Վերնաշեն

Լուսանկարը՝ Լիանա Աբրահամյանի

Մեր գյուղն այժմ կոչվում է Վերնաշեն: Իր հիմնադրման ժամանակից մինչև 18-րդ դարի կեսերը կոչվել է Սարկողովք կամ Սրկղունք: 12-15-րդ դարերում հանդիսացել է Պռոշյան իշխանների ամառանոցը: Կոչվել է նաև Բաշքենդ: Իսկ 1940 թվից կրում է ներկայիս անունը: Մեր գյուղը մտնում է Եղեգնաձորի շրջանի մեջ, որը Ազիզբեկովի շրջանի հետ զբաղեցնում է Վայոց ձորի տարածքը: Այստեղ բնակվել են շատ հին ժամանակներից: Վերնաշենը շատ հարուստ է եկեղեցիներով, մատուռներով, կամուրջներով, խաչքարերով: Վերնաշենում են գտնվում Թանարի, Սպիտակավոր Աստվածածնի, Արկազի սուրբ Խաչ վանքերը, գյուղի մեջ գտնվող սուրբ Հակոբի եկեղեցին, Բոլորաբերդ (այժմ Պռոշաբերդ) ամրոցը, բազմաթիվ խաչքարեր և մատուռներ:

Հին գյուղը տեղակայված է եղել եկեղեցու շրջակայքում, թիկնած սարին` այդ պատճառով էլ գյուղը կոչվել է Սարակողովք՝ իրար կիպ կպած տներով, այնպես, որ վտանգի դեպքում պաշտպանությունը լինի հուսալի: Եվ հենց այդ ժամանակաշրջանում հինգ հարյուր ընտանիք է վերագաղթել նաև Վայոց ձոր` իրենց նախնիների ծննդավայր, և մեր գյուղը նոր շունչ է առել: Այստեղ բնակություն են հաստատել նաև Պարսկաստանի Սալմաստ գավառից վերագաղթած յոթ ընտանիք: Ի՞նչ իմանաս, գուցե այդ ընտանիքների նախնիները եղել են հենց Վայոց ձորի այս անկյունում և հենց այդ ժառանգական բնազդն է նրանց մղել դեպի Վերնաշեն գյուղը: Վերնաշեն գյուղի հիմնադիրներն են եղել Բաղդասարը, Մուրադը, Կարապետը, Մարգարը, ով արտահայտված սևուկության պատճառով կոչվել է Ղարամելիք, հենց ինքն էլ եղել ` գյուղի մելիքը:  Այդ մասին բազմիցս լսել եմ պապիցս, գյուղի տարեց մարդկանցից: Վերջին անգամ այդ մասին վկայություն է տվել երրորդ սերնդի ներկայացուցիչ ութսունվեցամյա Ռուբեն Բաղդասարյանը: Պապս բազմիցս պատմել է, որ Բաղսոյի «յալը» ամբողջությամբ պատված է եղել խնձորենու և այլ ծառերի խիտ անտառով: Վառելիքի ծառը ժողովուրդը կտրում էր և գլորելով իջեցնում գետակի ափը: Նաև ավելացնում էր, որ գետակի հովիտը ևս պատված էր խնձորի և ընկուզենու այնքան խիտ անտառով, որ արևի մայր մտնելուց հետո երեխաները սարսափում էին անտառ մտնել: Լուսնյակի լույսն էլ գետին չէր հասնում:  Այնքան շատ խնձոր էր լինում, որ մի մասը տալիս էին անասուններին, իսկ ընկույզը մեկ առ մեկ հավաքել չկար. ցախավելներով կավլեին ու կտանեին ըստ պահանջի: Այսպիսով, ըստ ավանդության, մեր գյուղը վերաշինողները եղել են յոթ վերագաղթած ընտանիքները, որոնց նախնիները Շահ Աբասի կողմից բռնագաղթել էին Պարսկաստանի Սալմաստ, Խոյ գավառներ: Մեր նախնիներից փոխանցված այս պատմությունը հավաստի է թվում: