակ ամենամեծ կովը մոտեցավ և դունչը քսեց կնոջ ափին, ասես սովոր լիներ հենց այդ ձեռքերից կերակուր ստանալու:

Եվ այդ պահին կինը, ի զարմանս իրեն, հայտնաբերեց, որ այդ կովերն իրենն են: Այո, այո, նա բոլորին անուն առ անուն գիտեր: Բայց ինչպե՞ս կարող էին իր կովերը տրոլների դարպասների առաջ նստոտել:

Նույն պահին էլ տան դուռը բացվեց, և ոտաբոբիկ դուրս վազեց երկնագույն շորով մի փոքրիկ շիկահեր աղջնակ: Կինը ճանաչեց իր աղջկան: Նա բացեց դարպասը, բռնեց աղջնակի ձեռքից և սեղմեց կրծքին:

-Աղջիկս,- հուզված ասաց կինը,- դո՞ւ ինչու ես այստեղ:

-Բա որտե՞ղ լինեի,- զարմացավ փոքրիկը:

Աղջիկը, որին գրկել էր, սկսեց շոյել ու կարգի բերել իր գզգզված մազերը, ուղղել գլխաշորը: Գլխաշորի կապն արձակվեց և մնաց աղջկա ձեռքերի մեջ:

-Սպասիր,- ասաց մայրը,- շուռ տուր գլխաշորը և նորից կապիր:

Հնուց արդեն նկատել էին, որ սա խելքը թռցնելու դեմ հուսալի միջոց է: Եվ հենց դա էլ օգնեց կնոջը: Նա իսկույն հասկացավ, թե որտեղ է գտնվում:

Կինը կանգնած էր սեփական տան բակում, այն բակում, որտեղ ծնվել-մեծացել էր: Այսօր երկու անգամ եղել է այստեղ, բայց երևի թե մի բան էր պատահել աչքերին, որ չճանաչեց սեփական տունը:

Ո՞վ կսպասեր, որ այս ագարակը կողքից նայողին այդքան գեղեցիկ ու խնամված կթվա: Իսկ իրեն թվում էր, թե հոգնել է այստեղ ապրելուց:

Կինը մոտեցավ իր ամուսնուն և ամեն ինչ պատմեց նրան: Աղջկան նա չէր իջեցնում գրկից: Ասես երկար բաժանումից հետո վերստին գտել էր ամուսնուն և երեխային:

-Եթե անգամ կախարդանք էր եղածը, ապա ամեն դեպքում, այնքան էլ վատ արդյունք չունեցավ,- ասաց ամուսինը,- Դուք չեք հասկանում, թե ինչ է սեփական տունը: Դուք անպայման պիտի աշխարհ գնաք, մոլորվեք մի քանի անգամ, մինչև որ կարողանաք իսկականից գնահատել այն, ինչ ունեք:

-Այո, դու իրավացի ես,- ասաց կինը,- և երանի նրան, որ մոլորվելուց հետո, այնուամենայնիվ կգտնի հետդարձի ճամփան և կվերադառնա տուն: