Վերջին զանգի լռությունը

Մայիսի 25-ի լուսաբացը ցնցող էր. արթնացա պատուհանիս տակ հնչող խելահեղ վանկարկումներից: «Ովքե՞ր են էս ցնդածները…» , ուղեղս տակնուվրա արած աղմուկը «արդարացվեց»՝ վերջին զանգն է՝ ավանդական «ուտուշ-խմուշով»:

Զանգ՝ այն էլ վերջին. հայհույն ու ձայնավոր միջավայրը էս օրվա գույնն են: Երբևէ մտածե՞լ եք, որ վերջին զանգը անձայն էլ է լինում: Կասեք՝ աբսուրդի ժանրից է: Ամենևին. լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիրում վերջին զանգը լռության զանգ էր: Լռություն, որ պարտադրված է ոչ թե տպավորություն ստեղծելու համար, այլ բնականից:

Այստեղ շատ բան է ուրիշ, սա լռության աշխարհն է: Աշխարհ, որտեղ աղմուկը չի խանգարում, չի խլացնում, չի բթացնում: Աշխարհ, որտեղ սրտի ձայնն է հնչում, որտեղ աչքերն են խոսում և խոսում են շատ ուրիշ, այնքան ուրիշ, որ խոսքով չի պատմվում …

Բայց ես կփորձեմ պատմել նրանց մասին: Նրանք չեն խոսում, որովհետև չգիտեն՝ ինչ է լսելը: Բայց տեսնում են և տեսնում են շատ ավելին, միայն թե այդ տեսածը դարձյալ ուրիշ է:

Մեր և նրանց աշխարհն էլ է ուրիշ: Այնքան ուրիշ, որ վերջին զանգից հետո կրթահամալիրից դուրս սպասվող այդ աշխարհն այնքան էլ երազանք չէ նրանց համար: Մի տեսակ մոլորված են, որքան էլ օրն ու տրամադրությունը տոնական են:

Տխուր են, որովհետև հրաժեշտ են տալիս ոչ միայն դպրոցին: Սա նրանց համար միայն դպրոց չէ, էստեղ ուսուցչին «մամա» են ասում: Էստեղ նրանք բոլորով են, փակ դռներ չկան: Իսկ դրսում նրանք անպաշտպան են ոչ այն պատճառով, որ երիտասարդ են, անփորձ: Նրանք պարզապես տարբեր են, ինչպես ընդունված է ասել: Ես կասեի՝ յուրահատուկ, բայց ոչ տարօրինակ:

«Մենք տարբերվում ենք նրանով, որ քիչ գիտենք այն, ինչ շատ գիտեք դուք»,- ասում է խուլ ընկերս ու թվարկում այն փակ դռները, որոնք փոքրիկ հաղթանակների շնորհիվ փորձել է դպրոցն ավարտելուց հետո բացել ,- Կրթությունը Հայաստանում այնպիսի մակարդակի վրա չի, որ լսողներն ու խուլերը հավասար սովորեն ու հավասար էլ աշխատեն: Եթե արտասահմանի խուլերը կարող են սովորել համալսարաններում, աշխատել սպասարկման ծառայություններում, հայ խուլերն էլ կարող են: Բայց քանի որ հասարակությունը զարգացած չի, մարդկանց մի մասն է լավ ընդունում մեզ»:

Խուլերը հաճախ են բախվում, մեղմ ասած, անհարմարությունների: Ստիպված են հարմարվել՝ էստեղ մենք և նրանք նույն «հարմարվողականության» պարտադրված մասնակիցն ենք՝ պիտի և վերջ: Այ հենց այդ «պիտի»-ն էր նրանց վերջին զանգի տոնական քողի տակ թաքնված աղմուկը: Դա էր այն անհանգիստ զանգը, որ հնչում էր սրտից սիրտ: Դա լռության զանգ էր, որ ճեղքում էր բոլոր պատերը, որ ուղիղ խփում էր դահլիճում նստածների բանականությանը:

Սա այն զանգն էր, որ չղողանջեց, չլուսաբանվեց, չմասսայականացվեց: Խուլերը համեստ են, էստեղ չկա ավելորդ ճոխություն: Բեմից հնչող երաժշտությունը և հումորային համարները լսող ծնողների, ուսուցիչների և ներկաների համար էին: Խուլ ընկերներս լավ էին պատրաստվել: Իսկ որքա՞ն ենք մենք պատրաստ՝ գոնե մի պահ լռեցնելու աշխարհի աղմուկը, որ խանգարում է զգալ, տեսնել և վերջապես լսել:

«Երբեմն ես մտածում եմ՝ խուլ լինելն էլ իմ առաքելությունն է, որ մարդիկ տեսնեն այն, ինչ չեն լսել»,-ասում է ընկերս:

Հ.Գ. Մի բան էլ, ամեն ինչ այդքան էլ տխուր չէր: Վերջին զանգի լռությունը խախտեց խուլ երկու ընկերներիս սիրո աղմուկը: