nare hovhannisyan

Վերջին անգամ

Բարև։ Երևի սա վերջին նամակն է, որը երբևէ կհասնի քեզ, ու երևի վերջին անգամը, որ կսիրեմ քեզ, ու երևի վերջին անգամը, որ անունդ անգիր կանեմ բազմապատկման աղյուսակի պես։ Երևի սա վերջն է ու վերջին անգամն է, որ ժպիտդ թղթերի վրա կնկարեմ ու կփակցնեմ հոգուս դատարկ պատերին, ու մի վերջին անգամ պատահական քեզ կորոնեմ ծանոթ փողոցներում, հետո մեր սիրած այգին կգնամ, որ թթվածինը առնեմ թոքերիս ու փոխեմ քաղաքս, գյուղս, տունս ու տեղս, բայց քեզ չփոխեմ, քեզ առնեմ ու տանեմ։ Հետո վերջին անգամի համար մազերս հավաքեմ, շունչդ առնեմ մազերիս մեջ, երգդ, վերքդ առնեմ սրտիս մեջ ու վերջին անգամ գնամ։ Վերջին անգամ քեզ որոնեմ չորացրած տերևներիս մեջ, գրքիս թերթերի ու սրտիս անհունների մեջ։ Այդ մի վերջին անգամ քեզ թողնեմ թատրոնների, կինոների ու այդ բեմերին հնչող ծափերի մեջ։ Հետո քեզ առնեմ աչքերիս, զրնգուն ձայնդ՝ ականջներիս ու թափառեմ քաղաքով մեկ, հետո խառնեմ գինուն ու կում-կում խմեմ, արբենամ ու մոլորվեմ ու քաղաքն առնեմ փեշերիս մեջ… Վերջին գնալուս ժամին քեզ առնեմ ճմրթած թղթերիս մեջ, քեզ նորից գրեմ ու չհավանե՜մ, գրեմ ու չհավանե՜մ, բայց այդ չհավանածն էլ ինձ հետ վերցնեմ։ Հետո փակեմ դուռն ու վրան սև թանաքով գրեմ, որ չեմ վերադառնալու, բայց հետգրություն թողնեմ։