seryoja arakelyan

Վտանգավոր մասնագիտություններից մեկը

Ինչպես բոլոր գյուղերը, այդ թվում նաև Բաղանիսը, զբաղվում է անասնապահությամբ: Հիմնականում` կովեր, ոչխարներ, հավեր և խոզեր: Խոզերը և հավերը բավականաչափ հեշտ են պահվում: Հեշտ են պահվում նրա համար, որովհետև իրենց սնունդը բավականաչափ  հեշտ է գտնվում այգիներում և իրենց կեր է հանդիսանում նաև ավելացած սնունդը: Ինչը վերաբերվում է կովերին և ոչխարներին, մեծ դժվարությունների առաջ ենք կանգնում: Մեր արոտավայրերը և անտառները ուղիղ գծով թշնամու դիրքերից գտնվում են 300 մետր հեռավորության վրա: Մի կողմից լավ է, որ արոտավայրերը և անտառները իրար մոտ են: Կրակոցներից պաշտպանվելու համար անասնապահները կենդանիներին քշում են դեպի անտառներ, որպեսզի թշնամին չկարողանա կրակ բացել անասունների կամ անասնապահի վրա: Կարելի է ասել, անասնապահությունը դարձել է կյանքի համար վտանգավոր մասնագիտություններից մեկը…

Պատմեմ մի դեպք, որը տեղի ունեցավ 2001 թվականին: Ադրբեջանցիները սկսեցին կրակ բացել գյուղի, այդ թվում նաև արոտավայրերում գտնվող անասունների և երեք անասնապահների վրա: Կրակոցներից 1 ժամ անց գյուղում լուրեր տարածվեցին, որ կրակոցից մեկ կով է սպանվել: Լուրը իմանալուց մի քանի րոպե հետո զանգեցին հայրիկիս և ասացին, որ մեր կովին սպանել են, և անհրաժեշտ է մեքենա, որպեսզի այնտեղից հեռացնեն: Տատիկս լուրը իմանալուց հետո շատ տխրեց և մոտ մեկ շաբաթ տրամադրություն չուներ, որովհետև ընտանիքի ապրուստ էր հանդիսանում այդ կովը:

Էհ, դեպք էր, եղավ-եղավ, բայց ցավալին այն էր, որ կովը չորս օրից հորթ էր ունենալու: