meri antonyan

Վստահե՞լ… քե՞զ…

Լրիվ պատահաբար ինչ-որ մարդիկ, առանց հրավիրելու կանգնում են դռանդ դիմաց, թակում դուռդ ու ներս խցկվում տուն՝ քո կյանք։

Քեզ փորձում են համոզել վստահել իրենց, հավատացնում, որ իրենք նման չեն մյուսներին, նեղանում են համեմատությունների համար, ասում. «Դու մեզ ուրիշների հետ մի համեմատի, մենք ուրիշ չենք», անիրավացիորեն մատնացույց են անում կոպտությունդ, գուցե չուզելով ու չհասկանալով, բայց՝ վիրավորում են։ Օրերով, ամիսներով բացատրում, համոզում են, որ դու կարող ես ու պետք է օգնության կանչես իրենց, եթե անհրաժեշտությունը լինի, և որ իրենք, գետնի տակից էլ լինի, կհայտնվեն կողքիդ ու անպայման կօգնեն։ Իրենք էլ դեռ հստակ չգիտեն, թե ոնց, բայց անպայման մի բան կանեն ու կօգնեն…

Լսում ես իրենց փաստարկները, համոզիչ, երկարաշունչ ճառերը, մտքումդ փորձում վերհիշել, թե ի՞նչ պատահեց, ո՞նց եղավ, որ քեզ մի քանի տարի ծանրութեթև անելով բարև տվողները հանկարծ մի օր որոշեցին, որ բարևից հետո պիտի հարցնեն նաև «ո՞նց ես»։ Ուզում ես հասկանալ, թե ոնց ստացվեց, որ արդեն իբր անհանգստանում են քեզ համար, ուզում են՝ ժամանակին հաց ուտես, քնես, տաք հագնվես՝ քեզ լավ նայես։ Իրենց հանկարծահաս հոգատարությունը չես հասկանում, չես հասկանում՝ ոնց վաստակեցիր իրենց ուշադրությունը։ Իսկ իրենք էլ չեն բացատրում, ասում են՝ ուղղակի վստահիր ու կտեսնես, որ ամեն ինչ լավ կլինի։

Մեկ ասում ես՝ հավատաս, մեծ դժբախտություն չի լինի, մեկ էլ տեսար՝ իրոք վստահելի մարդիկ կան դեռ, իրոք խաբելը բոլորի հիվանդությունը չէ, մեկ էլ տեսար՝ էլ մենակ չես լինի։ Սրտանց ուզում ես քեզ շրջապատող սառնության կլոր սֆերայի մեջ մի փոքր անցք բացել, որ էդ մարդիկ անցնեն ու քեզ մի քիչ մոտ գան, ասում ես՝ փորձենք, գուցե և իրոք լավ լինի։ Մեկ էլ հետ ես կանգնում մտքերիցդ, մի բան հուշում է, որ մարդկության ամբողջ փորձն ու քո կյանքի մի քսան տարվա փորձը իզուր լինել չի կարող, որ եթե քսան տարին քեզ համոզել է, որ անշահախնդիր հոգատար մարդիկ չեն լինում, ուրեմն իսկապես չեն լինում, հո ամբողջ կյանքդ չե՞ս սխալվել։

Չէ՜, չես սխալվել… Մի անգամ էլ ես համոզվում, երբ որ հիմարաբար որոշում ես, որ դու անիմաստ ես էդքան սառը ու կասկածամիտ։ Երբ որ քո բերանից պատահաբար թռչում է. «Հա՛, ես ձեզ վստահում եմ ու ձեր օգնության կարիքն ունեմ», ու ամեն ինչ նույն վայրկյանին էլ ցնդում է։ Հաջորդ ակնթարթին էդ մարդկանց արդեն էլ չես գտնում կողքիդ, էլ չեն արձագանքում կանչերիդ ու զանգերիդ, երբ իրենց կարիքը շատ ես զգում։ Հասկանում ես, տեսնում ես, որ մարդիկ զբաղված են, իրենք այլևս մենակ չեն ու քեզնով անհանգստացել են իրենց պարապ ու մենակ եղած ժամանակ։

Իսկ դու դա գիտեիր, դու գիտեի՛ր, ու մեկը լիներ՝ հարցներ. «Ինչո՞ւ որոշեցիր իմացածդ մոռանալ ու անտեսել, դու դեռ երբեք քո նկատմամբ էդքան անփույթ չէիր եղել»։ Դու դա էնքա՜ն հստակ գիտեիր, դու դա գիտեիր անկասկած, ու իրենք էլ գիտեին, որ դու գիտես։ Դու, որ միշտ ամենայն բծախնդրորեն ես վերաբերվել քեզ առնչվող բոլոր հարցերին, հիմա ի՜նչ մի թուլություն ցուցաբերելու ժամանակ գտար։

Իսկ հիմա դու էլի քայլում ես փողոցով մենակ, ինչպես որ առաջ էր, ինչպես որ եղել է միշտ…

Չէ՜, չվստահե՛լ։