arpineMikayelyan

Վերջին անգամ Վերջին զանգից րոպեներ առաջ

Բարև, սիրելի ընթերցող, հուսով եմ լավ ես, վստահ եմ, որ գիտես, թե ինչ օր է այսօր… Այո, դու ճիշտ ես, այս տարվա մայիսի 24-ն էլ եկավ, այս տարվա Վերջին զանգերն էլ հնչեցին, ու որոշեցի, որ կարող եմ մի փոքր կիսվել մտորումներովս, որոնք անընդհատ պտտվում են գլխիս մեջ նոր պտտած հոլի պես…

Երբ դեռ 2-րդ դասարանում էի սովորում, մի անգամ կողպվելուց եմ պրծել, դե հիմա ի՞նչ անեմ, ես դեռ մանկուց չափից դուրս հանգիստ եմ եղել: Չէ, չէ, պետք չի անհանգստանալ, իրականում, այդ պահին գիտակցեցի, թե ոնց չեմ պատկերացնում իմ ողջ դասաժամը մենակ` չորս պատերով, տարատեսակ գույների ու չափսերի հագուստներով շրջապատված, ու սկսեցի ինքնամոռաց հարվածել դռանը, ինչը միանգամից նշան եղավ ուսուցչիս, որ դուռը փակելուց առաջ հաստատ «լավ» ստուգել էր դասարանի դատարկ լինելը…

Ակամայից հիշեցի, թե ինչ հիմար բաներից կարող էինք բարկանալ մենք` աղջիկներս: Օրինակ, ով ֆիզկուլտուրայի ժամին կյանքի ու մահվան կռիվ չի տվել, երբ հակառակորդ թիմի աղջիկները որևէ խարդախություն էին թույլ տվել: Ու բում… Հատկապես, երբ հաջորդ ժամը մաթեմատիկա է, ու դու ուղղակի այլընտրանք չունես, պետք է վահանն էլ, սուրն էլ գցես ու նահատակվածի դեմքով մտնես դասի:

Դպրոցում ամենաշատ աշակերտներով դասարանն էինք, ու միշտ բողոքում էին մեր ուսուցիչները, որ անարդար է` իրենք մեկն են, մենք` շատ: Հետո էնքան մաղվեցինք, դարձանք մի բուռ. չէ, էդքան էլ մի բուռ չէ, բայց շատ կորցրինք:

Մենք միշտ դպրոցի լավագույն դասարանի կարգավիճակում ենք եղել, բայց մեծանալուն զուգընթաց էդ լավագույն կոչման կողքին ավելացավ նաև ամենաչար կոչումը:

Ամեն անգամ ասում էի.

-Ընկեր Մարգարյան (դասղեկս), մեր դասարանը դպրոցի ամենայուրահատուկ դասարանն է, ինչքան լավ բան կա` մեզնից է դուրս գալիս, բայց դե ինչքան վատ բան կա, էլի մեզնից է դուրս գալիս:

Լուռ ժպտում է ընկեր Մարգարյանը ու ոչինչ չի ասում: Դե, որովհետև ինչ էլ լինի ու ինչ էլ անենք` մենք լավն ենք, ու ինչքան էլ նա բարկանա ու նախատի, մեկ է, ինչպես ծնողի համար է իր երեխան տարբեր բոլորից` իր թերություններով հանդերձ, էդպես էլ մենք` ընկեր Մարգարյանի համար:

Մենք ունեցել ենք շատ տարբեր ուսուցիչներ, առանց որոնց մի տեսակ չեմ պատկերացնում վաղը:

Օրինակ, համալսարանում ոչ մի դասախոս չի մտնի լսարան ու ասի. «Կանգնեք, մի հատ տեսնեմ ձեր դեմքերը», կամ էլ ոչ մեկը մեզ  չի սովորեցնի Նապոլեոնի ձիու անունը կամ տարատեսակ արտահայտություններ, որոնք կարող ենք օգտագործել, երբ պաշտպանվել ուզենք (կատակում եմ), կամ էլ մաթեմատիկական հաշվարկներ անելու, ծննդյանդ օրը մեկ վայրկյանում իմանալու (թե շաբաթվա որ օրն է) մի շարք հեշտ եղանակներ, ոչ մեկը չի կարող ձեռքի մեկ կախարդական շարժումով նշան անել, որ ձայնը պետք է կտրել, կամ էլ մյուս կախարդականը. «Սուս, ասեցի»: Չեմ պատկերացնում օրերս առանց մաթեմատիկայիս դասաժամերի ու դրանց ժամանակ հնչող ոսկի արտահայտությունների ու վերջապես չեմ պատկերացնում հետոն առանց ընկերներիս: Ախր, կլինի էնպես, որ գիշերը` ժամը 12-ին, խմբով էլի մի ծառ թալանենք, կամ էլ մտածելով, որ ոստիկանական մեքենան մեզ է հետապնդում, արագ գործողություններ ձեռնարկենք (բայց իրականում մեզ հետ կապ չուներ): Կրկին  կտեսնեմ ընկերներիս ժպիտները, կլսեմ նրանց ձայները…

Ախր, էլ չեմ մտնի գրադարան ու տեսնի Նարեի ու Անուշի հոգնած, քնի կարոտ, բայց ֆիզիկայի ու կենսաբանության դասագրքերին նվիրված աչքերը, չեմ լսի Դավթի ու Գևորգի հոգեբուխ քննարկումները տարատեսակ խնդիրների շուրջ, չեմ տեսնի ընկեր Մարգարյանի հանգիստ ու խոհուն հայացքը, որոնք իրենց մեջ անչափ գեղեցիկ դիմագծեր են պարունակում:

Մի քանի տարի առաջ փափագում էինք այս ավարտական բաղձալի օրը, իսկ հիմա… Ինչքան էլ ասենք. վերջապես, մեկ է, հետո որ կարոտենք` դասարանը էլ հետ չենք կարող բերել:

Գիտեմ, որ էլ չեմ կարող աշակերտ լինել, գիտեմ, որ շատ-շատերին երկար չեմ տեսնի, գիտեմ, որ ամեն ինչ կփոխվի. ամեն-ամեն ինչ:

Մեր դպրոցական տարիներն ինձ համար հրաշալի հուշեր են, ու ես դրանցից յուրաքանչյուրում կյանքի մի մասնիկ ունեմ պահած:

Իսկ այդ ամեն մասնիկի մեջ մեկին ունեմ, ում գտել եմ ու չեմ կորցնի…

Շնորհավոր, սիրելի շրջանավարտներ: