marietabaghdasaryan

Վստահության մասին

Սիրո մասին խոսեցինք, համերաշխության մասին էլ, հեղափոխության մասին դեռ ամեն քայլափոխի է խոսվում։ Եկեք մի քիչ էլ խոսենք վստահության մասին։ Վստահություն, որը նոր ենք գտել։ Վստահություն, որ ունենք ամեն հինգշաբթի կառավարության նիստերի ուղիղ եթերները նայելիս, նախարարների գրառումները կարդալիս, կատարվող ամեն փոփոխության մասին լսելիս։

100 դրամով կարող ենք գնել գրիչ, չամիչով բուլկի կամ վստահել որեւէ հիմնադրամի ու հուսալ, որ 100-ներից կազմված միլիոններով հայրենանվեր որեւէ աշխատանքի ենք խթանելու։ Ես, քույրերս ու մի շարք դպրոցականներ վստահել ենք, հավատացել ու ուրախացել հեռուստացույցով լսելիս էդ մեծ թվերի մասին։ Հույս ենք ունեցել, որ մի բան կփոխվի։ Փոխվել է, բայց ոչ հայրենիքում, փոխվել է խաղատների եկամուտներում։

Անկեղծ ասած, երևի մեր վստահությանը իրավունք էլ չունեին արժանանալու։ Տեսնելով ծառայողական մեքենաները, որոնցով երթևեկում էին, ծախսերը, որոնք կատարվում էին «վստահության գնով», սկսեցին խամրեցնել գաղափարը, որով ներշնչված էինք։

Վստահության մասին ասեմ, որ սկսել եմ հետևել ամենօրյա նորություններին հենց պետական հեռուստաալիքով։ Նորությունների մեկ օրվա էջում մի կողմից յուրացումների ֆանտաստիկ թվեր են, մյուս կողմից՝ հասարակական տրանսպորտից օգտվող Լոռու փոխմարզպետն ու մետրոյից օգտվող կրթության նախարարը։

Հիմա կարելի է վստահել։ Կարելի է վստահել փոխմարզպետին, ով քայլում է Լոռու գյուղերում ու ծանոթանում խնդիրներին, կարելի է հավատալ, որ էդ խնդիրները մի օր լուծվելու են։

Վստահում ենք ու ակնկալում, որ սպասելիքները իրականանալու են: