անի հարությունյան /մայիսյան/

Վերջինը

Մայիսյան արևոտ օր է, տոնական տրամադրություն, շուրջս աղմուկ է, եռուզեռ: Վերջին զանգի ղողանջներն ազդարարեցին ուսումնական տարվա ավարտը` ևս մեկ սերունդ ճանապարհելով դեպի նոր կյանք: Նայում եմ շրջանավարտներին, ու տարօրինակ զգացում է համակում սիրտս: Մեկ տարի անց արդեն ես կանգնած կլինեմ այդ բեմում, նոր կյանքի սահմանագծին: Ինչքա՜ն բան կա անելու այս մեկ տարվա ընթացքում, դպրոցական վերջին տարվա:

Արդեն արձակուրդ է, իմ դպրոցական վերջին ամառային արձակուրդը: Առանց քննությունների, անհոգ պատանեկության վերջին ամառը:

Ինչքան շատ են «վերջինները», իմ դպրոցական վերջին տարվա «վերջինները»… Վերջին սեպտեմբերի մեկ, վերջին «Ոսկե աշուն», վերջին «Նոր տարվա հանդես», վերջին զանգ… Հաճախ անգիտակցաբար եմ այդքան սպասում, տենչում, պատկերացնում «Վերջին զանգս»: Բայց երբ սկսում եմ մտածել իմ մանկության, ընկերների, անհոգ կյանքի մասին, ուզում եմ անվերջ երկարի իմ դպրոցական վերջին տարին:

Ասում են` մարդիկ այն ժամանակ են սկսում մտածել, երբ ծերանում են: Չեմ կարծում: Միշտ էլ մանկության օրերը հիշելիս ուզում ես վերադառնալ ու մնալ այդ աշխարհում: Սակայն այդպես չի լինում:

Ինչ արած, ամեն լավ բան մի օր ավարտվում է, բայց այդ ավարտը մի նորի սկիզբն է ազդարարում: Բոլորիս էլ կանչում ու ձգում է նոր կյանքը: Քայլում ենք ժամանակի հետ, քայլում են մեզ հետ տարիները: Մնում է միայն վերցնել ու մեզ հետ տանել կյանքի լավագույն պահերն ու հիշողությունները: