Վերջ

Ամեն տարի՝ վերջին զանգի օրը, կանգնում էի պատուհանի մոտ և սկսում երազել, թե բա հեսա 9, 8, 7, 6… Ու էդպես շարունակ, ու մի տարի էլ իմ վերջին զանգը կլինի: Հետո ինձ պատկերացնում էի արքայադստեր հագուստով, գեղեցիկ կոշիկներով՝ իբրև թե հասուն աղջիկ, ապա վազում էի, բացում զգեստապահարանը, հագնում ձեռքիս տակ ընկած շորիկը, մամայի բարձրակրունկ կոշիկները և տնով մեկ վազվզում: Հա, չմոռանամ ասել, որ փոքրիկ քույրիկիս էլ հավաստիացնում էի, որ իմ վերջին զանգին այդպես եմ հագնվելու, ու դա կրկնվում էր ամեն տարի, մինչև որ եկավ 2017թ.:

Այդ օրը առավոտյան արթնացա ժամը 6:00, չնայած որ չհասցրի. շրթներկը քսեցին վերելակի մեջ, իսկ թարթիչներս՝ մեքենայի:

Օրը հիանալի էր, արևոտ, ժպիտներով ու շնորհավորանքներով լի, այնքան ուրախ էի, բայց կարծես մի ակնթարթ լիներ. ավարտվեց օրը: Այդ երազելի բարձրակրունկները դեռ տուն չհասած էի հանել ու ձեռքս պահել: Աղջիկները կհասկանան: Անաղմուկ մտա սենյակ ու էդպես «արքայադստեր» հագուստով էլ քնեցի…

Վերջացավ վայրկյանը, օրը, հեքիաթը… Այլևս հետ չեն գալու դպրոցական օրերը, ու ճիշտ պատասխանի դեպքում, ընկեր Ղազարյան ջանից կոնֆետ վերցնող աղջկա ժպիտը…