hayrapi baghdasaryan

Վերջին գրավորը

Բոլոր ուսուցիչները չեն կարող միաժամանակ և ընկեր լինել, և մանկավարժ, իսկ իմ ընկեր Ադամյանը առաջին հերթին մեր ընկերն էր, հետո լավ մասնագետ և ուսուցչուհի: Հակառակ իմ չհարմարվող ու բարդ բնավորությանը, ես միանգամից սիրեցի ինձ համար ամենահետաքրքիր առարկայի` կենսաբանության նոր ուսուցչուհուն: Մենք ընկերացել էինք, ինձ հուզող ամեն հարց ես կարող էի տալ նրան: Կարծես ինձ համար ծնող էր դարձել, և դա ընդամենը 2 տարվա ընթացքում:

Հիշում եմ, նրա դասղեկական դասարանից մի տղա դիմակահանդեսի ժամանակ ինձ պարի էր հրավիրել, ես մերժել էի: Երբ դա պատմում էի ընկեր Ադամյանին, պետք է տեսնեիք, թե ոնց էր վշտանում: Ասում էր. «Վաաայ, աղջիկ, պարեիր էլի տղայիս հետ: Դավիթս բարի տղա է, քեզ կսպանե՞ր»: Իր շրջանավարտ դասարանի նկարները շարել էր սեղանի վրա, հերթով նայում, ասում էր, թե ով որտեղ է ընդունվել, ում տարան բանակ, հատիկ-հատիկ ասում, հրճվում էր: Դասարանն էլ շատ էր սիրում իրեն: Իրենց միշտ այնտեղ կգտնեիր:

Ինձ, կարծում եմ, մի ուրիշ կերպ էր սիրում: Ասում էր, որ խելառ եմ, բայց լավ խելառ եմ: Շատ բարի էր: Անչափ: Ոչ մեկին մի թթու խոսք չէր ասում, անգամ ամենաչար տղաներին: Բայց նաև խիստ էր իր դասին վերաբերվող յուրաքանչյուր հարցի շուրջ: Միշտ պատասխանում էր մեր հարցերին, երբեք չէր անտեսում, եթե դասը չհասկանայինք էլ, ապա տասը անգամ կբացատրեր:
Նրա դասն այնպես էր անցնում, որ բոլորն ինքնըստինքյան հետաքրքրվում էին կենսաբանությամբ: Պատմում ու բացատրում էր բազում օրինակներով, կարծես էկրանով ֆիլմ էինք դիտում բույսերի ու կենդանիների մասին:
Երբ հուսահատված գնում էի, պատմում վախերիս, մտածմունքներիս մասին, միշտ ինձ ուղղություն էր ցույց տալիս: Իր օրինակն էր բերում, թե ինչքան դժվարությունների միջով է անցել, մինչև իր կայացած մարդ դառնալը: Հիսունն անց կին էր, մեծ երեխաներ ուներ, բայց ջահել էր հոգով, մեզ լավ էր հասկանում: Ասում էի`վախենում եմ, որ չեմ ընդունվի, չեմ հանձնի քննություններս, ասում էր. «Ուզո՞ւմ ես, կհասնե’ս»: Նա երեխաների մեջ հավատի սերմեր էր ցանում. հավատ դեպի մեր ուժերը:
Դասարանում մի գանգ ուներ, ամեն դասին վերցնում խաղում էի դրանով, ասում էր, գանգիս վրա խազ չլինի: Բայց ձեռքիցս ընկներ, վրան նկարեի, ոչինչ չէր ասի: Միայն ժպիտով երեխայական արարքներիս էր հետևում: Դպրոցում ընկեր Ադամյանին անխտիր բոլորը սիրում էին (սիրում են):

Մի անգամ գնացինք դասի, տեսանք դպրոցի մյուս կենսաբանության ուսուցչուհին էր նստած, ասաց, որ ինքն է մի որոշ ժամանակ դասավանդելու, որ ընկեր Ադամյանը մի քիչ հիվանդ է, ու չի գա մի քանի օր: Ես վստահ էի, որ ՄԻ ՔԱՆԻ ՕՐ չի գա: Հետո անցավ տասը օրից ավելի: Խառնվել էինք իրար: Պատահաբար իմացանք, որ հիվանդանոց են տարել: Ամեն օր լսում էինք, որ վիճակը վատանում է, ու մենք բոլորս նրա հետ հիվանդ էինք:

Սովորական օր էր, լավ էլ տաք օր էր: Օտար լեզվին էինք նստած: Երեխաներից մեկը գնաց մատյանը բերելու, եկավ ու ասաց` ուսուցիչները լացում են: Մենք մեր ուղեղի մի ծայրում մտմտում էինք էն ահավոր միտքը, բայց ոչ մեկս էլ չէր ուզում հավատալ դրան:

Դասավանդող ուսուցչուհին գնաց`իմանալու եղելությունը: Ու երբ հետ եկավ, իր լռությունն ամեն բան ասաց:

…Բոլորս սառել էինք: Այդ ձմեռ օրվա տաք եղանակին դարձել էինք ձյան պես սառը: Անհավատալի էր: Դեռ մի քանի օր առաջ վազելով գնացել գրկել էի ընկեր Ադամյանին, իսկ այսօր… Ուղեղիս մեջ չէր տեղավորվում ոչինչ:

Դա իմ առաջին ու մեծ կորուստն էր: Շատ մեծ: Անդառնալի: Առաջին անգամ հասկացա, թե ոնց է ցավում մարդու հոգին:

Մի երկու օր էր անցել: Ասացին, որ հիվանդանոցում եղած ժամանակ մեր գրավորներն էր ուզել` ստուգելու համար: Հիշեցի, այն գրավորներն էին, որ մենք վերջին անգամ գրեցինք: Գիրքը տեսավ ձեռքիս, ժպտաց, չվերցրեց…Իր կյանքի վերջին օրերին ուզեցել էր մեկ անգամ էլ զգալ, այդ գրավորների միջոցով հաղորդվել իր սիրելի աշխատանքին, երեխաներին…
Հիմա կենսաբանության դասերին ստիպված եմ գնում: Իր դասասենյակում չենք անում: Չենք կարող: Ամեն բան այնտեղ իրեն է հիշեցնում, նրա ամեն բառը, խրատները, ժպիտը, ձայնը…
Նրա կորստով ասես մենք հասունացանք: Այն ամենը, ինչ ասում էր մեզ, հիմա ավելի կարևորվեցին ու արժևորվեցին: Ամեն արարքից առաջ, ամեն գործից առաջ մտածում եմ` ի՞նչ կասեր, կոգևորեվե՞ր, կքաջալերե՞ր, թե՞… Երևի մարդն այսպես է մեծանում ու հասունանում. Երբ մեծ կորուստ ունի և հիշողություն: