aneta baghdasaryan

Վեց պատուհան

Արդեն մութ էր․ ամպերը տեղ-տեղ ծածկել էին աստղերով լի երկինքը՝ տեսանելի թողնելով տանիքների ետևից երևացող լուսինն ու մի քանի համաստեղություն։ Քամին անխնա թափահարում էր ծառերի ճյուղերը և նրանց վրայինը լցնում պատուհանից ներս։ Երկարատև շոգից հետո թերևս ամենասպասվածը հենց այս քամին էր, որը հաշվված վայրկյաններում ամբողջ սենյակը լցրեց ավազով և տերևներով։ Հասկանալով, որ մի քիչ էլ, ու սենյակն էլ ոչ մի բան չի փրկի, որոշեց պատուհանը փակել։ Հավաքեց հատակին ընկած տերևները և փակեց պատուհանը։ Դիմացի շենքի վառած լույսերն այսօր զարմանալի շատ էին։

-Մեկ, երկու, երեք, չորս,- փորձում է դրանք հաշվել, ինչպես ժամանակին աստղերն էր հաշվում։ Բայց, ի տարբերություն աստղերի, պատուհաններ հաշվելը մի քանի վայրկյանի խնդիր էր։ Կար վեց սենյակ, որտեղ այդ պահին լույս էր վառվում։

-Տեսնես ի՞նչ են անում այնտեղի մարդիկ,- մատներով գրկեց այտերն ու արմունկներով հենվեց պատշգամբի բազրիքին՝ ուշադիր նայելով շենքի պատուհաններին։ – Էս մեկում եռուզեռ է, հաստատ երեխեքը դեռ չեն քնել․ վազվզում են սենյակում, միմյանց հետ վիճում, բարձր գոռում ու աղմկում, որ ներքևի հարևաններն էլ իմանան, որ իրենք դեռ արթուն են ու քնելու մտադրություն չունեն։ Մայրն էլ, հասկանալով, որ տվյալ պահին ցանկացած գործողություն անիմաստ է, հույսը կորցրած նստել է բազմոցին ու սպասում է, որ նրանք վերջապես կհոգնեն ու իրենց կամքով տեղում կքնեն։ Երազում է լուռ սենյակի ու մի բաժակ թեյի մասին  ու մտածում․ «Ե՞րբ են վերջապես սրանց դասերը սկսվելու, էնքան հոգնեն դպրոցում, որ գան տուն ու միանգամից քնեն»։ Քիչ մնաց, դիմացի՛ր։

Երևի նույնը երազում էին նաև ներքևի հարևանները, ում լույսերը նույնպես վառած էին։

-Քիչ մնաց, դիմացե՛ք,- միգուցե մտածում է ամուսնու մասին, փորձում է հիշել, թե երբ են վերջին անգամ միասին այս սենյակում նստել։ Անհամբեր սպասում է այդ զանգին, որ կհնչի ու, որ ինքն ու երեխաները կվազեն համակարգչի մոտ, որ մի քանի րոպե տեսնեն, խոսեն, պատմեն՝ ինչ են արել այսօր, ասեն. «Ե՞րբ ես գալու, պապ, կարոտել ենք քեզ»։

Երկու պատուհան դեպի աջ նույնպես լույս էր վառվում։ Երևում էր պատուհանի մոտ կանգնած մարդու ուրվագիծը՝ ոչ շատ պարզ, սակայն կազմվածքից հասկացվում էր, որ տղամարդ է։ Ենթադրեց, որ երիտասարդ տղա է, ուսանող, ով հավանաբար վարձում է բնակարանը, կամ էլ ապրում է ծնողների հետ:

-Չէ, հաստատ վարձում է։ Երևի աշխատանքից է եկել։ Ամբողջ ամառ աշխատել է, որ գումար հավաքի, ուսման վարձը տա, կամ էլ տան համար վճարումը կատարի, կամ երկուսն էլ։ Հավանաբար շատ է հոգնում, հասցնում է միայն տուն գալ ու անմիջապես քնել։ Ժամանակ չունի նույնիսկ ծնողներին զանգի ու ասի, որ իր հետ ամեն ինչ կարգին է, սոված չի, ու որ ամեն ինչ ունի, որ չանհանգստանան ու իրեն սպասեն Ամանորին։ Հիմա էլ դասերը կսկսվեն, գիշերը կաշխատի, իսկ առավոտյան կգնա դասի, ու այդպես մինչև տարվա վերջ։ Տեսնես` ի՞նչ է սովորում։ Տնտեսագիտությու՞ն, չէ, միգուցե ճարտարագիտությու՞ն կամ էլ ծրագրավորո՞ւմ։ Հա, ամենայն հավանականությամբ ծրագրավորող է ցանկանում դառնալ։ Հիմա էլ պատուհանի մոտ կանգնած մտածում է, թե ոնց է համատեղելու աշխատանքն ու ուսումը, ոնց է հասցնելու մյուս կիսամյակի ուսման վճարն ու տան վարձը հավաքել։

Ուրվագիծը մտորելով հեռացավ պատուհանի մոտից, և սենյակի լույսն անջատվեց։ Լուսինն էլ չէր երևում, իսկ ամպերը կամաց-կամաց բացվում էին՝ իրենց հերթին բացելով երկինքն ու աստղերը։ Շենքի ամենավերևի հարկի մեջտեղի սենյակի ու կողքի սենյակի լույսերն էլ էին վառված։

-Երևում է՝ մեծ ընտանիք է այստեղ ապրում։ Այս ժամին բոլորը տանն են, եկել են աշխատանքից, միացել են տանը իրենց սպասող մնացած անդամներին, նստել են մեծ սեղանի շուրջ՝ ընթրելու։ Տատիկն ամբողջ օրն անցկացրել է խոհանոցում համեղ ուտեստներ պատրաստելով, պապիկը երեխաներին տարել է այգի կամ էլ խաղահրապարակ, դե, մեծերն էլ ամեն մեկն իր աշխատանքի տեղը աշխատել ու հիմա եկել են՝ օրվա մի փոքր մասն իրենց ընտանիքի հետ վայելելու։ Ըհը, լույսերն անջատեցին։ Բայց ոնց որ չեն պատրաստվում քնել։

Պատուհանի սև ուղղանկյան մեջ երևացին լույսի գունավոր մասնիկներ։ Սերիալի ժամն էր՝ երեխաները քնած էին, տատիկն ու պապիկն էլ վայելում էին իրենց վաստակած հանգիստը։

Երրորդ հարկում ամեն ինչ հանգիստ էր, ոչ մի շարժ չկար սենյակում։ Բայց լույսը վառվում էր։

-Միգուցե մոռացե՞լ է լույսերը անջատել ու էդպես քնել է։ Իսկ եթե աշխատու՞մ է։ Նստած է գրասեղանի մոտ, սուրճի բաժակից մեկ-մեկ կում անելով, կարմրած ու հոգնած աչքերով նայում է համակարգչի էկրանին, որի վրա մեծ տառերով գրած էր «Գործողություն առաջին»։ Արդեն մեկ ամիս է, ինչ տանջվում է, պիեսը պետք է ավարտել, իսկ նա դեռ չի կարողանում այն սկսել՝ գրում է սկիզբը, կարդում այն, փոփոխում, նորից կարդում, ջղայնանում ամենքի ու ամեն ինչի վրա, ջնջում, նորից գրում։ Եվ այդպես մեկ ամիս, ամեն գիշեր, մինչև չհանձնվի։ Հույսը վաղուց է նրան լքել։ Նա արդեն պատրաստ է հաջորդ օրը տնօրինությանն ասել, որ հեռանում է աշխատանքից, որ թատերական արվեստն իրենը չէ։ Սակայն հիմա նա դա դեռ չի հասկանում ու փորձում է փրկել գործող անձանց, փրկել այդպես էլ չստացված կերպարներին։

Մի քանի րոպեից այս սենյակն էլ լցվեց մթությամբ։

-Բարի գիշեր, հուսամ քո վաղն այսօրվանից լավը կլինի։

Երկինքն էլ ամպամած չէր, քամին կարծես թե քշեց բոլոր ամպերը, իրենց հետ քշելով նաև բոլորի խնդիրներն ու անհանգստությունները։ Շենքի համարյա բոլոր բնակիչները քնած էին, հեռու էին առօրյա հոգսերից, մտածմունքներից ու դժվարություններից։ Վառվում էր միայն նրա սենյակի լույսը, նրա, ով մատներով գրկել էր այտերն ու շարունակում էր նայել դիմացի շենքին՝ պատկերացնելով այնտեղ ապրող մարդկանց։